Առաջ Մարտունիկն էր աչք դրել Բոշի սադի վրա, հիմա էլ՝ ԲՀԿ-ն

Առաջ Մարտունիկն էր աչք դրել Բոշի սադի վրա, հիմա էլ՝ ԲՀԿ-ն

Գյումրու Ֆլամինգոյի այգին կամ, ինչպես այնտեղ են ասում, «Բոշի սադը» քաղաքի սիրելի հանգստավայրն է: 90-ականներին Մուրադյան եղբայրները, որոնք քաղաքում ճանաչված մարդիկ էին, վերականգնեցին խորհրդային  զբոսավայրը, պահպանելով հին կոլորիտը, խնամեցին տարածքները: Այգում այն ժամանակ էլ, հիմա էլ կենդանի երաժշտություն է լսվում: Մարդիկ հիշում են Էլվինա Մակարյանի համերգը Բոշի սադում:  Հենց Բոշի սադից սկսվեց Գյումրու վերածնունդը: Մուրադյաններն այգում ժամանակակից կոլորիտային սրճարան սարքեցին՝ հայտնի «Ֆլամինգոն», որտեղ գյումրեցիները հրավիրում էին հյուրերին: Մյուս կողմից, Ֆլամինգոյի այգին անընդհատ մեծահարուստ գյումրեցիների ախորժակն է գրգռել: Մի անգամ նույնիսկ, հայտնի սրճարանին տիրանալու համար, այս այգում մարդ է սպանվել` սրճարանի տեր Խաչիկ Մուրադյանը, որին բախման ժամանակ խփեցին Մարտուն Գրիգորյանի «մարդիկ»` սրճարանի համար ռազբորկայի ժամանակ: Հանգուցյալի եղբայրը՝ Հարութ Մուրադյանը, Խչոյի հուշարձանը կանգնեցրեց այգու մեջ: Այսօր էլ քաղաքապետ Սամվել Բալասանյանն է մտադրվել խլել Մուրադյանների սրճարանները՝ «Ֆլամինգոն» եւ նորը՝ «Ռոբինզոնը», որը երիտասարդների սիրելի վայրերից է: Հարութ Մուրադյանը վստահեցնում է, որ քաղաքապետը խլում է իրենից սրճարանները, իսկ այգին արդեն ուրիշ վարձակալի են խոստացել: «Ստեղ դրած է իմ եղբոր հուշարձանը, ու հանկարծ ուրիշ մարդ գա, իմ եղբոր հուշարձանը տրակտորով հրի ուրիշ տե՞ղ»,- ասում է Հարութ Մուրադյանը, որն անհասկանալի իրավիճակում է հայտնվել: 2000 թվականից նա պայմանագիր ուներ այգու վարձակալության վերաբերյալ, որի ժամկետը լրացել է մայիսին: Քաղաքապետը հրավիրել է Մուրադյանին ընդունելության, ասել է, որ այգին պետք է բարեկարգել, վերջինս էլ համաձայնել է. «Քաղաքապետն ասեց՝ այգին վատ վիճակում է, ներկի, վերանորոգի: Ասեցի` լավ, կանեմ: Նույնիսկ իրեն հարցրի, թե ինքն ի՞նչ կուզեր, որ այգում սարքվեր, ի՞նչ ուղղությամբ բարեկարգենք: Համաձայնության եկանք: Ասեց՝ դու պրոբլեմ չունես: Գնացի, ու քաղաքապետարանի չինովնիկներն սկսեցին հետեւիցս գալ, օրական մի բան ասել՝ սա էնպես չի, նա էնպես չի: Գալիս էին, կտցում, գնում էին»: «Ֆլամինգոյի» տիրոջը քաղաքապետարանի տարբեր աշխատողների  բերանով հասցրել են, որ այգին արդեն տվել են ուրիշի, առանց իրեն տեղյակ պահելու, առանց հարգելու տարածքն օգտագործողի նրա առաջնային իրավունքը: «Իրենք պրոյեկտներ են գծել, արդեն պետք է գան, ինչ-որ բաներ սարքեն այգում»,- ասում է Հարութ Մուրադյանը, որը փորձել է մի քանի անգամ ընդունելության գնալ քաղաքապետի մոտ, բայց վերջինս չի ընդունում իրեն: «Ինքը խաբար է ուղարկել իր տեղակալների հետ, թե ասեք, որ չկա պայմանագիր եւ չի էլ լինի: Ինձ թվում է` ինքն է վերցնում իմ սրճարաններն էլ, այգին էլ՝ ուրիշի անվան տակ, որովհետեւ քաղաքում դժվար մեկ այլ մարդ գտնվի այս պատմությունն իմացող, որ գա-ասի՝ Հարութ ջան, դու գնացիր, ես եկա»: Հարություն Մուրադյանի գանգատը փոխանցեցինք քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանին, որը տեղյակ էր խնդրից: «Պայմանագրի ժամկետն ավարտված է, վիճակն այգու վատ է, այսինքն` բարեկարգման աշխատանքներ չկան: Հիմա մենք փնտրում ենք նոր ներդրողների, հետաքրքրություն կա, կան մարդիկ, ովքեր համաձայն են վերցնել այգին: Գյումրիի ներկայիս վիճակը տեսնելով` շատ ներդրողներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից պատրաստ են ներդրումներ կատարել քաղաքում ու եթե պատրաստ են, եթե խոշոր գումարներ են դնելու, պետք է անեն»,- ասաց մամուլի քարտուղարը` առանց անուններ նշելու: Հարցրինք, թե արդյոք չի՞ խախտվել վարձակալի իրավունքը, չէ՞ որ նա չի հրաժարվում այգու բարեկարգումից, եւ առանց Մուրադյանին հարցնելու վերցրել-տվել են ուրիշին: Եգանյանը, սակայն, կարծում է, որ իրավական խնդիր չկա. «Ծրագրային մրցույթներ են եղել, այս ամենը բխում է քաղաքի շահերից: Եթե մինչեւ հիմա չէր բարեկարգում, հիմա կբարեկարգի՞»: Ըստ նրա, այգին դեռ ոչ մեկի չի տրվել, եւ առայժմ հարցը քննարկվում է:



 



Սյուզան  ՍԻՄՈՆՅԱՆ