20-30 տարեկանների ժամանակը

20-30 տարեկանների ժամանակը

Պարբերաբար խոհափիլիսոփայական բարդ դիտարկումներ անող ընկերուհիս այս անգամ ցնցող «հայտնագործություն» էր արել. «Մեր երկրի վատ վիճակի մեղավորը 30-45 տարեկաններն են: 45-ից բարձրերն արդեն իմաստնացել են եւ խաղաղություն, հանդուրժողականություն, մեծահոգություն են բերում իրենց ներկայությամբ: 20-30 տարեկանները շատ լավն են՝ համարձակ, ազնիվ, գրագետ, վախի զգացումից զերծ, ինչ-որ բան փոխելու ծրագրով ու պետության-հայրենիքի գիտակցությամբ: Իսկ այ, 30-45 տարեկանները մեր հասարակության բալաստն են՝ ծույլ, վախկոտ, ստրկամիտ, խաբողի ու փախցնողի հոգեբանությամբ: Գուցե պատճառն այն է, որ ծնվել են մի հասարակարգում, ապրում են մյուսում, որին այդպես էլ չեն կարողացել հարմարվել: Անցումային դժվարություններ են կրել իրենց ուսերին, պատերազմ ու երկրաշարժ»: Եվ 50-ի շեմն անցած «գյուտարարը» հաջորդ «հայտնագործությունն» է անում. «Մի 40 տարի պիտի անցնի, Մովսեսի օրինակով՝ այս սերնդին պետք է «ճանապարհենք», նոր կարելի է հուսալ, որ մեր երկրում ինչ-որ բան կփոխվի, եւ մեր հաջորդ սերունդները լավ կապրեն»: Գուցե ճշմարտության հատիկ կա այս ամենի մեջ, թեեւ կասկածում եմ, որ կարելի է մի ողջ սերնդի «սպիսատ» անել, եւ հենց այդ սերնդի մեջ է մեր վատ ապրելու, բարեկեցիկ երկիր չստեղծելու, տնտեսություն ու մշակույթ չունենալու պատճառը: Մի բանում եմ համաձայն՝ աճող սերունդը շատ ավելի լավն է, քան իրենց հայրերն ու պապերը: Եվ նրանք չեն հանդուրժելու այս կիսատ-պռատ վիճակը, կոռումպացված իշխանություններին, կեղծված ընտրությունները, անհեռանկար ապագան: Մի օր նրանք իրենց ձեռքն են առնելու այս երկրի կառավարումը եւ իրենց չարդարացրած իշխանավորներին ու ուժերին ասելու են՝ ցտեսություն, դուք չարդարացրիք մեր հույսերը, բարի եղեք ազատել աթոռները:



 



ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ