Ժամանակը՝ ժապավենի վրա

Ժամանակը՝ ժապավենի վրա

Հարցազրույց արձակագիր, թարգմանիչ,կինոգետ Սերգեյ Գալստյանի հետ






-Ձեր հեղինակած «Ժամանակը եւ փաստը» գիրքը, որ վերջերս է հրատարակվել պետական պատվերով, հայ վավերագրական կինոյի ժամանակագրությունն է՝ 1923-1970թթ., իսկ երկրորդ գիրքը, որ հրատարակման փուլում է, ընդգրկում է 1970-2010թթ.՝ ամբողջացնելով 90-ամյա ժամանակը ժապավենի վրա: Ինչպե՞ս սկիզբ դրվեց հայկական վավերագրական կինոարտադրությանը:






- Դեռ 1920 թվականին է Կարմիր բանակի հետ առաջին տեսախցիկը մտել Հայաստան, դա օպերատոր Լեմբերգի տեսախցիկն էր, Իջեւանից, նույնիսկ Սեւանի ավազանում է նկարահանում կատարվել, մինչեւ հասան Երեւանի հրապարակ, Հայաստանում դեռեւս կինո չկար: Իսկ 90 տարի առաջ՝ 1923 թ. ապրիլի 16-ին, փաստորեն, սկզբնավորվել է հայ կինոն, հայկական կինոարտադրության առաջին ֆիլմը եղել է փաստագրական, որը մեկ ժամանոց «Խորհրդային Հայաստան» ֆիլմն էր՝ թողարկված 1924թ.: Իսկ սկզբնավորումը շատ հետաքրքիր պատմություն է ունեցել. 1923թ. Ասքանազ Մռավյանի նախաձեռնությամբ փորձ է արվում կազմավորել Հայպետկինոն, եւ սկզբի համար տրամադրվում է 100 ռուբլի, իսկ երբ գրությունը հասնում է Հեղկոմի նախագահ Սարգիս Կասյանին, նա իջեցնում է 60 ռուբլու՝ ասելով, որ հանրապետությունը գտնվում է շատ սուղ պայմաններում: Փաստորեն, այդ 60 ռուբլին տրամադրվում է մեր կինոյի առաջին պիոներ Դանիել Դզնունուն, որին վստահվում է սկսել Պետկինոյի աշխատանքները: Անշուշտ, մեծ ավանդ ունեցավ նաեւ Իլյա Կրասլավսկին, որին Թբիլիսիից հրավիրում է Դանիել Դզնունին, եւ մի քանի ֆիլմեր նրա գլխավորությամբ են նկարահանվում: Իսկ 1925թ. Թբիլիսիից հրավիրվեց Համո Բեկնազարյանը, որն այդ ժամանակ «Վրացֆիլմի» տնօրենն էր, արդեն մի քանի ֆիլմերի հեղինակ, նաեւ նկարահանվել էր ռուսական ֆիլմերում՝ որպես դերասան: Այդպես սկզբնավորվեց եւ իր զարգացման առաջին փուլն ունեցավ հայ կինոն:



- Բնականաբար, այդ թվականների փաստերը հավաքելը հեշտ չի եղել, Դուք արխիվներ եք ուսումնասիրել, հայթայթել ու ի մի բերել: Ձեզ արդյո՞ք հաջողվել է մեր կինոյի ամբողջական պատկերը տալ:






- Այո, ինձ թույլ է տրվել ամբողջական ուսումնասիրել, այդ բոլոր նյութերն ուսումնասիրել եմ մեր Ազգային արխիվում, բացի այդ, մտել եմ նաեւ ՊԱԿ-ի արխիվները: Ուսումնասիրել եմ նաեւ մեր կինոյի առաջին երախտավորների կենսագրությունը, որոնցից շատերը ռեպրեսիայի տարիներին ձերբակալվեցին, աքսորվեցին ու գնդակահարվեցին, այդ հարցաքննություններին ու վկայություններին էլ եմ ծանոթացել: 



- Եթե փուլերի բաժանենք հայ վավերագրական կինոն, զարգացման քանի՞ փուլ է ունեցել: Ձեր առաջին հատորը երկու մասի է բաժանվում՝ մինչեւ Փելեշյան եւ Փելեշյանից հետո:






- Մինչեւ Փելեշյանը մենք ունեցել ենք շատ հետաքրքիր աշխատանքներ: Իսկ Փելեշյանով ես սկսել եմ արդեն մեր վավերագրական կինոյում ուրիշ կինո, ուրիշ կինո՝ ըստ Փելեշյանի. դրան դեռ կանդրադառնանք: Բայց մինչեւ Փելեշյանը, մեր վավերագրողները նախ մասնակցել են Մեծ հայրենական պատերազմին եւ հրաշալի նկարահանումներ կատարել, հասել են մինչեւ Բեռլին, նկարահանել են Թամանյան դիվիզիայի բոլորիս հայտնի հաղթական քոչարին Ռայխստագի տակ: Նկարահանողը Գեւորգ Խնկոյանն էր, իսկ ռեժիսորը՝ Գուրգեն Բալասանյանը: Ֆիլմեր են նկարահանել մարշալ Բաղրամյանի, ծովակալ Իսակովի մասին, Կերչի կռիվը, Սեւաստոպոլի գրավումը եւ էլի շատ նկարահանումներ: Մոտ 15 հայ վավերագրողներ ենք ունեցել պատերազմի դաշտում, աշխատել են հենց առաջին գծում, եւ անմիջապես կինոժուռնալներում ցուցադրվել են նրանց նկարահանումները:  



 



- Իսկ մինչեւ պատերազմը եւ պատերազմից հետո ի՞նչ վավերագրական ֆիլմեր էին նկարահանվում Հայաստանում:









- Որ ասեմ շատ հարուստ ֆիլմեր ենք ունեցել մինչեւ պատերազմը, սուտ կլինի: Թեեւ աշխատել են, ֆիլմեր են նկարահանվել, հանդես են եկել Լեւոն Իսակյանը, Գուրգեն Բալասանյանը, Վիլյամ Հայկազյանը՝ հիմնականում Հայաստանին նվիրված, կինոժուռնալներ՝ «Հայաստանն այսօր», օրինակ՝ կթվորուհու մասին, եւ ցուցադրվում էր կինոդահլիճներում՝ ֆիլմերից առաջ, հեռուստատեսության դեր էին կատարում: Իսկ պատերազմից հետո մենք ունեցել ենք մի հանճարեղ ֆիլմ՝ «Երկիր հայրենին», մի ֆիլմ, որը նկարահանվեց երեք ռեժիսորների ջանքերով՝ Բալասանյան, Իսահակյան եւ ամբողջացավ Ալեքսանդր Դովժենկոյի շնորհիվ: Ֆիլմը 1945թ. արտադրանք է, բայց հիմա էլ չթուլացող հետաքրքրությամբ դիտվում է: Իսկ հետո՝ 1960-ականներին, մինչեւ Փելեշյանը, հայ կինո մտավ Գրիգորի Մելիք-Ավագյանը, եւ հենց նա էր առաջինը, որ բերեց կինոպոեզիա իր «Մի ղողանջիր, զանգ, մի ղողանջիր», «Բարեւ, Արտյոմ» ֆիլմերով, այնուհետեւ՝ «Յոթ երգ Հայաստանի մասին» ֆիլմով:  



- Մենք դառնանք մեր վավերագրական կինոյի մեծագույն վարպետին՝ Արտավազդ Փելեշյանին, ով, բարեբախտաբար, աշխարհին է հայտնի եւ զգալի ներդրում ունի համաշխարհային կինոարվեստում:






- Փելեշյանի անունն անցյալ դարի 60-ականներից արդեն բոլոր կինոարվեստասերների շուրթերին է: Նա դեռ իր դիպլոմային աշխատանքով, «Լեռնային պարեկ» էր կոչվում, արդեն մեծ հայտ էր ուրիշ կինոյի համար, նրա ձեռագիրը հենց ուսանողական տարիներին է զգացվել: Ճիշտ է, այդ ու «Մարդիկ եւ հողը» ֆիլմերով հայտնի չդարձավ աշխարհին, բայց նրա «Սկիզբը» 10 րոպեանոց ֆիլմ է, որը նորարարություն է արդեն կինոյում, աշխարհն արդեն լիաթոք խոսում էր նրա հանճարեղության մասին, հանճարեղ գյուտի՝ տարածական մոնտաժի: Բայց միայն այդ գյուտը չէ, նրա ֆիլմերը զարմանալիորեն պոետիկ են, երաժշտական են, իսկ հանճարեղ «Տարվա եղանակները» համարում եմ նրա բարձրագույն ֆիլմը: Միջազգային կինոփառատոններում, երբ ներկա է լինում Փելեշյանը, մամուլը գրում է՝ մեզ մոտ է համաշխարհային կինոյի հանճարը:  



 



- Դառնանք երկրորդ հատորին, որն ընդգրկում է 1970-2010թթ. ժամանակահատվածը եւ հրատարակման փուլում է: Հիմնականում ի՞նչ ֆիլմեր են արտադրվել, նաեւ այդ ընթացքում մեր կյանքի ծանր հատվածն էր՝ 90-ականները, որ ֆիլմարտադրություն գրեթե չկար:






- Առաջին հատորն ավարտվում է «Ուրիշ կինո ըստ Փելեշյանի», այսինքն՝ նա պոետիկ կինոյի սկիզբը դրել էր եւ ունեցավ այդ ժանրի հետեւորդները: Անմիջապես շարունակեցին Արա Վահունին՝ մեր փայլուն դոկումենտալիստը, Ռուբեն Գեւորգյանցը՝ փայլուն ֆիլմերի հեղինակը, Սարիբեկ Փոշոտյանը եւ մի շարք այլ հեղինակներ, մի 70 անուն կարող եմ ասել, որոնք այսօր շարունակում են այդ ուրիշ կինոն: Մեր ֆիլմերը միութենական եւ միջազգային փառատոններում գլխավոր մրցանակներ էին շահում: Սկսած Փելեշյանից՝ արդեն միջազգային մասշտաբով խոսել էին տալիս մեր ֆիլմերի մասին, օրինակ, Տոնինո Գուերոն փայլուն խոսք է ասել Գեւորգյանցի մասին: Անշուշտ, իհարկե, դժվարություններ եղան այդ փլուզման տարիներին, փլուզվեց նաեւ մեր կինոն, եթե շատ ծանր անդրադարձավ մեր գեղարվեստական կինոարտադրությանը, բարեբախտաբար, վավերագրական կինոն այդ խորդուբորդ տարիները չունեցավ, որովհետեւ դա պետք էր իշխանավորներին այդ ժամանակ, մեր տարեգրությունն էր նկարահանվում: Արցախյան պատերազմին անհրաժեշտ էր եւ այլն, այսինքն՝ վավերագրական կինոն այդ խութերը չունեցավ, գրեթե սահուն կերպով կարողացավ առաջ շարժվել: Եվ վերջին 2 տասնամյակում շատ հետաքրքիր ֆիլմեր ունեցանք, չեմ կարող չանդրադառնալ Գրիգոր Հարությունյանի «Կյանքն անիվների վրա» ֆիլմին կամ Հրանտ Հակոբյանի «Մոռացված կղզիների բնակիչները» ֆիլմին, դա մի սահմռկեցուցիչ ֆիլմ է փախստականների մասին, ովքեր ապրում են գրեթե ավերակներում: Մեր այսօրվա վավերագրական կինոն մեր այս կյանքն է ցուցադրում, եւ անհնար է չանդրադառնալ եւ դրանց մասին չխոսել: Այդ երկրորդ հատորի թեման այնքան տարողունակ է, որ դժվարանում եմ ամբողջը ներկայացնել, մոտ 200 ռեժիսոր է ներկայացված, 2000-ից ավելի ֆիլմ եմ դիտել եւ զարմանում եմ, թե այդքան ցավ ու տառապանք ոնց եմ կարողացել տանել, քանի որ վերջին մեր տարիներն իսկապես ցավ ու տառապանք են, որն արձանագրված է մեր վավերագրողների կողմից:



 



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ