Հերթական «արտահերթին» սպասելիս կամ շարունակվող «գրական» օֆշոր...

Հերթական «արտահերթին» սպասելիս կամ շարունակվող «գրական»  օֆշոր...

 



2001-ից էս կողմ գրողների երկու համագումար էր եղել ընդամենը, երկուսն էլ «համառոտ» բովանդակությամբ` ՀԳՄ նախագահի (ու իր սահմանագծած էլիտայի) ընտրություն եւ վե՛րջ: Ոչ մի անդրադարձ ՀԳՄ կանոնադրության բացակայության հարցին, կազմակերպչական-կառուցվածքային, ստեղծագործական խնդիրներին:



2013թ.-ի ամռանը հրավիրվեց «արտահերթը», ղեկավարության անվանակոչությամբ` «հերթազանցը», վերջապես իրավական դաշտ մտնելու խոստումնալից ձեռնարկումով` ընդունվեց ՀԳՄ կանոնադրություն: Սակայն թռուցիկ ծանոթությունն անգամ տեքստին տարակուսանքներ է առաջացնում: Գրված է. «ՀԳՄ անդամ կարող է դառնալ ՀՀ, ինչպես նաեւ արտերկրի յուրաքանչյուր հայազգի քաղաքացի, ով ստեղծագործում է, ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը եւ ընդունում է ՀԳՄ կանոնադրությունը» (հոդ. 3.1):



ՀԿ օրենքում ասվում է (հոդ. 3.2). «Մարդու միավորումներ կազմելու իրավունքը ներառում է այլոց հետ ազատորեն միավորում ստեղծելու, նրան անդամագրվելու... իրավունքը` անկախ ազգությունից...»: Ուրեմն էլ ի՞նչ «հայազգի», մանավանդ որ ՀԳՄ-ում հենց հիմա քիչ չեն այլազգիները` ասորի, քուրդ, ռուս:



Ի՞նչ է նշանակում «ով ստեղծագործում է» ձեւակերպումը: Տնաշեններ, էսօր տեղից ելածն «ստեղծագործում է»: Էս ի՞նչ եք գրպաններդ ու... լայն բացել: Նույնիսկ էն հին, բարի ժամանակներում, մեր էն «մաթեւոսյանական» կանոնադրության մեջ (1996թ.) հատուկ շեշտվում էր. «ՀԳՄ անդամ կարող են դառնալ Հայաստանի եւ արտերկրի այն գրողները, որոնց ստեղծագործություններն ունեն ինքնուրույն գեղարվեստական արժեք եւ ստացել են հասարակական ճանաչում»: Անցած 16-րդ «հերթազանցին» ընդառաջ՝ ուրիշ տագնապներ էլ հնչեցին:



Լեւոն Մութաֆյան, թատերագետ-դրամատուրգ. «Միությունը պետք է հրաժարվի վարչություն-նախագահություն կառուցվածքային միավորներից..., պիտի խստացվեն ՀԳՄ անդամ դառնալու պայմանները, նոր նախագահը պիտի անցնի անդամների զտման` առնվազն վերջին 10 տարում գրական-գրականագիտական գործունեությամբ չզբաղված մարդկանց դուրս մղելու ՀԳՄ շարքերից...»:



Արքմենիկ Նիկողոսյան, գրաքննադատ. «...անհրաժեշտ է հստակ չափանիշներ սահմանել` համահարթեցումները բացառելու համար... պետք է վերջապես ազատվել ինչ-ինչ «հեղինակություններից», «վաստակաշատներից», որոնք ազդում են ՀԳՄ գործունեության եւ ամենատարբեր մրցանակաբաշխությունների արդյունքների վրա: Գրականություն, հետո` անուններ...»:



Դիանա Համբարձումյան, արձակագիր, թարգմանիչ. «Ուզում եմ, որ ԳՄ կազմակերպողը... տաղանդավորին անտաղանդից տարբերեր... մրցանակները կարգավորեր... ստացածներից հատուկենտ մարդիկ են, որ արժանի եմ համարում, իսկ մեծ մասը, ովքեր ստացել են, գոնե ինձ համար, գրականություն չեն ստեղծել» (մեջբերումները` «Հրապարակ» թերթից, 20.09.2013թ.):



Սեւեռվեմ եւս մեկ` արտերկրի հայ ստեղծագործողներին ՀԳՄ անդամագրելու հարցին՝ տարակուսելով, որ կանոնադրության բացակայության պարագայում անցած տարիներին, անհասկանալի հիմքերով, արդեն իսկ անդամագրվել են հարյուրավորները՝ դառնալով ՀԳՄ «լիիրավ անդամներ», մյուս կողմից էլ` ՀԳՄ էս նոր կանոնադրության մեջ մտցվել է կետ (4.4), որ «ՀԳՄ անդամագրված (՞) արտերկրի քաղաքացի սփյուռքահայ գրողների իրավունքներն ու պարտականությունները սահմանում է Վարչությունը, որի հիման վրա առանձին դեպքերի վերաբերյալ որոշումներ կայացնում է քարտուղարությունը»: Կատարյալ շիլաշփոթ: Հիմա էդ մարդիկ անդա՞մ են, թե՞... հըը՛: Առանց իրավունք-պարտականության ո՞նց են ներառվել ՀԳՄ շարքեր: Երկրորդ` Վարչությունը եւ քարտուղարությունը չէ, որ պիտի որոշեն այդ մարդկանց ընդունելության կարգը, իրավունքներն ու պարտականությունները, դա նրանց իրավասությունից դուրս է, դա համագումարի գործառույթն է: ՀԿ օրենքը սահմանում է, որ «կազմակերպության բարձրագույն մարմինը (իմա` «համագումար». Վ. Հ.) չի կարող իր բացառիկ իրավասության հարցերի վերաբերյալ որոշում ընդունելու իրավունքը փոխանցել այլ մարմնի»:



Եղած անդրադարձերն իսկ բավական են շեշտադրելու, որ լուծման կարոտ են իրավա - կառուցվածքային, ստեղծագործական բազում հարցեր, եւ այն չի կարող հանգել սոսկական «նախագահական ընտրության», ինչին սրտաճաք սպասում է ու ամենայն բանիվ նախապատրաստում գրէլիտան:



Կարեւոր է անդրադարձը նաեւ ՀԳՄ ղեկավարության տասնամյակ ի վեր իրականացրած ֆինանսա-տնտեսական գործունեությանը, որ, ցավոք, երբեւէ քննարկման առարկա չի դարձել ո՛չ վարչության, ո՛չ նախագահության ու քարտուղարության, ո՛չ էլ պետական լիազոր մարմնի (արդարադատության նախարարության) կողմից: Իհարկե, 2001-2013թթ. ժամանակահատվածը դարձնել  քննարկման առարկա, այլեւս իմաստ չունի եւ երեւի հնարավոր էլ չէ: Ինչեւէ: Փաստ է, որ ամբողջ 13 տարվա ընթացքում միայն մեկ անգամ է իրականացվել արտաքին աուդիտ, էն էլ սահմանափակ` Համահայկական գրական հիմնադրամի (նախագահ` Է. Միլիտոնյան) 2007թ. ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ` «Շահ աուդիտ» ՍՊԸ կողմից, որն ընդամենը վերցնելով Հիմնադրամի հաշվետվությունը, առանց խորանալու ներկայացրած ծախս-ծառայությունների հիմնավորված լինելու մեջ, սոսկ ֆիքսել է, թե «հաշվետվությունն առ 1.01.2008թ. դրությամբ տալիս է ճշմարիտ եւ իրական պատկերը»: Ու էդ «խորը, հանգամանալից», «ճշմարիտ» պատկերի համար էս «Շահին» տրվել է 400 հազար դրամ վճար:



Եվ ոչ մի ստուգում` արդյո՞ք հիմնավորված են եղել, արդարացի, անհրաժեշտ: Եվ այդպես՝ նաեւ հաջորդ տարիներին եւ, որպես դրա հետեւանք, դրամական մուտքերի շարունակական նվազում. եթե 2009-ին` 24.808 հազար, ապա 2010-ին` ընդամենը արդեն 12.390 հազար, 2011-ին` 12.121, 2012-ին`... 6.321 հազար: Նման տենդենց հատուկ է եղել նաեւ ՀԳՄ ընդհանուր ֆինանսական հոսքերին: Այսպես, եթե 2010-ին եղել է մուտք 31.100 հազար, ապա 2011-ին` 22.752 հազար, 2012-ին` 23.544 հազար, իսկ ծախսերը ոչ միայն չեն նվազել, այլեւ, ասենք, 2011-ին գրեթե 8 մլն պակաս մուտքի պարագայում` 500 հազար ավել ծախս: Իհարկե, սա չի հետաքրքրել նաեւ ՀԳՄ վերստուգիչ հանձնաժողովին (նախագահ` Ս. Կոսյան) եւ ոչ միայն սա: Դարասկզբին 4-4,5 մլն շահութամասնահանում անող Ծաղկաձորի ստեղծագործական տունը հաջորդ տարիներին գնալով նվազեցրել է մուծումները. 2009-ին` 21,3%-ով, 2010-ին՝ 31.3%, 2012-ին` 42%, ավելի քիչ, քան «Սպեղանի» ՍՊԸ-ն (ՀԳՄ նախկին պոլիկլինիկա): Աբսուրդների շարքից կարելի է նշել եւ հետեւյալը. 2009-ին Գրական հիմնադրամն ունեցել է 25 մլն դրամ եւ 80.000 դոլար, տարին փակել է 147.600 դրամով եւ 20.000 դոլար մնացորդով, «ճգնաժամի» տարվա իսկական «ճգնաքամում»: Հետաքրքրե՞լ է որեւէ մեկին, թե ինչու է մեկօրյա համագումարի համար (2009թ.) ծախսվել 1,5 մլն դրամ, խեղճուկրակ ՀԳՄ հասցեագրքի համար` 500.000 հազար դրամ: Աբսուրդներ, աբսուրդներ... Ժամանակին «Անելիք» բանկում ունեցած 55.000 դոլարի փոշիացում, 73-150 հազար դոլարի (տարբեր գնահատումներով) նվիրաբերման պարագայում խղճուկ մի երկու տասնյակ հազար դոլարի հասնող սարքավորումների գնում ՀԳՄ տպարանի համար. տեղյա՞կ են, ուսումնասիրե՞լ են եւ ընդհանրապես պատասխանատո՞ւ են ՀԳՄ երեկվա եւ այսօրվա ղեկավար այրերը, թե՞ ստուգման անհրաժեշտությունը ցուցանողներին պարբերաբար «բանսարկու», «զրպարտիչ» հորջորջելով՝ փակել են հարցը:



Իսկ Վերստուգիչն  ամեն տարի ընդամենը 10X15 սմ մակերեսով պստլիկ «ժիր ու սիրունիկ» եզրակացություններ է տալիս ՀԳՄ ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ, որ ամեն ինչ «պուպուշ» է: Էդ 10X15 մակերեսն ավելի կսազեր գովազդին, ավելի ճիշտ` մահազդին: Ու էդպես էլ երեւի կա: Հարցերի թնջուկը կարելի էր շարունակել գրահրատարակչական գործունեության անդրադարձով (պետպատվեր, պետաջակցություն, գրքերի որակ, հեղինակային իրավունք), գրական մամուլով (13 անուն): Իսկ հասարակական կյանքը, ազգային-մշակութային խնդիրները, արտագաղթը… էդ մասին` հաջորդ դասին, ինչպես կասեր ՀԳՄ-ի՞ն, թե՞ նախագահին «Մերս» նվիրած մի օլիգարխ: Մնում է ավելացնել, որ ՀԿ օրենքը հստակ սահմանում է (16 հոդ. 8.3), որ «Անօրինական գործունեություն ծավալելու համար կազմակերպությունը եւ նրա պաշտոնատար անձինք կրում են օրենքով նախատեսված պատասխանատվություն»: Ո՞ւր է: Տասնամյակից ավել էս ամենին վկա մասնակից ու ակտիվ նախաձեռնող ԳՄ նախագահ-քարտուղար-նախագահություն-վարչություն` ո՞ր անդամն է պատժվել: Գոնե երբեւէ քննարկվե՞լ է նշածս հարցերից որեւէ մեկը: Ոչ, ոչ: Իհարկե, ինչպես սկզբում նշեցի, ընդվզումներ եղել են: 2010-ին ստորագրահավաք եղավ, հայտարարություն, որ «Գրական ընտանիքը վերածվել է հանրային կյանքի կցորդի, պարբերական սկանդալների… լրատվամիջոցների ծիծաղատեղի… Միությունը չի վարում գրական քաղաքականություն, տեղի է ունենում աղետալի համահարթեցում, մեր գրական կյանքը ճգնաժամային վիճակում է…»:



Իսկ մեր գրական էլիտան, հրեն, անհոգ նստած թախտին` սպասում է բախտին: Ի լրումն սրա էլ, Ավիկ Իսահակյանը «մխիթարում» է , թե «ինչպիսին է երկիրը, այնպիսին է եւ գրականությունը, ինչպիսին է գրականությունը, այնպիսին է եւ նախագահությունը»: Ահա էս « առաջնորդներն» են, որ նորից լծվել են ՀԳՄ- ին նոր, «փայլուն տասնամյակ տանելու ազնվագույն առաքելությամբ »:  Խաչն ի ուս դեպի գրական Երուսաղեմ են մագլցում նաեւ այլ նորօրյա «փրկիչներ»: Ուխտն ի կատար «հավատավոր» գրչեղբայր ու գրչքույրեր ջան, ու նրանց, ովք»ր արդեն «շոմպայնի» բաժակներն են լցնում` խմելու հերթական «Դեն պոբեդիի» կենացը, որը «պրիբլիժալի կակ մագլի»…



Մի՞թե ՀԳՄ անդամներն արժանի չեն ու ի վիճակի գոնե մեկ անգամ լիարժեք, նորմալ համագումար անցկացնելու, էս իմաստով՝ իրոք «հերթազանց»...



Վլադիմիր Հայրապետյան