Թույլ տվեք չհամաձայնել

Թույլ տվեք չհամաձայնել

Երկուշաբթի ինձ զանգեցին «Ազատությունից», «Առաջին լրատվականից» եւ «168 ժամից»: Երեկ` նաեւ «Հայոց աշխարհ»-ից: Առիթը Զորի Բալայանի «բաց նամակն» էր, ուզում էին կարծիք իմանալ: Պատասխանեցի, որ «ասելիք չունեմ»: Հիմա էլ թեմային չէի անդրադառնա, եթե մի շարք լրատվամիջոցներ կարծիքներ չփոխանցեին, թե «Զորի Բալայանը ճիշտ է», կամ «մենք չէ, որ պիտի գնահատենք  ճանապարհ անցած հայորդուն»:



Ինձ թույլ եմ տալիս չհամաձայնել: Եթե ոչ մենք, ապա ո՞վ է իրավասու: Մանավանդ որ «նամակն»  անձնական չէ, շոշափում է կարեւորագույն նշանակության հարց: Ասելիքը ձեւակերպված է հստակ. «Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ռուսաստանի խնդիրն է, եւ այդ երկիրն էլ պետք է այն լուծի»: Որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ռուսաստանի խնդիրն է, ճիշտ է: Ռուսաստանի կոմունիստական (բոլշեւիկների) կուսակցության Կովկասյան բյուրոյի որոշմամբ է  Լեռնային Ղարաբաղը «մարզային լայն ինքնավարությամբ թողնվել Ադրբեջանի կազմում»: Բայց լինել խնդրի տեր, չի նշանակում լինել նաեւ Լեռնային Ղարաբաղի եւ նրա ապագայի տեր:



Զորի Բալայանը փաստացի առաջարկում է վերադառնալ 200-ամյա վաղեմության իրողություններին, երբ Գյուլիստանի պայմանագրով Ղարաբաղը Պարսկաստանի տիրապետությունից անցել է Ռուսաստանին: Բավական էր, որ Ադրբեջանում բարձրաձայնեին «բաժանված հայրենիքի վերամիավորման» մասին, որպեսզի Թեհրանից  զգաստացնեին, թե այդ դեպքում «դենոնսացիայի կենթարկվի Գյուլիստանի եւ Թուրքմենչայի պայմանագիրը»: Այնպես որ, Իրանն ինչո՞ւ չպիտի ցանկանա «նույնպես Ղարաբաղի տերը դառնալ»:



Բայց հարցերի հարցն է` Լեռնային Ղարաբաղն  ուզո՞ւմ է ներկա կարգավիճակը փոխարինել  Գյուլիստանի պայմանագրի կամ դրան նախորդած  «ստատուս-քվո»-ով: Արցախի ժողովուրդը, ում Զորի Բալայանը խորհրդային հիշողությամբ (արդյո՞ք) «բնակչություն» է ասում, 1991-ին հանրաքվեով հռչակել է անկախություն, 2006-ին ընդունել Սահմանադրություն, որի 1-ին հոդվածով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ինքնիշխան ժողովրդավարական, սոցիալական պետություն է:



Մենք իրավունք չունե՞նք  հարցեր ուղղելու Զորի Բալայանին: Այստեղ «ճանապարհ անցած հայորդու»   հանդեպ անհարգալի վերաբերմունքի խնդիր չկա: Արցախում Զորի Բալայանն արժանացել է ամենամեծ գնահատանքի` Հերոսի կոչման: Դա նաեւ չափազանց պարտավորեցնող է: Լինել մի, թեկուզ չճանաչված, երկրի  Հերոս եւ հրապարակավ առաջարկել նրա անկախությունը որեւէ երրորդ կողմի հովանավորությամբ փոխարինելու` բոլոր առումներով չափազանց մշուշոտ եւ, մանավանդ, ոչ արժանապատիվ հեռանկար` ահա «նամակի» պարադոքսը:



 



ՀԳ - «Նամակ»-ում Զորի Բալայանն առատ հղումներ է անում պատմությանը: Չարժե՞ նկատել, որ Գյուլիստանի պայմանագրից հետո դեռ 10 տարի Ռուսաստանը ճանաչում էր Ղարաբաղի խանությունը,  իսկ երբ լուծարեց, Արցախը կցեց նախ Կասպյան մարզին, ապա` Ելիզավետպոլի նահանգին, կատարեց  վարչական այնպիսի բաժանումներ, որ գավառներում հայ բնակչությունը քիչ թե շատ մեծամասնություն էր կազմում միայն Շուշիում:



Նաեւ` Գյուլիստանի պայմանագրով Արցախի ազատագրական շարժումը ոչ թե սկսվել, այլ «սառեցվել է»: Պայքարը 1720-ականների ապստամբությունն էր, Օսմանյան Թուրքիայի դեմ պատերազմը, դաշինքը Պարսկաստանի հետ, որի արդյունքը Նադիր շահի հրովարտակն էր Ղարաբաղը Գյանջայի բեգլարբեկության ենթակայությունից դուրս բերելու եւ Խամսայի իշխանապետություն ստեղծելու, հայ տոհմական մելիքներին ինքնուրույնություն շնորհելու մասին: 



Րաֆֆու «Խամսայի մելիքությունների» վերջաբանը տալիս է Գյուլիստանի պայմանագրից հետո Ղարաբաղի հայ ազնվականության նվաստացման ցայտուն պատկերը:  Ինչո՞ւ չտեսնելու տալ… Հանուն ինչի՞...



 



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ