Քաղաքական դաշտի ստերիլիզացիան

Քաղաքական դաշտի ստերիլիզացիան

Ցանկացած երկրում կազմակերպեք զանգվածային արտագաղթ, մեկ անգամ կեղծեք ընտրությունները, բոլոր տնտեսական լծակները տվեք իշխանությանը, մերժեք ընդդիմության բոլոր առաջարկներն ու նախաձեռնությունները, ընդդիմությանը զրկեք ֆինանսական տարրական աղբյուրներից եւ կստանաք իշխանության համար խիստ բարենպաստ ստերիլ միջավայր:



 



ՀՀ իշխանություններին դա հաջողվել է: Աշխարհի բոլոր իշխանություններին զսպող ընդդիմադիր դաշտ ասվածը Հայաստանում վերացված է, իսկ ժողովուրդը՝ օր առաջ արտագաղթած: Դա զգացվեց դեռ նախագահական ընտրություններից առաջ, երբ թեկնածու չէինք ճարում, որ Սերժ Սարգսյանը մենակ չմնա: Շատ դեսուդեն ընկանք, բայց վերջում էլի Սերժ Սարգսյանը կարողացավ ձեւավորել մրցակից-թեկնածուների մի թիմ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ:



 



 



Ի դեպ, ոմանց վատ հիշողությունը կարող ենք թարմացնել, եթե կա դրա անհրաժեշտությունը: Փորձեք հիշել, թե ինչպես էր Սերժ Սարգսյանը գովում իր հավաքածուն՝ Հրանտ Բագրատյանին, Պարույր Հայրիկյանին եւ հատկապես Րաֆֆի Հովհաննիսյանին՝ որպես մրցակցային թեկնածուներ: Առանցքային ուժերը հրաժարվեցին թեկնածու առաջադրել եւ մասնակցել այս խաղին, որովհետեւ հնարավոր չէր լինելու պայքարել ստերիլ վիճակ ապահոված ՀՀԿ-ի թեկնածուի դեմ, իսկ ծախսելու ավելորդ փող չունեին:



 



Անձամբ մեզ համար այս ընտրություններից չպարզաբանված մնաց միայն այն հարցը, թե ինչու էպոսագետ Վարդան Սեդրակյանը «մահափորձ» արեց Պարույր Հայրիկյանի եւ ոչ թե Արման Մելիքյանի, Արամ Հարությունյանի, Հրանտ Բագրատյանի կամ Անդրիաս Ղուկասյանի դեմ: Րաֆֆի Հովհաննիսյանին չնշեցինք, որովհետեւ հենց նա պետք է «ապրեր» մինչեւ ընտրությունների հաջորդ օրը: Դե ո՞վ կհավատար թվանկարչությանը, եթե Րաֆֆու փոխարեն լիներ, օրինակ, Պարույր Հայրիկյանը, ով մինչ առաջադրվելն էր արդեն նկատվում որպես քաղաքական բրածո:



 



Թվարկվածների մեջ միակ վստահելի կենդանի շունչը, թերեւս, Րաֆֆին էր, որին կարելի էր 500 հազար ձայն վերագրել ու հետո, նույն հաջողությամբ, մի քանի օրում, ցուցադրաբար, ձեռքից առնել այդ ձայները, իսկ ավելի ճիշտ՝ ձայների իմիտացիան: Նման բաներ հնարավոր է միայն ստերիլ միջավայրում, երբ չկա ժողովուրդ, եւ չկան անիմաստ էնտուզիազմով տառապող քաղաքական ուժեր:



Բոլոր ընտրություններին, իսկ ՀՀ նախագահի ընտրությունները բացառություն չեն, հետեւում են հետընտրական իրադարձություններ: Ստերիլ քաղաքական դաշտի առկայության դեպքում նույնիսկ հետընտրական իրադարձություններ չեն լինում, իսկ եթե լինում էլ են, ապա ավարտվում են խայտառակ վերջաբանով եւ կտրուկ, ինչպես նվագախումբն է լռում դիրիժորի փայտիկի կտրուկ շարժումից, որ շատ պերճախոս հրահանգում է. ինչքան աղմկեցիք՝ հերիք է: Էքստազի մեջ ընկած եւ սխալմամբ երդված Րաֆֆուն, եթե հիշում եք, տուն ճանապարհեցին հոգեպարար աղոթքով եւ շատ արագ: Այդ օրվանից (2013թ. ապրիլի 9) հետո հրապարակում տիրում է քաղաքական վակուում: Սա ստերիլ քաղաքական դաշտի ծայրահեղացված վիճակն է, որից նույնիսկ իշխանությունն է սկսում դիսկոմֆորտ զգալ: Բնական հարց է առաջանում` իրենք այդ ինչի՞ կամ ո՞ւմ իշխանությունն են, եթե չորս կողմը լռություն է, քաղաքական վակուում:



 



Սկսեցին իրենք իրենց քննադատել, բայց դրանից էլ բան դուրս չեկավ: Վակուումը լցվում էր միայն քաղաքական դեմագոգիայով, իսկ երկիրն աստիճանաբար նմանվում էր գժանոցի, որի պացիենտների հիմնական զբաղմունքը միմյանց զանազան մեղքերի մեջ մեղադրելն է: Բյուջե ուտելը, օրինակ, մեղք չէ՞: Բանը հասավ այնտեղ, որ առանձին կարկառուն ՀՀԿ-ականներ սկսեցին մուննաթ գալ ընդդիմության վրա, թե ձեր գործն էլ ենք մենք անում:



 



Եվ նրանք ինչ-որ առումով ճիշտ էին: Այս աննորմալ վիճակը կարելի էր, թերեւս, փոքր-ինչ փոխել Երեւանի ավագանու ընտրություններով: Պարզապես կարելի էր զոռ չտալ փողին եւ ակնկալել, որ կձեւավորվեր աշխատունակ ավագանի, որը թարմություն ու նոր շունչ կհաղորդի քաղաքական կյանքին: Բայց ստերիլ քաղաքական դաշտին սովորած իշխանությունը նույնիսկ այդքանն իրեն թույլ չտվեց: Ինչի՞ց վախեցան՝ Երեւանում կամայականություններ անելու հնարավորությունից զրկվելո՞ւց, թե՞ այն բանից, որ ավագանու ընտրություններում հաջողության հասած ուժերը կոգեւորվեին ու դարձյալ գլխացավանք կդառնային:



 



Եվ տեղի ունեցավ հերթական ընտրակոմեդիան, որի արդյունքում քաղաքապետարանի նախկին կազմը համալրվեց «Ժառանգության» մի քանի առանձնյակներով, ինչը, ով գիտի, Ծիծեռնակաբերդում Վլադիմիր Գասպարյանի հետ աղոթելու եւ տուն գնալու «խելացի» որոշման համեստ վարձատրությունն էր: Այս ամենի արդյունքում ՀՀ քաղաքական դաշտը շատ հետաքրքիր կառուցվածք ունի այսօր:



 Մի կողմում քաղաքական մեծամասնությունն է (ՀՀԿ եւ ՀՀԿ-ամերձ շրջանակներ), մյուս կողմում՝ զանազան հատվածական շարժումներ, որոնք ոչ մի աղերս չունեն քաղաքական փոքրամասնության եւ, առհասարակ, քաղաքականության հետ: Եթե սկզբում լինում էին դեպքեր, որ առանձին ընդդիմադիր կուսակցություններ ու նրանց ներկայացուցիչներ փորձում էին որեւէ կերպ ուղղորդել այս կամ այն շարժումը, հիմա դրանից էլ են հրաժարվել: Մտավախություն կա, որ նույնիսկ այնպիսի մի շարժում, ինչպիսին քաղաքապետարանի երկու հավաքարարի գործից հանելն է, կարող է կլանել ամբողջ կուսակցություններ:



 



Սա հենց այնպես չենք ասում: Կուսակցություն կա, որ արդեն կորել է Փակ շուկայի համար պայքարող կարմիր եւ նարնջագույն կեպիավորների շարժման հորձանուտում: Ընթացող (անհայտ ծագմամբ) շարժումների մեծ մասը տեխնոլոգիաների արդյունք է, իսկ դրանք Հայաստանում աշխատում են միայն իշխանության օգտին՝ ապահովելով գերստերիլ քաղաքական դաշտ: Առանց այն էլ թույլ ընդդիմությունը, ինչ էլ անի այս իրավիճակում, չի կարող ուղղորդել այդ շարժումները, որոնց գլուխ կարգված «առաջնորդները» բոլոր առումներով, անգամ ֆինանսական, շատ ավելի հրապուրիչ են ամբոխի համար, քան քաղաքական կազմակերպություններն ու դրանց սկզբունքները:



 



Սրան գումարեք նաեւ սոցիալական ցանցերը, որտեղ հստակ հակակուսակցական քարոզչություն է իրականացվում, եւ պարզ կդառնա, թե այդ շարժումներն ինչ դեր են կատարում իրականում եւ որքան ձեռնտու են իշխանությանը: Մի շատ հայտնի ՀՀԿ-ական միակ այսպիսի միտք հայտնեց. «Ճիշտ է, դրանք դեռեւս անկազմակերպ, հաճախ հախուռն դրսեւորումներ են, բայց ես ուրախ եմ, որ կան, որովհետեւ հենց այդ շարժումներից են ձեւավորվելու մեր ապագա քաղաքական դաշտի միավորները»:



 



ՀՀԿ-ականը, հավանաբար, նկատի ուներ, որ այդ շարժումներն ի վերջո կվերակերպվեն կուսակցությունների, քաղաքական մեծամասնություն ու փոքրամասնություն կձեւավորեն... Բայց դա ե՞րբ տեղի կունենա: Եվ տեղի կունենա՞, արդյոք, երբ հարգելի ՀՀԿ-ականին ուրախացնող այդ շարժումները ծնվում եւ մեռնում են, ես կասեի՝ խիստ կասկածելի արագությամբ:



 



Նման բաներից ուրախանալը եւս, մեր կարծիքով, գալիս է ՀՀ իշխանությունների կողմից ստերիլ քաղաքական դաշտին առավելություն տալուց: Իսկ եթե մի քիչ էլ շատ ուրախանան եւ պատահաբար ձեռքներից բաց թողնեն սանձը, չի բացառվում, որ որոշ շարժումներ դուրս գան վերահսկողությունից եւ անսպասելիորեն այնպես հարվածեն ստերիլ խոնջանքի մեջ հայտնված իշխանություններին, որ իրենց հոր հարսանիքը միտները գա: Նման դեպքեր եղել են եւ էլի կլինեն:



 



Սերժ Սարգսյանը, օգտվելով ստեղծված իրավիճակից, շարունակում է միանձնյա առաջնորդել երկիրը: Դեպի ո՞ւր` գիտի միայն ինքը, ինչո՞ւ` գիտի միայն ինքը, պատճառնե՞րը` գիտի միայն ինքը… Իսկ հետեւանքնե՞րը… Այ, հետեւանքներն արդեն, եթե հատկապես դրանք դառը լինեն, ճաշակելու ենք բոլորով: Սա նույնպես աննորմալ վիճակ է: Երկրի ճակատագրի համար պատասխանատու են բոլոր քաղաքական ուժերը եւ ոչ թե առանձին վերցրած մեկ մարդ, ով հաջողացրել է քաղաքական դաշտը վերածել չգիտես ինչի:



 



ԽՍՀՄ-ի ժամանակ գոնե պոլիտբյուրո կար: Այսօր Հայաստանի քաղաքական թատերաբեմում կա միայն ՀՀԿ, որի առաջին մեծության դեմքերը նույնիսկ Սերժ Սարգսյանի հերթական քայլի մասին տեղեկանում են, լավագույն դեպքում, լրատվամիջոցներից: Եթե այսքանից հետո էլ Հայաստանում կգտնվի մեկը, որ կասի` վերջը լավ կլինի, շատ քչերը կհավատան նրան: Նույնիսկ դասական թագավորությունները 21-րդ դարում տեղ չունեն, էլ ուր մնաց «զակատած» եւ ստերիլիզացված դեմոկրատիաները տեղ ունենան:



 



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ