Մանկապատանեկան ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը մեկնարկում է

Մանկապատանեկան ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը մեկնարկում է

ՀՀ Նախագահի, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը՝ ս. թ. նոյեմբերի 1-5-ը Երևանում և ՀՀ մարզերում՝ 30 օր կանցկացնի Մանկապատանեկան ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը: Փառատոնի ծրագրում ընդգրկված է 113 ֆիլմ՝ 34 երկրներից:



 



Մանկապատանեկան ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնի ժյուրիի ձևաչափը ենթարկվել է փոփոխության. այս տարի ժյուրիի կազմում հանդես կգան և փառատոնի անմիջական մասնակից կդառնան Լոռու մարզի Ալավերդի, Շնող, Թեղուտ և Շահումյան համայնքների երեխաները, Գյումրիի «Թռչունյան տուն» մանկատան, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության սաները, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի երեխաները, Սիամանթոյի անվան համար 162 դպրոցի և «Երևակ» կրթահամալիրի աշակերտները:



Ընդլայնվել է մրցութային անվանակարգերի շարքը՝ համալրվելով Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի կողմից ստեղծված «Պատիվ ունեմ» հայրենասիրական, «Սպորտն իմ ընտրությունն է» սպորտային և «Երաժշտական» ֆիլմերի անվանակարգերով:



 



Փառատոնի շրջանակներում կիրականացվեն հետևյալ ծրագրերը` «9-րդ փառատոնը` հարթակ երիտասարդների միջև մշակութային երկխոսության համար», որն իր մեջ ներառում է միջազգային կոնֆերանս «Կինոն` հանդուրժողականության լեզու» թեմայով և «Խաղաղ ապրելն ավելի լավ է» խորագրով սեմինար-մրցույթ:



«Հարավաֆրիկյան Հանրապետության օր», «Երկրի օր» ծրագրի շրջանակներում կկազմակերպվի «Խաղաղություն» խորագրով ցուցահանդես, որտեղ կներկայացվեն Գեղագիտության ազգային կենտրոնի կերպարվեստի ստուդիա-քոլեջի սաների և ԼՂՀ-ի ստեղծագործող երեխաների լավագույն աշխատանքները, ինչպես նաև՝ ռեժիսոր Թիմ Փրիչարդի «Անտուն երեխաները միավորվում են» ֆիլմի ցուցադրությունը:



«Ես իրավունքներ ունեմ» նախագծի շրջանակներում կիրականացվի «Մենք բոլորս տարբեր ենք, մենք բոլորս հավասար» ծրագիրը, որը մեկ անգամ ևս կբարձրաձայնի սահմանափակ կարողություններով երեխաների իրավունքների մասին:



 



Մանկապատանեկան ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնի շրջանակներում նախատեսվում են փառատոնի բացման և փակման արարողություններ, մամուլի ասուլիսներ, կինոդիտումներ, պրեմիերաներ, ստեղծագործական հանդիպումներ, վարպետության դասեր, սեմինարներ, հանդիպումներ բուհերում, հանրակրթական ու արվեստի դպրոցներում, կլոր սեղաններ, ցուցահանդեսներ, ինչպես նաև մի շարք մշակութային, կրթական ու սոցիալական ծրագրեր: