Հայրապետյան-Ծառուկյան պայքարը նոր փուլ է մտնում

Հայրապետյան-Ծառուկյան պայքարը նոր փուլ է մտնում

Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնն ի՞նչ է իրենից ներկայացնում, որ ընտրությունն անարդար լինի: Վոլեյբոլի ֆեդերացիան սովորական ՀԿ է, ինչպես Օլիմպիական կոմիտեն կամ Ֆուտբոլի ֆեդերացիան: Որեւէ ՀԿ-ի ղեկավար իրավունք չունի ասելու, թե ինչպես պետք է այլ ՀԿ ընտրություն կատարի: Արթուր Բաղդասարյանը կարող է բարձրացնել Վոլեյբոլի ֆեդերացիայի հեղինակությունը։ Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ահա այսպիսի հայտարարություններ արեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ ընդգծելով, որ մարզական բոլոր կառույցները պետք է ստորադասվեն սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը։



 



«Հայկական սպորտի ղեկավարը սպորտի նախարարն է: Ամեն օր ուրիշ բան են հայտարարում սեփական հեռուստաընկերությամբ. սպորտի ղեկավարը, սպորտի թագավորը… իսկ ոչ ոք չի ասում, թե ինչու են նման բան ասում: Երկու հատ ծաղիկ տանելով՝ սպորտի ղեկավար չեն դառնում»,- հայտարարեց Ռուբեն Հայրապետյանը` նկատի ունենալով օդանավակայանում մարզիկներին ծաղիկներով դիմավորելու ՀԱՕԿ նախագահ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սովորույթը: Ի դեպ, երեկ Ռուբեն Հայրապետյանն առիթը բաց չէր թողնում Գագիկ Ծառուկյանին ու նրա ղեկավարած կուսակցությանն անուղղակիորեն «կծելու» համար: Այնպիսի տպավորություն էր, որ նրան հրահանգված է Արթուր Բաղդասարյանի ու Յուրի Վարդանյանի «թասիբին» կանգնել:



 



Ռուբեն Հայրապետյանը խոսեց նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու ձերբակալության մասին: Նա կենդանի լեգենդ անվանեց Յուրի Վարդանյանին եւ լրագրողներին խորհուրդ տվեց չկենտրոնանալ մարդկանց ընտանեկան խնդիրների վրա:



 



«Որքան տեղյակ եմ՝ Յուրի Վարդանյանն այնքան է հոգնել, որ նույնիսկ փաստաբան չի վարձել: Դա անձնական դժբախտություն է: Հայ տղամարդու համար դա առանձնակի ցավոտ խնդիր է: Մարդու բախտն այդ հարցում կամ բերում է, կամ չի բերում. որդին կամ լավն է լինում, կամ... Նա արդեն չափահաս մարդ է` 29 տարեկան, եւ ինքն է պատասխանատու իր արարքների համար, հայրը չի կարող պատասխանատու լինել: Յուրի Վարդանյանը կենդանի լեգենդ է, սպորտի մարդ, փայլուն տիրապետում է իր գործին: Եկեք բոլորով աջակցենք նրան, եւ կտեսնեք, որ նա կհանի մեր սպորտն այս ճահճից»:



Գագիկ Ծառուկյանի պատասխանին ստիպված չեղանք երկար սպասել։ Հայրապետյանի ասուլիսից ժամեր անց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար, այժմ ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը ֆեյսբուքյան իր էջում «ամոթալի» որակեց հայկական ֆուտբոլի վիճակը եւ բազմաթիվ մեղադրանքներ հասցեագրեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին. «Ամիսներ առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրաժարական տալու մտադրություն հայտնեց: Կարծում եմ, որ ճիշտ որոշում էր, քանի որ այն, ինչ վերջին տարիներին կատարվում է հայկական ֆուտբոլում, ավելի քան մտահոգիչ է:



 



Եթե մի կողմ դնենք ազգային հավաքականի հարաբերական հաջողությունը, ապա մյուս բոլոր ոլորտներում հայկական ֆուտբոլը տապալվում է: Իսկ ազգային հավաքականի որոշակի հաջողությունները ոչ թե հայկական ֆուտբոլի, այլ ֆրանսիական, ամերիկյան, ռուսական եւ հոլանդական ֆուտբոլի դպրոցների հաջողություններն են: Չմոռանանք, թե որտեղ են ֆուտբոլիստներ դարձել Օզբիլիսը, Մովսիսյանը, Սարկիսովը, Մխիթարյանը… Մանկապատանեկան ֆուտբոլի վիճակը շատ լավ ցույց է տալիս, թե իրականում ինչպես է աշխատում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Երեւանի մեկ-երկու ֆուտբոլային դպրոցները հանած՝ մարզերում ֆուտբոլը պարզապես մեռած է: Իսկ պատանեկան, երիտասարդական հավաքականների, մեղմ ասած, անմխիթար վիճակը ոչ մի լավատեսական հույս չի ներշնչում: Եվ այս խնդիրներով մտահոգվելու եւ սեփական աչքի գերանը նկատելու փոխարեն ՀՖՖ նախագահը լծվել է այլոց քայլերին գնահատականներ տալուն:



 



Ինչ վերաբերում է Ավանի ֆուտբոլի ակադեմիային, ապա բոլորն էլ գիտեն, թե ում փողերով եւ ջանքերով է այն իրականություն դարձել: Մեր ֆուտբոլում այնպիսի վիճակ է, որ մրցավարները միջազգային խաղ սպասարկելուց հանցագործություն են անում եւ հայտնվում բանտում:



 



Սա է հայկական ֆուտբոլի իրական դեմքը: Մենք միջազգային ասպարեզում պարզապես խայտառակ ենք լինում: Մենք խայտառակ եղանք, երբ նույնիսկ արտասահմանյան լրատվամիջոցները գրեցին, որ ՀՖՖ նախագահը ծեծել է հավաքականի բժշկին: Կամ՝ ինչի՞ նման է, երբ բոլորի աչքի առաջ ՀՖՖ նախագահը բռնում է մարզական լրագրողի կոկորդից կամ ռազբորկայի հրավիրում ակումբներից մեկի ղեկավարներին:



 



Ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքի մասին է վկայում նաեւ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստան-Չեխիա հանդիպումից առաջ, երբ հազարավոր ֆուտբոլասերներ, տոմսերը ձեռքներին, մնացին մարզադաշտի պատերի տակ: Մինչ այսօր էլ չբացահայտվեց, թե ով կամ ովքեր էին մի տեղի համար երկու տոմս վաճառել:



 



Ֆուտբոլի ֆեդերացիան մատը մատին չի խփել նաեւ ակումբային ֆուտբոլի կայացման հարցում: Այսօր հենց Ռուբեն Հայրապետյանն է խոստովանում, որ բացի մի քանի ակումբներից, մյուսները ֆինանսական խնդիրներ ունեն: Իսկ եթե օրինակներով խոսելու լինեմ, ապա պետք է փաստեմ, որ, օրինակ, «Փյունիկ»-ը եվրոպական ֆուտբոլային ակումբների աղյուսակի 5-րդ հարյուրյակի սանդղակում է գտնվում:



 



Իսկ երբ ՀՖՖ նախագահը հայտարարում է, որ մենք անելիք չունենք կանանց ֆուտբոլում, սա արդեն ավելի քան մտահոգիչ է: Նույնն է, թե Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը հայտարարի, թե մենք կանանց ծանրամարտում անելիք չունենք, քանի որ դա հարիր չէ հայ կնոջը: Իրոք որ իրավիճակը ֆուտբոլում մտահոգիչ է: Մտահոգում է նաեւ, որ մարզական ֆեդերացիաներից մեկի նախագահին չի մտահոգում Վոլեյբոլի ֆեդերացիայում տեղի ունեցած խայտառակությունը: Ավելին՝ անգամ Ռուբեն Հայրապետյանը փորձ է անում կանգնել անօրինականության հեղինակների կողքին:



 



Այս ամենից հետո արդյոք Ռուբեն Հայրապետյանն այն մա՞րդն է, ով պետք է գնահատականներ տա ՀԱՕԿ-ի եւ նրա նախագահի կատարած աշխատանքի վերաբերյալ: Կարծում եմ՝ ոչ: Այս դեպքում վստահ կարող եմ ասել, որ եթե ուրիշներին քննադատելու, ուրիշների կատարած ահռելի աշխատանքի նշանակությունը նսեմացնելուն ուղղված ջանքերն օգտագործվեին ի նպաստ հայկական ֆուտբոլի զարգացմանը, ապա միգուցե մեր հավաքականի վիճակն այսպիսին չէր լինի: Իսկ եթե անգամ այսքանից հետո որոշ մարդիկ դեռ անհանգստության խրոնիկ դրսեւորումներ ունենան, ապա խորհուրդ եմ տալիս պարզապես սառը ջուր խմել, ասում են՝ օգնում է»:



 



 



Վարդան ՄԻՆԱՍՅԱՆ