Գուցե հանգի՞ստ թողնեք Սարգսյանների ընտանիքին

Գուցե հանգի՞ստ թողնեք Սարգսյանների ընտանիքին

2000թ. մինչ այսօր երբեք չէր պատահել, որ Հոկտեմբերի 27-ի տարելիցին հոդված գրեմ: Ինձ համար դա ցավալի տարելից է, ոչ միայն իբրեւ Հայաստանի պատմության մեջ գրված ողբերգության, այլեւ մարդկայնորեն: Հոկտեմբերի 27-ի զոհերից գոնե երկուսին ես պատիվ եւ բարեբախտություն եմ ունեցել անձամբ ճանաչելու` Կարեն Սերոբիչին եւ Վազգեն Սարգսյանին: Կարեն Սերոբիչի մասին շատ եմ գրել, սովորաբար իր ծննդյան տարեդարձներին` ապրիլի 17-ին, ոչ միայն որովհետեւ Կարեն Սերոբիչին իսկապես շատ եմ սիրում, հարգում, արժեւորում եւ մեծարում, այլեւ որովհետեւ այն լրագրողն էի, ում հետ Կարեն Սերոբիչն այնքան էր զրուցել, պատմել, որ կատակում էր. «Վերջը դառնալու ես экспертом по Демирчяну»:



 



Վազգեն Սարգսյանի մասին գրել եմ միայն իր կենդանության օրոք, այդ թվում 1996-ի նախագահական ընտրություններից հետո առաջին հարցազրույցը, երբ իր «Ընդդիմությունը հարյուր տոկոս ձայն էլ հավաքի, չեմ ճանաչի» հայտարարությունից հետո այլեւս ոչ միայն մամուլի համար, այլեւ ընդհանրապես հրապարակային չէր խոսում: Այդ ճեպազրույցում պատասխանեց ամենաուղիղ ու սուր հարցերին. «Ի՞նչ էիք նկատի ունեցել Ձեր «100% ձայն էլ հավաքեն, չեմ ճանաչի» հայտարարությամբ», «Ինչո՞ւ հրաժարական չեք տալիս», «Չե՞ք տեսնում մեկին, ով կարող է Ձեզ փոխարինել բանակաշինության գործում» եւ այլն:  Խոսակցությունը չէր ձայնագրվում, եւ վերջում հարցրի` կուզե՞ք մինչեւ տպագրվելը տեսնել: Ասաց` չէ, գրիր, վստահում եմ: Հետո երկար շուրջբոլորս խոսում էին, թե ինչպես եմ համարձակվել Վազգեն Սարգսյանից նման հարցազրույց վերցնել: Այդ ծանոթությունից եւ ճեպազրույցից հետո իր հետ հարաբերություններն իհարկե բարեկամական էին: Սակայն թե այն ժամանակ, թե հիմա ես տեսնում եմ ոչ միայն դերը եւ ծառայությունները, որ Սարգսյանն ունի Հայաստանի առջեւ, այլեւ իր ստեղծած խնդիրներն ու սխալները, որ նույնպես անդրադարձան Հայաստանի ընթացքի վրա:



 



Հետեւաբար, քանի որ ինքս ոչ այն մարդկանց թվին եմ պատկանում, ովքեր Վազգեն Սարգսյանին չեն ճանաչել եւ գեղարվեստական հերոս են պատկերացնում, ոչ էլ իր մտերիմների թվից եմ, ովքեր անգամ իր սխալների շարժառիթները գիտեն, Սարգսյանի մասին երբեք չեմ գրել: Միայն մեկ անգամ անհնար եղավ լռել եւ մամուլում չարտահայտվել` տարեթիվը չեմ հիշում, 2000-ականների սկզբին էր, Գլխավոր դատախազությունում ինչ-որ գործի շրջանակներում հետմահու քրեական գործ էին հարուցել Վազգեն Սարգսյանի դեմ, որ բարձրացած հանրային աղմուկից հետո կարճեցին:



 



Այժմ, այսքան տարիների մեջ երկրորդ անգամ, անհնար դարձավ լռել, այս անգամ խնդիրը Սարգսյանների ընտանիքի դեմ հարձակումներն են: Զզվեցնող խոսակցությունները եւ հոլովումները` բաց տեքստով թե ակնարկով, իբր Սարգսյանների ընտանիքն իշխանությունների հետ գործարքի մեջ է եւ այլն, այնքան են հնչել ու մարել, որ արժանի չեն անդրադառնալու: Սակայն գոնե ինձ համար նորություն էր ստախոսության ու բարոյազրկության այն մակարդակը, որով հասել են բարձրաձայն դատողություններ անելու, թե Արամ Սարգսյանը վարչապետի աթոռը վերցրել է փառասիրությունից ելնելով, վերադաս իշխանության հետ իր պաշտոնավարության շրջանում չի հակադրվել, պաշտոնից հեռացվելուց հետո է դարձել ընդդիմադիր, հիմա էլ չգիտես որ ճամբարում է:



 



Արամ Սարգսյանին, իբրեւ քաղաքական գործիչ, կարելի է ընդունել կամ մերժել (ինքս, վստահաբար, առաջինների թվում չեմ), բայց այն պատասխանատվությունը եւ դերակատարությունը, որ այդ մարդը վերցրել է իր ուսերին 1999-2000թթ., թելադրում է ոչ միայն իրեն հարգել, այլեւ խոնարհվել: Հայաստանը հավիտյանս հավիտենից Արամ Սարգսյանին է պարտական 1999-ի հոկտեմբերին քաղաքացիական բախումների թատերաբեմի չվերածվելու համար: Ամենքը գիտեն, որ խորհրդարանի ահաբեկչությունից հետո զինվորականները հավաք էին գումարել պաշտպանության նախարարությունում, վստահ էին, որ ահաբեկչության կասկածները տանում են դեպի Ռոբերտ Քոչարյան, եւ շատերը պատրաստ են եղել զինված գնալու նրա դեմ: Իսկ դա ի՞նչ էր նշանակելու, եթե ոչ քաղաքացիական բախումներ ու պատերազմ… թե՞ որեւէ մեկը կասկածում է, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից էլ զինված խմբավորումներ կգտնվեին: Հոկտեմբերի 27-ի նպատակն ի վերջո լոկ անձանց վերացնելը չէր, ովքեր էլ լինեին այդ անձինք, այլ մեծ հաշվով երկրում իրադրությունը ռադիկալ ապակայունացնելը, որպեսզի վենդետայով սկսվեին քաղաքացիական բախումներ, որ ինքնահոսով կտարածվեին երկրում` բոլոր հետեւանքներով:



 



Եվ այդ ուղղությամբ էլ դեպքերը զարգանում էին, եթե դրանց առջեւ չկանգներ Արամ Սարգսյանը: Այդ մարդը կարողացավ Վազգեն Սարգսյանի զինակիցներին ետ պահել վրեժխնդրությունից եւ հաշվեհարդարից ու երկիրը փրկել քաղաքացիական բախումների սցենարից: Զուր չէ, որ ինչպես Տեր-Պետրոսյանը տարիներ անց Ազատության հրապարակի մի հանրահավաքում պատմեց, երբ պաշտպանության նախարարությունից զանգահարել են իրեն եւ հրավիրել ՊՆ` Վազգեն Սարգսյանի զինակիցների կամ ընդդեմ Քոչարյանի այդ հավաքին մասնակցելու, նրա պատասխանը եղել է մերժումը եւ հանդիմանությունը, թե դուք ինչ գործ ունեք Քոչարյանի հարցով զբաղվելու: Որեւէ մեկն այս երկրում ավելի խո՞րը պատճառներ ուներ Քոչարյանին ատելու կամ կասկածելու, քան Տեր-Պետրոսյանը: Բայց առաջին նախագահը չէր կարող չգիտակցել, որ Քոչարյանն ինչ էլ լինի, նախագահի աթոռին է, եւ նրա դեմ զինված շարժումը քաղաքացիական պատերազմի սկիզբ է:



 



 



Իսկ Արամ Սարգսյանը ոչ միայն իր վշտի ու խելահեղ զարգացող դեպքերի մեջ այդքանը գիտակցել էր, այլեւ ուղղակի վերմարդկային գործ արեց` անձամբ կանգնելով այդ ընթացքի դեմ: Միայն մեծ արժեք ունեցող մարդը կարող էր դա անել, եւ Արամ Սարգսյանի այդ ծառայությունն այս երկրի առաջ համեմատելի է եղբոր ծառայությունների հետ:



 



Իսկ թե Արամ Սարգսյանի պաշտոնավարության օրոք ինչ հակամարտություն էր Քոչարյանի հետ, բազմաթիվ վկաներ գոյություն ունեն, երբ Քոչարյանը հեռուստաէկրանից հայտարարում էր, թե չի զարմանա, եթե Ալիկ Հարությունյանից հետո ձերբակալությունների շղթան իրեն էլ հասնի, կամ ականատեսները դրվագներ են պատմում, որ 2000-ի մարտի 10-ի հանրահայտ ասուլիսից հետո Քոչարյանը հանդիպման է գնացել կարծեմ այն ժամանակվա ՀՀԿ գրասենյակ եւ հրավիրվածներին ուղղակի ասել. «Ինչ է, արդեն թերթերո՞վ եք ինձ հետ խոսում: Ով ինձ կասկածում է, թող ուղիղ ասի»: Այդքան պրկված ու սահմանագծին են եղել հարաբերությունները: Եվ ովքեր այդ ժամանակվա իրադարձությունները չգիտեն, թող գոնե նվազագույն բարոյականություն ունենան լռելու: Որովհետեւ այս երկրում ապրում են տասնյակ մարդիկ, ովքեր իրադարձությունների մասնակից ու վկա են եղել, եւ գուցե հարյուրավոր ուրիշներ, ովքեր ականատեսներից գիտեն այդ անցքերի մասին:



 



Եվ վերջինը` ո՞ր դաշտում է այսօր Արամ Սարգսյանը: Նա որեւէ դաշտում լինելու խնդիր չունի: Ճիշտ այնպես, ինչպես Ստեփան Դեմիրճյանը: Այդ մարդիկ ապրել են իշխանության մեջ, եւ դա չի կարող նրանց գայթակղել: Այդ մարդիկ նաեւ ընդդիմության ճամբարում միմոսություններով զբաղվելու, ճանաչման ձգտելու եւ իբր պատմության մեջ մնալու խնդիր չունեն, որովհետեւ իրենց ազգանունները Հայաստանի պատմության մեջ գրված են իրենց ընտանիքների անհաշվելի ծառայություններով: Եթե չլիներ Հոկտեմբերի 27-ի ողբերգությունը, այդ մարդիկ դժվար թե երբեւէ մտնեին քաղաքականություն:



 



Իսկ քանի դեռ չհանգուցալուծված եւ չբացահայտված է մնում Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը, քանի դեռ դրա կազմակերպիչները չեն դատապարտվել ու պատժվել, եւ Դեմիրճյան, եւ Սարգսյան ազգանունները պետք է հնչեն այս երկրի քաղաքական դաշտում՝ իբրեւ երաշխիք անցյալը կեղծիքով չծածկելու եւ շուրջը տիրող քաղաքական շառլատանության մեջ արժեքներ ու հիշողություն չկորցնելու համար:  



 



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ