Նարեկ Սարգսյանի և Սամվել Թադևոսյանի հակասություններն աճում են

Նարեկ Սարգսյանի և Սամվել Թադևոսյանի հակասություններն աճում են

Նորաստեղծ Ճարտարապետության պետական կոմիտեի շուրջ կրքեր են բորբոքվում: Քննարկումները թեժ են՝ կառավարությունում չեն կարողանում երկրի ճարտարապետության վարչարարական հատվածը բաժան-բաժան անել: Յուղոտ կտորները պահանջում է Նարեկ Սարգսյանը: Առանց այն էլ իր լիազորությունների մեծ մասը եւ ըստ այդմ փող աշխատելու բոլոր հնարավորությունները Երեւանի քաղաքապետարանին հանձնած քաղաքաշինության նախարարությունը փորձում է հիմա էլ կոմիտեին չհանձնել վերջին լծակները: Ի սկզբանե էլ հայտնի էր, որ Նարեկ Սարգսյանն իր ձեռքում պետք է կենտրոնացներ երկրի ճարտարապետության վարչարարությունը:



 



Պատահական չէր,  որ, Սահմանադրությունն անտեսելով, լրացուցիչ անօրինական լիազորություններ էր վերապահել իրեն: Այդ մասին հայտնի դարձավ կառավարության նախորդ նիստի ժամանակ, երբ  արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն իր անհամաձայնությունը հայտնեց նարեկսարգսյանական  հավակնությունների վերաբերյալ, որոնք, անկախ արդարադատության նախարարության առարկություններից, տեղ էին գտել նոր կառույցի կանոնադրության մեջ: Հընթացս բացահայտվեց նաեւ, որ նախկինում եւս նման ապօրինություններ եղել են՝ այլ կառույցների հետ կապված: Իսկ հիմա կոմիտեի եւ քաղաքաշինության նախարարության միջեւ տարաձայնություններն օր օրի թեժանում են, եւ կոմիտեի կառուցվածքը չի հստակեցվում, քանի որ  քաղշինի եւ սովետական բնույթի այս կոմիտեի միջեւ լիազորությունները չեն կարողանում բաշխել: Մեր տեղեկություններով, սրան հատկապես խոչընդոտում է քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը: Վեճի առարկա է նաեւ կադրերի ու հաստիքների հարցը:



 



Համակարգին մոտ կանգնած անձինք կենցաղային լեզվով ասում են՝ նախարարությունը կիսվում է: Փոփոխություններ է կրելու ոչ միայն կառուցվածքը, այլեւ մի շարք վարչություններ ու բաժիներ փակելու անհրաժեշտություն կա: Սակայն Նարեկ Սարգսյանին մոտ կանգնածներն ասում են, որ նա պատրաստ է քաղաքաշինության նախարարության որոշ վարչություններ՝ իրենց ամբողջ կազմով, ընդունել իր ենթակայության տակ: Բայց տեղափոխվողները լավ գիտեն իրենց գլխին գալիքը եւ պայքարում են, որ մնան նախարարության կազմում: Առաջին լուծարվողներից են լինելու ճարտարապետության վարչությունը, մի շարք այլ բաժիններ:



 



Քաղաքաշինության նախարարության մամլո խոսնակ Լուսինե Մարգարյանն այս խմորումների վերաբերյալ երեկ որեւէ կոնկրետ բան չասաց: «Լուծարվող բաժիններից ու կադրային կրճատումներից վաղ է խոսելը»,-ասաց նա: «Քննարկումներ են ընթանում,  դեռ ոչինչ հայտնի չէ, ամեն ինչ պարզ կդառնա հավանաբար շաբաթվա վերջին»,- այսքանով սահմանափակվեց նաեւ Նարեկ Սարգսյանի օգնականը:  Թե ինչ համամասնությամբ միմյանց միջեւ կբաժանեն ոլորտը, դրան կանդրադառնանք առաջիկայում, սակայն ցավալին այն է, որ նման քաշքշուկներն ու տարաձայնությունները բխում են ոչ թե երկրի ու ոլորտի, այլ նեղ անձնական շահերից:



 



Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ



[email protected]