Հարցը սրտաբուխ ծիծաղ առաջացրեց ԱԺ միջանցքում

Հարցը սրտաբուխ ծիծաղ առաջացրեց ԱԺ միջանցքում

«Դուք հավատո՞ւմ եք, որ Թուրքիան կանդամակցի Մաքսային միությանը» հարցը սրտաբուխ ծիծաղ առաջացրեց ԱԺ միջանցքում մեզ հանդիպած Ղազախստանի ՊՆ նախկին փոխնախարար, պառլամենտի սենատոր Սերգեյ Գրոմովի մոտ: Եվ, այնուհանդերձ, ասել է, չէ՞, այդ մասին Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաեւը Մինսկում: «Նա դա ասաց ոչ այն է՝ լրջորեն, ոչ այն է` կատակով»: Կատակո՞վ. ի՜նչ եք ասում, իսկ մենք լրիվ լուրջ ենք ընդունել:



 



«Այո, կատակով ասաց, որ իբր շատերը մեզ մեղադրում են, որ մենք Սովետ Միության նման բան ենք կառուցում, որ Ռուսաստանն ուզում է ավելի բարձր լինել, որ…»: Իսկ մի՞թե այդպես չէ: «Ոչ, այդպես չէ. դրված է տնտեսական համագործակցության խնդիր, քաղաքականը գնում է երկրորդ պլան»: Ու հենց էդ նեղ մաջալին, Բունյուելի ֆիլմերի հանգով, ԱԺ միջանցքով անցան մի խումբ հնդիկներ: Ահա, իրենք էլ են ուզում մտնել Մաքսային միություն, Դուք դրան հավատո՞ւմ եք. միջուկային երկիր Հնդկաստանը ե՞ւս կմտնի Մաքսային, թե՞ դա նույնպես կատակ էր` արդեն Վ. Պուտինի կողմից արված:



 



«Հավատում ենք` ինչո՞ւ ոչ. առանձին երկրների տնտեսական միություն է ՄՄ-ն, եւ հենց այնպես` կոտրել Ղազախստանին, Բելառուսին, մյուսներին` քաղաքականապես, անհնար է»: Մի խոսքով, հավատում եք, որ մի գեղեցիկ օր Մաքսային միությունը կկայանա: «Լրիվ հնարավոր է»: