Մեզ գժի՞ տեղ եք դրել, թե՞ ստրուկի

Մեզ գժի՞ տեղ եք դրել, թե՞ ստրուկի

Արտգործնախարարությանը 2014-ին հատկացվելիք բյուջեի քննարկումը երեկ վերածվեց հայրենի ընդդիմադիրների օգտին հօգուտ իշխանության մի քանի ժամանոց հաղթանակի: Ընդդիմադիրների թակարդն ընկած ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ԲՀԿ պատգամավոր Գուրգեն Արսենյանի խոսքով, «խառը եւ համապարփակ» «մանթրաժի» մեջ էր եւ ոչ մի կերպ չէր կարողանում դուրս գալ իրեն ուղղված հարցերի տակից:



 



Պատճառն այն հասկանալի իրավիճակն է, որում հայտնվել են մեր իշխանությունները՝ իրենց վարած արտաքին քաղաքականության պատճառով: Չնայած Եվրոպայի հետ 3-4 տարի բանակցելուց հետո Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին, անսպասելի, հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին, սակայն Մինսկում տեղի ունեցած վերջին իրադարձությունը եւ Ռուսաստանի առաջին ալիքի հաղորդավարի սկանդալային հայտարարությունն այն մասին, որ ՄՄ-ին անդամակցելու Հայաստանի երազանքը գուցե թղթի վրա մնա, քանի որ դա անիրագործելի է չլուծված տարածքային խնդրի պատճառով, եւ որ այս հարցում Ադրբեջանի կարծիքի հետ հաշվի չնստել չեն կարող, խառնեց բոլոր խաղաքարտերը:



 



ԱԳՆ-ն չի շտապում լուրջ հակափաստարկ ներկայացնել այդ հայտարարությանը կամ բողոքի նոտա հղել ռուսական իշխանություններին կամ էլ գոնե ՌԴ դեսպանին: Ուստի, ընդդիմադիր պատգամավորները փորձում էին Քոչարյանից կորզել, թե, ի վերջո,  որ արտաքին բեւեռում է հանգրվանելու մեր երկիրը: «Այո, դա խայտառակ հաղորդում է: Ես միանշանակ կարող եմ ասել, որ Ռուսաստանի իշխանություններն անընդունելի են համարում այդ հաղորդման հեռարձակումը»,- հայտարարեց Շավարշ Քոչարյանը՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հարցին: Քոչարյանն ասաց, թե իբր դա երրորդ կողմի ցանկությունների արտահայտումն էր, որը դարձավ անիրականանալի: Նրա հավաստիացումները, պարզվեց, բավական «ծանրակշիռ» հիմքեր ունեն. նրանք արտգործնախարարության խողովակով են ճշտել, որ ՌԴ իշխանությունների համար անընդունելի էր այդ հաղորդման հեռարձակումը: «Դա մեխանիզմ-նոտա է, եւ այդ մեխանիզմով ԱԳՆ-ն հայտնում է իրենց պաշտոնական դիրքորոշումը:



 



Այդ հարցումը կատարվել է, եւ ես հստակ տալիս եմ պատասխան՝  իրենց համար դա անընդունելի է»: Շավարշ Քոչարյանն այնքան ինքնամոռաց ու հեզիկ-նազիկ տոնով սկսեց համոզել Նիկոլ Փաշինյանին, որ ի վերջո չնկատեց էլ, թե ինչպես  ակամայից քաղաքակիրթ կերպով վիրավորեց նրան. «Ո՞նց կարող է Ռուսաստանի ղեկավարը փաստաթուղթ ստորագրել եւ անել հայտարարություն, որը հակասում է այդ փաստաթղթին: Դա այնքան ակնհայտ էր, որ յուրաքանչյուրը կարող էր հասկանալ, նույնիսկ Դուք՝ Նիկոլ Փաշինյան»: Շավարշ Քոչարյանը նշեց՝ եթե Հայաստանը միանում է Մաքսային  միությանը,  բնական է, որ չի կարող միանալ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրին: Թե ինչ պետք է ստորագրվի Վիլնյուսում, Շ. Քոչարյանն ասաց, որ չի կարող կոնկրետ պատասխանել, քանի որ ընթանում են բանակցություններ, այդ ուղղությամբ աշխատանք է կատարվում: «Ինչ վերաբերում է Մաքսային միությանն անդամակցության հետ կապված առանձին հայտարարություններին, այդ բոլորի պատասխանը տրվել է հենց ամսի 24-ին Մինսկում կայացած գագաթնաժողովի ժամանակ:



 



Այնտեղ ստորագրվել է համապատասխան փաստաթուղթ, որն ստորագրել են եւ Բելառուսի, եւ Ղազախստանի, եւ Ռուսաստանի նախագահները: Ընդ որում, դա մի փաստաթուղթ չի եղել, եղել է եւ քաղաքական հայտարարություն, եւ փաստաթուղթ, որը հավանություն է տալիս այդ ամենին, ավելին՝ հավանություն է տալիս մի տեքստի, որը պետք է ստորագրի Հայաստանը Եվրասիական հանձնաժողովի հետ, որի համաձայն պետք է սկսվի այդ ամբողջ գործընթացը»: Այս ամենը Քոչարյանն արտասանում էր այնքան այլայլված, այնքան շփոթված, որ Նիկոլ Փաշինյանը փորձեց հստակեցնել. Շավարշ Քոչարյանը վստա՞հ է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը, փոխնախարարը կրկին ցաքուցրիվ պատասխանեց. «Գնում է պրոցես, այդ պրոցեսում ներգրավված են տարբեր կողմեր, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը:



 



Այսինքն՝ այդ բանակցություններում կարող են տարբեր խնդիրներ առաջանալ, մենք պետք է միշտ առաջնորդվենք մեր շահերով: Այնպես որ, նախապես ասել՝ դու սրանում համոզված ես թե ոչ, ես չեմ կարծում, որ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը պետք է զբաղվի»: «Ես հասկանում եմ, որ Դուք  ծանր վիճակում եք, ինչ-ինչ հայտարարություններ են հնչել բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, որոնք մտել են հակասության մեջ այն իրողության հետ, որ ստեղծվել է հետսեպտեմբերերեքյան հայտարարությունից հետո: Հիմա մեր հիմնական բանագնացը՝ ԱԳ տեղակալն ասել է, որ վստահ է՝ Վիլնյուսում ստորագրվելու է փաստաթուղթ: Այստեղ չարակամություն մեր կողմից չկա, այնպես չէ, որ իշխանությունը Մաքսայինում կլինի, ընդդիմությունը՝ Եվրոպայում, բոլորս ենք նույն կրակի մեջ ընկնելու:



 



Եկեք մտածենք միասին՝ ինչպե՞ս եք դուք դուրս գալու այս վիճակից, որ շահի Հայաստանը, առանց քաղաքական գունավորումների»,- նեղն ընկած փոխնախարարին մարդասիրաբար ձեռք մեկնեց նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: Ռուսական առաջին ալիքի հաղորդման եւ դրան Շավարշ Քոչարյանի տված պատասխանին անդրադառնալով՝ Արզումանյանը նշեց, որ շատ սիրում է արտգործնախարարությունը եւ չի ցանկանում, որ այն դառնա ՌԴ խոսնակը:



 



Նա, կրկնելով Փաշինյանի հարցը, ընդգծեց, որ ОРТ-ով հնչում է միայն Կրեմլի կարծիքը: «Պոզները, ով հայտնի է КГБ -ի հետ համագործակցությամբ, մի լեզվի սայթաքում ցույց տվեց՝ «գոսդուռա» անվանելով, մարդուն հանեցին: Դա այն երկիրը չէ, որ դուք մեզ ասեք… Կներեք կոպիտ պատասխանիս համար, բայց կարծես թե դուք գժի տեղ եք մեզ դնում: Ամոթ է, դեպք դեպքի հետեւից, նաեւ հայ վարորդի պատմությունը: Մենք այսօր թույլ ենք տալիս, որ ռուսական պաշտոնյան ասի, թե Հայաստանում պետք է ռուսերեն խոսել, ռուսերենը դարձնել պետական լեզու, ու ոչ մի արձագանք չենք տալիս»,- նշեց նա:



 



Ալեքսանդր Արզումանյանի խոսքով՝ մի քանի տասնյակ միլիոն մարդ կարծում է, թե այդ հաղորդման մեջ հնչած տեսակետը Կրեմլի տեսակետն է, իջեցված հրահանգ, իսկ Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչները հայտարարում են, թե իրենց խողովակներով ճշտել են՝ ՌԴ ղեկավարությունը դա համարում է անընդունելի: «Ինչո՞ւ դա հրապարակային չի արվում, դեսպանը չի կանչվում պարզաբանման համար, ինչո՞ւ է Հայաստանի արտգործնախարարությունն այդքան վախվորած հարաբերությունների համար. չի կարելի, չի կարելի: Մենք որեւէ մեկի ստրուկը չենք»,- նշեց նա: Ի պատասխան Շավարշ Քոչարյանն ասաց, որ ցանկացած սուր իրավիճակում, այն էլ հասարակական հնչեղություն ունեցող հարցերի դեպքում, քայլեր կատարվում են, եւ պարտադիր չէ դրանց մասին հրապարակային խոսել:



 



«Ես Токарь չեմ աշխատել մինչեւ էստեղ գալս, ես ասում եմ՝ մի ադրբեջանցու ոտքին որ կանգնում են, հակադարձում է, կանչում են դեսպանին, ասում՝ կվռնդենք ռուսներին, եկեղեցիները կփակենք»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը՝ հորդորելով, որ պետք է ադեկվատ հարաբերություններ ունենալ, հետաքրքիր չէ, թե կուլիսներում ինչ են խոսում: «Կգա մի պահ, կասեք՝ խոսեցինք-խոսեցինք, իրանք չհամաձայնեցին, հիմա որոշել են բոլորիս մորթեն: Ինձ վիրավորում է, որ ամեն անգամ մամուլը գրում է, որ հայ են սպանել, բայց դուք ոչ մի գնահատական չեք տալիս»: Վերջում Շավարշ Քոչարյանը խորը հոգոց հանեց եւ վայրկյանների ընթացքում լքեց դահլիճը:



 



 



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ



[email protected]