Իշխանությունները կենսաթոշակառուներին թունելով են տանելու

Իշխանությունները կենսաթոշակառուներին թունելով են տանելու

ԱԺ կողմից 2010թ. դեկտեմբերի 30-ին ընդունվել է ՀՀ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, և 2014թ. հունվարի 1-ից կկիրարկվի կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչը:



 



Ի դեպ, 2010թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ակնհայտ էր, որ այդ օրենքի մի շարք դրույթներում կան անկատարություններ, որոնց առկայությունը վստահություն չի ներշնչել ոչ այն ժամանակ և ոչ էլ այժմ: Այս ամենն այսօր կարող էր անցյալ համարվել, եթե այն նորովի զարգացում չունենար, որում հասարակության առավել ակտիվ երիտասարդությունը հանդես բերեց հիմնավոր անհանգստություն՝ ընդունված օրենքը նորովի քննարկելու անհրաժեշտությամբ, թեկուզև ժամկետների հետաձգման առումով:



 



Այս ամենը կարող էր լինել իբրև նախաբան, եթե առկա խնդրի հարցով ԱԺ-ում նիստ հրավիրելու պահանջով ստորագրահավաքը չձախողվեր իշխող կուսակցության նախաձեռնությամբ, որոնք ԱԺ-ից փախան՝ նիստը քաղաքական նկատառումներով բոյկոտելու համար: 



 



Ահա այստեղ արժե մի պահ թողնել կենսաթոշակի կուտակային բաղադրիչի հիմնահարցը և փորձել հասկանալ երեսփոխանների վարքագիծը, բոյկոտը փախուստի դրվագներով…:



 



Փախչում են դասերից, սկեսրայրի օջախից, զինծառայությունից, կազինոյից, հանցանքի վայրից, դատարանի դահլիճից, գաղութից, խորտակվող նավից…: Ի դեպ, բռնվելուց հետո պատասխան են տալիս սահմանված կարգով և օրենքի տառին համապատասխան: Մի դեպքում ծնող են կանչում, իսկ ԱԺ-ից փախուստի դեպքում` ժամանակը ցույց կտա:



 



Պետության գործադիր իշխանություն ձևավորող մարմնի, քաղաքական իշխող կուսակցության լուրջ թևը փախել է ԱԺ-ից, որպեսզի բոյկոտի հարցի քննարկումը: Սա արդեն տարրական դասարանի աշակերտի դասից փախչել չէ: Այն պարզապես փախուստ է իրենց ընտրողներից և նրանց պատգամներից: Նման դեպքում, հաշվի առնելով դեպքի բացառիկ կարևորությունը, երեսփոխաններն ամրագրեցին իրենց ընդդիմադիր կեցվածքն ընտրողների, ավելի ճիշտ՝ ժողովրդի նկատմամբ: Բնականաբար, ստեղծվում է մի իրավիճակ, երբ իշխող քաղաքական թիմն իր ընտրյալներով իրեն դնում է խաղից դուրս վիճակում: Ասել կուզի. «Ժողովուրդ, մենք ոչ միայն ձեր հոգսերով զբաղվելու ժամանակ և ցանկություն չունենք, այլև մերժում ենք ձեր հոգսերով մեր գլուխը ծանրաբեռնելու պրակտիկան»:



 



Այսքանից հետո նման երեսփոխանների ընդունած օրենքին վստահել և կենսաթոշակային կուտակային հիմնադրամներում ֆինանսական բաղադրիչ ներդնելը պարզապես անլուրջ և անհեռատես մարդու գործելակերպ կարելի է դիտարկել: Սեփական ճակատագրի նկատմամբ անտարբերությունը պատիվ չի բերում ոչ մի բանական մարդու:



 



Փախչող երեսփոխաններն ի վերջո տարիներ հետո կարող են դառնալ կազմակերպված էլիտար արտագաղթի մասնակիցներ:



 



Մի քանի դիտարկում, որոնք պարզաբանված չեն մինչ օրս:



 



1. Հավաքագրված կուտակված միջոցների տեղաբաշխումը:



 



2. Կուտակված միջոցների երաշխավորությունը:



 



3. Տնտեսության զարգացման ոլորտները հայտնի չեն:



 



4. Դեմոգրաֆիկ վիճակն առաջիկա 20 տարիների համար պարզ չէ:



 



5. Կանխատեսումներ չկան արտագաղթի, գործազրկության, աղքատության վերաբերյալ:



 



6. Բանկերը պարբերաբար սնանկանում են, իսկ կենսաթոշակային հիմնադրամների վերահսկողությունը թույլ է:



 



7. Հայաստանի կենսաթոշակային հիմնադրամի անցյալը մռայլ է մինչ օրս:



 



8. Ֆինանսական ճգնաժամերի առաջացման դեպքում փոխհատուցման մեխանիզմը չի հստակեցված:



 



9. Մինչ օրս չկա կորպորատիվ շուկա:



 



10. Օլիգարխիկ կառույցներում վստահելի չէ գումարի ներդրումը:



 



11. Չկա ֆինանսական կայունություն:



 



12. Անցյալի բոլոր բարեփոխումներն ի վերջո բերել են արտաքին լուրջ պարտքի` 4,5 մլրդ ԱՄՆ դոլար: Ի դեպ, այն կենսաթոշակառուների շռայլությամբ չէ առաջացել:



 



13. Կառավարությունների գործողություններին շարունակականություն չկա:



 



14. Նպատակահարմար չէ պետբյուջեի ծախսային մասը թեթևացնել ամենախոցելի խավի` կենսաթոշակառուների հաշվին:



 



15. Ինֆլյացիայի դեպքում հայտնի չէ վճարված գումարի ինդեքսավորման մակարդակը:



 



16. 2014թ. պետբյուջեի ծախսային մասում չկա հատկացում ինֆլյացիայի դեպքում պետության կողմից երաշխավորված փոխհատուցման համար:



 



17. Կենսաթոշակային հիմնադրամը սնանկ լինելու դեպքում ով ինչ է անելու` պարզաբանված չէ:



 



Եվ վերջապես, երկար փողեր ներդնել արտերկրների անհայտ ֆոնդերում, մեղմ ասած, անորոշություն է: Սովորաբար բարեփոխումները հեռանկարային արդյունավետություն ունենում են կայուն զարգացած պետություններում, որոնցում կառավարությունների ծրագրերի շարունակականությունը բացառում է ցնցումները: Մեզ մոտ ամեն մի հաջորդ կառավարություն արմատապես մերժում է նախորդի ծրագրերը և նրա կատարման ընթացքի ապահովումը: Ավելին, առաջնահերթ է դառնում կադրերի հետագա ճակատագիրը: Պետական ծրագրերի կատարումը երաշխավորվում է անձնային նվիրվածության աստիճանով: Թագավորական երկրներում կա երաշխիք, որ զավակը թագադրվելուց հետո կշարունակի հոր ծրագրերի իրականացումը:



 



Ի դեպ, վերջին շրջանում այս ուղղությամբ նշմարվում է կտակի ձևով իշխանավորի աթոռը զավակին փոխանցելու ավանդույթի ներդրման մեխանիզմը: Պարզապես սկզբնական շրջանում նկատվում է աթոռների տրամաչափի տարբերություն: Մնում է միայն այդ ամենն ամրագրել: Իսկ մինչ այդ մութ թունելով մինչև 2037թ. կենսաթոշակառուներին տանելը չի երաշխավորվում…:
Պարզապես վստահություն չկա…:






Գառնիկ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ