Հանճարեղ «կուրություն»

Հանճարեղ «կուրություն»

Ինձ արդեն ապշեցնում են բոլոր այն արվեստագետները, ովքեր դեռևս լռում են, կանգնում երկիրը, ողջ հայ ժողովրդին անդունդը նետած իշխանության կողքը, ուղղակիորեն, թե անուղղակիորեն նրան պաշտպանում:



 



Ինչպե՞ս կարող է հայ բանաստեղծը չհասկանալ, որ ևս մի քանի այսպիսի տասնամյակ, և իր բանաստեղծությունները կարդացող չի լինելու… Որքան էլ նրան ձեռնտու լինի փչել իշխանության շվին, տարիներ անց թուրքի ի՞նչ պետքն են լինելու նրա հեծկլտոցները…



 



Հայ երգահանը իշխանության ձեռքից թող պարգևներ ստանա, որքան ուզում է, միևնույնն է, նրա երաժշտությունը օտարը նետելու է արդեն գոյություն չունեցող պետության աղբանոցը…



 



Իշխանության հովանավորմամբ բեմադրիչներն ինչպիսի ֆիլմ ուզում են, թող նկարահանեն, այն հետագայում չի ցուցադրվելու: Կինոպատմության մեջ նման բեմադրիչների անուններ չեն մնալու…



 



Նկարիչները թող նկարեն, որքան ուզում են, քանդակագործները՝ գլուխգործոցներ կերտեն, մեզանից հետո այս տարածքի այլ մի պետության այլ քաղաքացի կրակի է տալու մեր թանգարանները…



 



Երկիրը դատարկվեց, շուտով՝ ընդամենը մի քանի տասնամյակում, կփոխվի ժողովրդագրական կազմը, և կան մտավորականներ, որ դա չե՞ն տեսնում… Իբր թե կո՞ւյր են…



 



Բավական է մեր աչքը խոթեք Ձեր հանճարեղ «կուրությունը», դրան ոչ ոք չի հավատում…



 



Ո՞վ, թո՞ւրքն է բռնելու ինքնասպան եղող հայ ժողովրդի ձեռքը…



 



Վաղուց ժամանակն է ձերբազատվելու այն հեքիաթներից, թե հայ ժողովրդին չի կարող ոչնչացնել ոչինչ:



 



Զառանցա՛նք: Ցնդաբանությո՛ւն:



 



Գուրգեն Միքայելյան