Ոստիկանությունը պատրաստ է ամեն ինչի՞

Ոստիկանությունը պատրաստ է ամեն ինչի՞

Երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում  ոստիկանության բարեփոխումներին նվիրված միջազգային երկօրյա համաժողով էր, որը կազմակերպել էր ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը: Ի թիվս այլ «բարեփոխումների»,  մերոնք նշել են նաեւ ՊՊԾ հատուկ գնդի ստեղծումը, որը հասարակության շրջանում հեգնանքով անվանակոչվեց  «հրեշտակների գունդ»:



 



Բայց զավեշտն այն է, որ այս անունն արդեն ամրագրվել է, եւ միջազգային համաժողովում այդ գունդը ներկայացրել են ոչ թե իր պաշտոնական անվամբ, այլ  ուղղակի  «հրեշտակներ»: Եվ մինչ  հպարտորեն նշում էին հրեշտակների ու նրանց ձեռքբերումների մասին, «հրեշտակները» նախագահի նստավայրում բուռն գործունեություն էին ծավալել:



 



Այնտեղ  կին ազատամարտիկները Սերժ Սարգսյանի հրաժարականն էին պահանջում, իսկ հրեշտակաց դասն այս դեպքում ոչ թե կանանց, այլ տիրոջ՝  նախագահի պահապան հրեշտակների դերում էր հանդես գալիս: Իսկ  ընդհանրապես տիրոջ դիրքերը խարխլելու հասարակական կոչերի, ընդվզումների դեպքում նրանք,  հակառակ իրենց առաքելությանը, պարբերաբար վերածվում են սատանաների: 



Այս օրերին մի շատ կարեւոր միջոցառում էլ կա Հայաստանում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը, որը, անկախ վերոնշյալ բարեփոխումներից, պարտադրում է սովետական միլիցիայի կերպարը կենդանացնել: Պուտինի այցը հասարակության շրջանում վրդովմունք է առաջացրել, պատրաստվում են նրան դիմավորել բողոքի ակցիաներով՝ ընդդեմ Մաքսային միության: Իսկ ՀՀ իշխանությունների համար իրենց «ցար ի բոգ» Պուտինին մեծ շուքով դիմավորելը պատվի հարց է, ուստի ոստիկանությանը հրահանգված է այնպես պահպանել հասարակական կարգը, որ օդում ճանճի տզզոց անգամ չհնչի: Ինչպե՞ս են պատրաստվում իրականացնել այդ գործը, տագնապ կա՞, երեկ հետաքրքրվեցինք Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանից, որի կարիերայի համար սա առաջին լուրջ ստուգարքն է: «Մենք ամեն օր, ամեն ժամ միջոցառումների մեջ ենք ցանկացած այցի հետ կապված: Կոնկրետ ցանկացած ղեկավարի այցի հետ կապված, իհարկե, հասարակական կարգի առումով  պլանավորվում է հասարակական կարգի պատշաճ ապահովում: Մեր շարքերում տագնապ չկա, իրավիճակը մենք հսկում ենք, պատկերացնում, ամեն ինչ իր բնականոն հունով ընթանում է»,-ասաց Աշոտ Կարապետյանը: Հասարակության բողոքի ակցիաների մասով  ավելացրեց. «Նրանք մի քանի հոգի են,  իրավիճակին տիրապետում ենք, պատրաստ ենք ամեն ինչի, վերջին ժամանակում էլ տեսնում եք, թե ոստիկանությունն ինչպես  է ապահովում հասարակական կարգը»:  Հուսով  ենք՝ մեր տեսածը գալիք օրերին չի կրկնվի:



 



 



Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ



[email protected]