Իմ եղբորը գյուղում շատ են սիրում

Իմ եղբորը գյուղում շատ են սիրում

Գրիգորյան եղբայրների կողմից «սեփականաշնորհված» Արարատի մարզում և հատկապես ծննդավայր Ավշար գյուղում դեկտեմբերի 15-ին սպասվում են համայնքի ղեկավարի ընտրություններ, ավշարցիները նորից ահուդողով են լցվել նախկին գյուղապետի մոտալուտ վերադարձի փաստով: Ավշարի գյուղապետի միակ թեկնածուն Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի եղբայր անկուսակցական Սուրիկ Գրիգորյանն է, նույն ինքը՝ նախկին գյուղապետը:



 



Թեկնածուների գրանցման վերջնաժամկետը լրացել է, և այստեղ նախօրոք առաջադրված թեկնածուներից մնացել է միայն մարզպետի եղբայրը, ով 2013թ. նախագահական ընտրություններում Ավշարում Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավարն էր։ Մյուս թեկնածուն Ավշարի մանկապարտեզի պահակ Վաղինակ Ասրյանն էր, ով թեկնածությունը գրանցելու փոխարեն ինքնաբացարկ է հայտնել՝ Գրիգորյանին թողնելով առանց մրցակցի։ Չնայած սեփական գյուղապետով, թե առանց դրա գյուղն ամբողջությամբ Գրիգորյան եղբայրների հսկողության տակ է, սակայն նախկին գյուղապետի կամայականությունների մասին Ավշարում ասքեր են պատմում:



 



Սուրիկ Գրիգորյանի գյուղապետության տարիներին գյուղը բոլորովին ապրել է ճորտատիրական կարգերով, գյուղացին հնձած ցորենի ու քաղած բերքի մի մասը հարկադրված է եղել «մուծվել» համայնքին: Իսկ անցած տարվա ՏԻՄ ընտրություններում Գրիգորյաններն իրենց մարդուն են առաջադրել և արդյունքում ունեցել «անձնական» գյուղապետ՝ ի դեմս գյուղապետարանի հաշվապահ Անուշավան Մարգարյանի: Վերջինը, մեր տեղեկություններով, պաշտոնը լքել է դեռ ամռանը՝ հուլիսին, և ինքնակամ բոյկոտել գյուղապետարանի աշխատանքները, թեպետ հրաժարականի դիմում ներկայացրել է միայն հոկտեմբերին: Մարգարյանի հրաժարականը եղել է հարկադրված, նա հրաժարվել է կատարել Գրիգորյանի կողմից իրեն պարտադրված մի շարք գործարքներ, որոնք վերաբերել են հողի սեփականաշնորհմանը։ Այդ պատճառով ամիսներ շարունակ աշխատանքի չի ներկայացել, մինչև որոշել է հրաժարական տալ։



 



Նշենք, որ մարզպետի եղբայրն ինքնառաջադրվել է, այդուհանդերձ պարզ է, որ նա առանց խոչընդոտի նորից կընտրվի գյուղապետի պաշտոնում, որովհետև անգամ ձևական մրցակից չունի: Նախօրեին մենք մի քանի հարց տվեցինք Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի եղբորը՝ ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանին:



 



- Ինչո՞ւ այդպես ստացվեց, որ Ձեր եղբայրը կրկին առաջադրեց իր թեկնածությունը և մնաց միայնակ:



 



- Ի՞նչ իմանամ, շատ են սիրում, շատ են հարգում, երևի դրանից է, էլ ինչի՞ց պետք է լինի:



 



- Իսկ ինչո՞ւ նախկին գյուղապետը հրաժարական տվեց:



 



- Առողջական խնդիրների պատճառով:



 



- Ասում են՝ հարկադրված է եղել լքել պաշտոնը, որովհետև Ձեր ընտանիքը նրան պարտադրել է որոշ հողեր սեփականաշնորհել ձեզ և նման այլ գործարքներ:



 



- Սուտ լուրեր են, նման բան չկա:



 



- Չե՞ք պարտադրել:



 



- Ոչ, ոչ, ոչ, ոչ: Մեր համագյուղացիներին մենք չենք պարտադրում: Ընդհանրապես ոչ մեկի չենք պարտադրում: Ես ասում եմ՝ հրաժարականը հիվանդության պատճառով է:



 



- Որքանով տեղյակ եմ, երիտասարդ տղա էր նախկին գյուղապետը, ի՞նչ հիվանդություն ուներ:



 



- Դե, ինչ-որ ավտովթարի հետևանքներ են:



 



- Ձեր եղբայրը, որ նորից դառնա գյուղապետ, ասում են՝ այնքան էլ լավ համբավ չի թողել գյուղում:



 



- Շատ գոհ էին, դե, եթե գոհ չեն, ո՞նց ա նորից ընտրվում:



 



- Կընտրվի, որովհետև միայնակ է՝ մրցակից չունի:



 



- Թող դնեն:



 



- Դա ինչ-որ բանի մասին չի՞ խոսում, տարօրինակ չէ՞, որ մրցակից չունի, անգամ՝ ձևական:



 



- Ոչ, ոչ: Իրա լավ աշխատանքից ա դա գալիս:






Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ