Ընտրակեղծարարները տեղում են, բայց օրենսգիրքը բարեփոխվում է

Ընտրակեղծարարները տեղում են, բայց օրենսգիրքը բարեփոխվում է

Ընտրություններ կոչվող ինստիտուտի էվոլյուցիան մեր երկրում նկատելի է միայն տեխնիկական իմաստով։ Եթե նախկինում ընտրատեղամասում բռնություններ էին, ու տրցակներով լցոնումներ էին արվում քվեատուփերում, ապա հիմա գործընթացն ավելի քաղաքակիրթ է դարձել։ Ընտրակեղծիքները կատարվում են «քաղաքակիրթ» ճանապարհով՝ իշխանական կուսակցությունները ցուցակագրում են ընտրողներին և մինչև ընտրատեղամաս գնալ ընտրակաշառք բաժանում, որը վերջին երկու տարվա ընթացքում հասնում է մինչև 20 հազար դրամի։



 



Գործի են դրվում նաև վարչական լծակները, ինչն արդեն բացահայտ է արվում։ Վերևից հրահանգվում է բոլոր գերատեսչություններին՝ աշխատանքից ազատման սպառնալիքով ցուցակագրել ընտրողներին ու նրանց բարեկամներին՝ որպես իշխանական ուժի օգտին ռեալ քվեարկողներ։ Այս ամենի դեմն առնելու ձևը արձանագրված ընտրական խախտումներին պատշաճ իրավական ընթացք տալն է, ընտրակեղծարարներին խստագույնս պատժելը, ընտրություններ կեղծող իշխանությունից ազատվելը, ոչ թե օրենսգիրքը փոփոխելը։



 



Սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ, ՀԿ-ների, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների, քաղաքական ուժերի հետ «Անի պլազա» հյուրանոցում մի քանի օր է, ինչ քննարկում է Ընտրական օրենսգրքում փոփոխությունների առաջարկները։ Այս միջոցառմանը չի մասնակցել Հայ ազգային կոնգրեսը, թեև հրավիրված է եղել։ Իսկ առաջարկները շատ տարբեր են՝ քարոզարշավից սկսած մինչև քվեատուփ։



 



Բայց դրանք տեխնիկական փոփոխություններ են, որոնք արդար ընտրությունների ինստիտուտ հիմնելու հետ աղերս չունեն, քանի դեռ մեր իշխանություններն արդար ընտրություններ իրականացնելու կամք չեն դրսևորում։ Ուշագրավ առաջարկներ էին անում ՀԿ-ները, օրինակ՝ առաջարկում էին անչափահասներին ընտրական գործընթացներում, նախընտրական քարոզարշավում ներգրավելը քրեորեն պատժելի դարձնել։ Հայտնի է, որ դպրոցների ու նույնիսկ մանկապարտեզների սաներին ստիպողաբար տանում են հանդիպումների կամ դպրոցներում կազմակերպում են նախընտրական հանդիպումներ։ Եթե սա փոքր-ինչ ընդունելի համարվեց, ապա հաջորդ առաջարկը՝ արդեն քվեարկած ընտրացուցակները հրապարակելու մասին, ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանն ու Տիգրան Մուկուչյանը միանգամից մերժեցին։



 



Այս առաջարկները հնչեցրեց «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ ղեկավար Անահիտ Գևորգյանը։ Քվեարկած ընտրացուցակն արդեն ինքնին ընտրախախտումների ու կեղծիքների ամփոփագիրն է, բնականաբար, դրա հրապարակումը պետք է մերժվեր։ Տիգրան Մուկուչյանը մեզ հետ զրույցում փորձեց հիմնավորել մերժումը «Անձամբ իմ կարծիքն ասեմ՝ ես դեմ եմ այդ առաջարկին, պատճառները տարբեր են։ Ես ավելի մեծ վտանգ եմ տեսնում, որ հետագայում այդ հրապարակումները կարող են նպաստել ավելի մեծ շահարկումների, ավելի մեծ մանիպուլյացիաների։ Որևէ անձ երաշխավորված չի, որ որևէ մեկը՝ գալով, իր անունը տեսնելով, չի վեր կենա հայտարարի, որ իրենց ընտանիքի 5 անդամը, որ ստորագրել ու մասնակցել են, իրենք չեն մասնակցել քվեարկությանը, հետո դրանք կարող են դառնալ հաստափոր ժողովածուներ, որ ուղղակիորեն հնարավոր չի լինի պարզել դրանց իսկությունը։



 



Մենք նախկինում ունեցել ենք դեպքեր, երբ ցուցակից նշագրումներ են կատարվել, և հետո բերել են դատարան, ներկայացրել մի ամբողջական ցուցակ, որում նշվում էր, որ նրանք մահացած քաղաքացիներ են, ստուգվեց, ու, բարեբախտաբար, պարզվեց, որ, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը, ողջ են բոլորը»։ ԿԸՀ ղեկավարը, որ ընտրակեղծիքների գործում գլխավոր դերակատարումն ունի, դժվարացավ կանխատեսել, թե փոփոխված Ընտրական օրենսգիրքն ինչ տեսք կունենա, հատկապես որ դրույթները փոփոխության կենթարկվեն։ Պարզից էլ պարզ է, որ նույնիսկ ամենաիդեալական օրենսգիրքը չի երաշխավորում արդար, թափանցիկ ընտրությունների իրականացումը։






Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ