Եթե ՌԴ-ն գործընկեր է, ապա ո՞վ է թշնամին

Եթե ՌԴ-ն գործընկեր է, ապա ո՞վ է թշնամին

Այս նախադասությունը լսեցի դեկտեմբերի 3-ին, Բրյուսելում, Եվրոպական խորհրդարանում, որտեղ գտնվում էի կարճատև այցելությամբ, «Ժառանգություն» կուսակցությունից, ԵԺԿ հրավերով: Բրյուսելում գտնվելու օրերին Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և ԵԺԿ աշխատանքային խմբի նիստերին մասնակցելու առիթ եղավ, որոնցում քննարկվում էր վիլնյուսյան գագաթնաժողովը:



 



Երկու նիստում էլ ԵԺԿ լեգենդար գործիչները, հատկապես նրանք, ովքեր եղել են կոմունիստական այլախոհներ` Լիտվայի նախագահ Վիտաուտաս Լանդսբերգիսից մինչև լեհական «Սոլիդարնոստից» եկող Յացեկ Սարյուս-Վոլսկի, Էստոնիայից Տուննե Կելամ և այլոք, անդրադառնում էին Ռուսաստանին շատ օրինաչափ և արդիական մի հարցադրմամբ, որը լավագույնս ամփոփեց ԵԺԿ փոխնախագահ Գունար Հոկմարկը. «Եթե Ռուսաստանը ԵՄ-ի համար ռազմավարական գործընկեր է, այդ դեպքում ո՞վ է ռազմավարական թշնամին»:



 



ԵՄ շարժիչ ուժը՝ լեհական «Սոլիդարնոստը»



 



Հեռվից դիտելիս ինչ էլ թվա կամ երևա ԵՄ Արևելյան գործընկերության ծրագիրը, Բրյուսելում, հատկապես Լյուքսեմբուրգի հրապարակում վեր խոյացող Եվրոպական խորհրդարանի շենքում, ԽՍՀՄ-ի վերջին տարիների պատմությանն ու փլուզմանը ծանոթ ցանկացած մարդու շատ արագ հասկանալի է դառնում, որ ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շարժիչ ուժը դեռ անցյալ դարի 80-ականներին կոմունիստական Լեհաստանում ծնունդ առած «Սոլիդարնոստ» շարժման ոգին և գործիչներն են:



 



«Սոլիդարնոստը» Լեհաստանի Գդանսկ քաղաքի աշխատավորների սկզբնավորած շարժումն է, որ փոթորկեց ողջ Լեհաստանը և կրեց հակառուսական ու հակակոմունիստական պայքարի դրոշը ամբողջ մի տասնամյակ, մինչև տապալվեց խորհրդային կայսրությունը, ազատագրվեցին Արևելյան Եվրոպայի ժողովուրդները և քայլերթերով անցան Եվրոպայում մնացած ռուսական ավերակների վրայով: Հետո «Սոլիդարնոստի» առաջնորդ Լեխ Վալենսան ընտրվեց հետկոմունիստական Լեհաստանի առաջին նախագահ:



 



«Սոլիդարնոստի» հակառուսական ոգին երկրորդ անգամ կատարյալ հաղթանակ տոնեց Ռուսաստանի և ռուսների դեմ պայքարում, երբ 2004-ին ոչ միայն Լեհաստանը, այլև ողջ նախկին սոցիալիստական ճամբարը միացավ Եվրոպական Միությանը: Այդ երկրները նաև անցան ՆԱՏՕ-ի պաշտպանական վահանի ներքո և ավելի ուշ իրենց տարածքներում սկսեցին տեղակայել ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության կայաններ:



 



Արևելյան Եվրոպայի ազատագրումից և ԵՄ-ին բարեհաջող ինտեգրվելուց հետո մնում է վերջին եվրոպական երկրները և ժողովուրդներին «չարիքի կայսրությունից» ազատելու գործը, որը, թվում է, դարձել է նախկին «Սոլիդարնոստի» գործիչների և խորհրդային այլախոհների վերջին և եզրափակիչ ճակատամարտը Ռուսաստանի դեմ: Եթե անգամ մինչ 2013-ի սեպտեմբեր այդպես չի եղել, այժմ, Հայաստանի և Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրերի կնքման հարցում Մոսկվայի հարուցած խոչընդոտներից հետո, իրերը Եվրոպական խորհրդարանում սկսել են ներկայանալ հենց այդ լույսով:



 



Պուտինի արձանը, ինչպես Ստալինի






Բրյուսելում առանձնակի հաճույք էր տեսնել, թե Եվրոպական խորհրդարանում որքան համախոհներ, բարեկամներ ու գործընկերներ ունի Արևելյան գործընկերության ծրագիրը: Թվում էր՝ նախկին սոցիալիստական երկրներից եկած համարյա ամեն անձ` խորհրդարանի անդամ, խորհրդական թե օգնական, պատրաստ է Արևելյան գործընկերների շահերը ներկայացնել և պաշտպանել` այլևս չասած մարդկային ջերմության և համագործակցության մասին: Եվ, իհարկե, այդ ընթացքի խմբավարներն ու ոգեշնչողները լեհերն են:



 



Ընդ որում, նախկին սոցիալիստական երկրները Արևելյան գործընկերների լոբբինգով զբաղվում են մեծ հաջողությամբ: Երևակայեք միայն, թե ինչ աշխատանք պետք է ներդրվի, որպեսզի ԵՄ հարևանության ծրագրին հատկացվող ֆինանսական ռեսուրսների 30-40%-ը գնա Արևելյան գործընկերներին (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա), երբ Հարավային գործընկերության երկրները (Ալժիր, Եգիպտոս, Հորդանան, Իսրայել, Լիբիա, Լիբանան, Մարոկկո, Պաղեստին, Սիրիա, Թունիս) ունեն երեք անգամ ավելի մեծ թվով բնակչություն, և նրանց հովանավորներն էլ այդ տարածքների հետ դեռ գաղութատիրության ժամանակներից կապված Ֆրանսիան և Իտալիան են: Այլևս չասած Իսպանիայի և Պորտուգալիայի մասին, որոնք էլ իրենց հերթին ջանում են ընդհանրապես ԵՄ հարևանության ծրագրին հատկացվող միջոցները նվազեցնել ընդհանուր Զարգացման բյուջեում, և ֆինանսները տանել Լատինական Ամերիկայի երկրներ:



 



Այժմ Մոսկվայի կողմից Արևելյան գործընկերության ծրագրին խոչընդոտելը, թվում է, նույնպիսի ծառայություն է մատուցել այդ ծրագրին ու նրա կողմնակիցներին, ինչ ժամանակին Ստալինը` Հյուսիս-ատլանտյան դաշինքին: Կա հայտնի մի ասույթ, որ պատկանում է Ուինսթոն Չերչիլին: Չերչիլն ասել է, որ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի առջև պետք է կանգնեցնել Ստալինի կիսանդրին, որովհետև, եթե չլիներ Ստալինի ստեղծած սպառնալիքը ազատ աշխարհի համար, երբեք Եվրոպան չէր միավորվի:



 



Այժմ էլ նույն ծառայությունը մատուցել է Պուտինը: Արևմտյան քաղաքական գործիչների վերաբերմունքը հաճախ եղել է այն, թե նախկին սոցճամբարի ժողովուրդները, մանավանդ լեհերը, պատմական անցյալի պատճառով այնպես են ատում ռուսներին, որ չեն կարող նրանց ռացիոնալ վերաբերվել: Հայաստանի և Ուկրաինայի հետ կատարվածից հետո բոլորը համոզվել են, որ արևելյան եվրոպացիների պատմական փորձառությունն ու հիշողությունը լոկ էմոցիաներ ցհեն, ռուսներն ավելի նման են ոչ թե գործընկերոջ, այլ հակառակորդի և չարիքի կայսրության: Արդյունքում, այժմ Արևելյան գործընկերության ծրագրի ջատագովների թիվը համալրել է Գերմանիան, ինչն արմատապես փոխում է իրավիճակը: Զուր չէ Գիդո Վեստերվելլեն Կիևի Եվրոմայդան գնացել և ելույթով հանդես եկել:



 



Եվրոպական հանձնաժողովի ինքնավստահությունը



 



Եվրոպական խորհրդարանի, գոնե Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և հատկապես մեծագույն քաղաքական ուժի` ԵԺԿ-ի տրամադրությունները վիլնյուսյան գագաթնաժողովից հետո լավագույնս արտահայտված են այս հոդվածի վերնագրում:



 



Ինչ վերաբերում է Եվրոպական Միության մյուս առանցքային կառույցի՝ Եվրոպական հանձնաժողովի դիրքորոշմանը, ապա Հանձնաժողովը, մասնավորապես ԵՄ Բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի գլխավորած European External Action Service-ը, որ ինչ-որ տեղ ԵՄ արտաքին և պաշտպանության նախարարությունների դերակատարն է, վիլնյուսյան գագաթնաժողովի վերաբերյալ այլ գնահատականներ ունի: Շատ ավելի ռացիոնալ, քան զգայական:



 



Լեդի Էշթոնի կառույցից Գունար Վիգանդը, ով եղել է Արևելյան գործընկերների հետ Ասոցացման համաձայնագրերի բանակցողը, և ում ստորագրությունն էլ դրվում է Համաձայնագրի բոլոր էջերին այն նախաստորագրելիս, այն կարծիքին է, որ Վիլնյուսում վերջապես եղել են շոշափելի արդյունքեր Արևելյան ծրագրի ուղղությամբ: Այո, առաջ են եկել նաև խնդիրներ, բայց դրանք հետևողականորեն կլուծվեն, դիվանագիտությունը երբեք կարճաժամկետ խաղ չէ:



 



2009-ին, Պրահայում, երբ տրվեց Արևելյան գործընկերության մեկնարկը, դա միայն գաղափար էր, ուրիշ ոչինչ: 2011-ին, Վարշավայում, 117 էջի վրա շարադրվեց ծրագիր, որ ինչ-որ առումով Արևելյան գործընկերության ճանապարհային քարտեզ էր: Այժմ, 2013-ին, Վիլնյուսում վերջապես սեղանին ունեցանք որոշ շոշափելի արդյունքներ, որ թույլ են տալիս դատել ծրագրի կենսունակության մասին: Այո, ի հայտ եկան նաև խնդիրներ, բայց դիվանագիտությունում միշտ էլ այդպես է` ինչ-որ բաներ պետք է հաջողվեն, ինչ-որ բաների ուղղությամբ էլ պետք է շարունակել աշխատել: Հետևողականություն և լուծումներ. սա է Եվրոպական Միության սկզբունքը միջազգային հարաբերություններում, և այդպես էլ շարժվելու ենք առաջ: Սա էր պրն. Վիգանդի դիրքորոշումն ու գնահատականը վիլնյուսյան գագաթնաժողովին:



 



Վիգանդի մեկ այլ գնահատական ավելի հետաքրքիր էր: Ըստ նրա՝ Արևելյան գործընկերության երկրները տարբեր են Լեհաստանից, Չեխիայից, Էստոնիայից և այլն, երկու առանձնահատկությամբ: Առաջին, այսօրվա Արևելյան գործընկերության երկրների քաղաքական վերնախավերը չունեն ոչ մտավոր, ոչ վարչական, ոչ տնտեսական, ոչ ֆինանսական կարողություն՝ մրցակցային տնտեսություն կամ արդյունավետ պետություն կառուցելու: Նրանք դուրս են եկել ամբողջատիրությունից և չեն հասել կապիտալիզմի, այլ անշարժացել-մնացել են ինչ-որ տեղ այդ ճանապարհին: Նրանց պատկերացրած կապիտալիզմը Մարքսի «Կապիտալն» է: Եվ եթե հարյուր հազարավոր մարդիկ դուրս են գալիս փողոցներ եվրաինտեգրման պահանջով, այդտեղ ոչ միայն Եվրոպայի հետ միանալու ցանկությունն է դեր կատարում, այլև հույսը, որ այդկերպ իրենց երկրները դուրս կգան այն ճահճից, որում հայտնվել են:



 



Երկրորդ, Արևելյան գործընկերության բոլոր երկրներում ներկա է Ռուսաստանը, որոշ տեղերում՝ անգամ ռազմական ներկայությամբ, ինչն ստեղծել է Արևելյան Եվրոպայի երկրներից տարբերվող իրավիճակ:



 



Ինչպես տեսնում եք, Բրյուսելում ավելի լավ գիտեն, թե ովքեր իրենցից ինչ են ներկայացնում և ինչ շահեր ունեն Արևելյան գործընկերությունում, ու դժվար թե այդ մարդիկ երբևէ ինքնավստահությունը կամ զարգացումների հանդեպ հսկողությունը կորցնեն:






Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ