Է՜, որ նման բան ընտանիքում լիներ, տան մեծը կհարցներ՝ արա՜, պարտք ես արել, որ ի՞նչ անես

Է՜, որ նման բան ընտանիքում լիներ, տան մեծը կհարցներ՝ արա՜, պարտք ես արել, որ ի՞նչ անես

Մի բան չեմ հասկանում: Թմբուկն առել ու խփում եք՝ Իրանն ավելի էժան գազ կտա, Իրանն ավելի էժան գազ կտա: Ռուսաստանի գազով մեզ գազ տվիք, երկինք թռցրիք, հիմա էլ հերթը Իրանի գազի՞ն է հասել: Ռուսաստանն էլ մեզ էժան է տալիս, որ ի՞նչ, սպառողին այդ էժանը հասնու՞մ է:



 



Գազի ակնին իշխանությունն է նստած, տված գազն առնում ու պարտքերն է փակում: Ի՞նչ պարտքեր են դրանք, ինչքա՞ն են, երբվանի՞ց են, տան անդամները չգիտեն, թաքցնում է: Էնպես էլ խորհրդավոր է թաքցնում, ասես պարտք է արել ու իր քաղցած երկրին այդ սովի տարիներին պահել: Է՜, որ նման բան ընտանիքում լիներ, տան մեծը կհարցներ՝ արա՜, պարտք ես արել, որ ի՞նչ անես: Կամ՝ արա՜, խի՞ չես խոսում, խի՞ ես լալկվել, բա հիմա ո՞նց եք փակելու՝ մի տուն ունեինք, դա էլ ես ծախել: Մեզ սաղ-սաղ թաղում ես, որ ի՞նչ անես: Այդքանն ասելու փոխարեն մեկ էլ Իրանի գազն եք մեյդան գցել՝ Մուհամմեդն ասում է, որ իրենք անօթևան ընտանիքին ավելի էժան գազ կտան: Բա մեկիդ մտքո՞վ չի անցնում, որ էդ գազի խողովակը մերը չի, արդեն ռուսինն է, մի 20 տոկոս ունեինք, էն էլ ռուսին տվինք, ասինք՝ եղբայր, ա՛ռ, կուզես մեզ պահիր, կուզես դանակը դիր ու ճիտներս կտրի: Բա ռուսը մեզ նման ախմա՞խ է, որ թույլ տա մուհամմեդները ռուսական խողովակով էժան գազ տան Հայաստանին:



 



Էդ 20 տոկոսը, որ պարտքի տեղ առել է, ներքին կարգով ասել է՝ տես հա՜ էլ թպրտալու տեղ չունենաս, մեր ներքին գնով տալիս եմ, որ էն մեծ-մեծ պարտքերդ փակես, ժողովուրդն էլ, ջհաննամ, կդիմանա, լավ, չի դիմանա, թող գա մեզ համար աշխատի: Այլընտարքդ էլ ես եմ, որովհետև միայն ես գիտեմ, թե էդ պարտքը ինչի՞ համար ես արել: Իրան, դու՜ Իրան: Հիմա ինչքան էժան գազ տա Հայաստանին, այնքան Ռուսաստանին օգուտ: Հայաստանն այլընտրանք ունենալ չի կարող:



 



Թե էդ վիճակից ո՞նց ենք դուրս գալու, հիմա դուք ասեք:



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ