Ողջույն, Մունդիալ-2014, ատելի ֆուտբոլ

Ողջույն, Մունդիալ-2014, ատելի ֆուտբոլ

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունից ոչ մի կերպ չես պոկվի, պարզապես չես կարող փախչել, փակել աչքերդ, ականջներդ: Խելահեղ արագություն հավաքած համաճարակը` աշխարհի առաջնությունը, հորդում է քաղաքներով, գյուղերով, անհրավեր մտնում տներ, բակեր, ուրախության ճիչերով ու տխրության հառաչներով դուրս թռչում դռներից ու պատուհաններից: Ֆրանսիացի արձակագիր Ֆրանսուա Մորիակն ասում էր, որ 20-րդ դարը ֆուտբոլի դար է լինելու: Երբ հետահայաց նայում ես ֆուտբոլի զարգացմանը, 20-րդ դարը մանուկ է թվում, իսկ 21-րդը` նոր սկզբնակետ: Ահռելի գումարների, տրանսֆերների, կրքերի, մարզիկների ու մարզիչների անձնական կյանքի հորձանուտի արանքներում սթափ մտքի ու վերլուծության համար ասես տեղ չի մնացել: Ֆուտբոլից ստացված հաճույքը հորինվածք է, անմշակույթ իրականություն, որին այլեւս գրոհել չի լինում: Ֆուտբոլը պաշտպանության կարիք չունի, նրա բանակn աշխարհում ամենամեծն է, զորեղը: Շատ ժամանակ նույնիսկ նոր տեխնոլոգիաները չեն կարողանում մրցակցել նրա հետ:



 



Քաղաքակրթության համար ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կարծես հռոմեական գլադիատորական մարտերի այլափոխությունը լինի, որտեղ տեսանելի ու շոշափելի արյունահեղություն չկա, բայցեւայնպես, ֆուտբոլով միջոցների նմանօրինակ վատնումը աշխարհում աղքատության մեջ ապրող ու մեռնող հազարավոր մարդկանց կեցության համար խաղանենգություն է, որ բնավ հակադարձ փաստարկների կարիք չունի: Ըստ Թեոդոր Ադորնոյի, ժամանակակից աշխարհում բնակություն հաստատած ցավի չափաքանակն այնքան բարձր է, որ յուրաքանչյուր անհեթեթ բան այլեւս արվեստային է ընկալվում. ընկալվում է գեղեցիկ: Ֆուտբոլի գեղեցկության մասին խոսակցությունները կշարունակվեն անվերջ, մինչեւ խաղի պատմական ավարտը: Բայց ավելի ճիշտ կլինի ձեւակերպել այսպես. խոսակցություններ ոչ թե գեղեցկության մասին, այլ ժամանցային հաճույքի, որ գրեթե միշտ զբաղեցնում է գեղեցկության տեղը: Ֆուտբոլից հաճույք ստանալու եռանդը հաղթանակում է կեցության` հիմա արդեն հեգնելի բառի վերածված «հավերժական» հարցերին, որոնք մնացել են հեռվում` խուլ արձագանքների մեջ:



 



Ժամեր անց խելահեղ արագություն հավաքած համաճարակը կգրավի մայրցամաքները, քաղաքները, գյուղերը: Աշխարհի բոլոր կետերում ինչ-որ բան «լրջորեն» կվերափոխվի: Ժամեր անց մարդկային բազմաթիվ գիտակցություններ բեւեռված կլինեն ընդունված խաղի կանոններին` նրանից քամելով հաճույքի դյութիչ նեկտարը, եւ ուրեմն՝ ողջույն, Մունդիալ-2014, ատելի ֆուտբոլ:



 



Արամ ՊԱՉՅԱՆ