Վախճանվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մարգարիտա Յախոնտովան

Վախճանվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մարգարիտա Յախոնտովան

Կյանքի 79-րդ տարում վախճանվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի թատերական գործիչների միության անդամ, թատերագետ Մարգարիտա Վիկտորի Յախոնտովան: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից:
Մարգարիտա Վիկտորի Յախոնտովան ծնվել է 1935 թ. հուլիսի 2-ին, Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ), 1952-1956 թթ. սովորել և ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի իսպաներենի բաժինը: 1965 թվականին Մ. Յախոնտովան տեղափոխվել է Երևան, աշխատակցել «Գրական թերթ», «Կոմունիստ», «Կոմսոմոլեց» և այլ թերթերին: Ավելի քան 50 տարի նա անմնացորդ ծառայել է հայ և ռուս թատրոններին:

1971 թվականից մինչև վերջին տարիները նա աշխատել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում: 1982-1989 թթ. աշխատել է Երևանի դրամատիկական թատրոնում նախ որպես գրական մասի վարիչ, ապա՝ Հր. Ղափլանյանի և Ալ. Ասլամազովի հետ համատեղ հանդիսացել է «Բարեկամություն» թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, կազմակերպել համաշխարհային ճանաչում ունեցած թատրոնների երևանյան հյուրախաղեր: 1985 թվականից համատեղությամբ աշխատել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի օգնական: Եղել է Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղար: