Արցախում մարդիկ հազվադեպ են պայքարում իրենց իրավունքների համար
ԼՂՀ-ում տոները միանման են անցնում: Շուշիի գրավման օրը կլինի, թե Վազգեն Սարգսյանի ծնունդը, թե ԼՂՀ անկախության օրը: Ստեփանակերտում պաշտոնական արարողություններ են, զոհվածների շիրիմներին ծաղկեպսակներով այցեր, համերգային ծրագիր: Այս անգամ էլ՝ սեպտեմբերի 2-ին, ամեն ինչ նույնն էր:
Անկախությունը հռչակած, բայց անգամ իր հարազատ Հայաստանի կողմից պաշտոնապես չճանաչված Արցախի մայրաքաղաքում միայն շնորհավորական խոսքեր էին հնչում, ուղերձներ էին բարձրաձայնվում կայացած պետականության, հարեւան Ադրբեջանից ավելի զարգացած դեմոկրատիա եւ զարգացող տնտեսություն ունենալու մասին: Բայց այսօր սեպտեմբերի 5-ն է, եւ կարելի է անդրադառնալ Արցախի ժողովրդի կյանքի իրողություններին, որոնց թե Հայաստանում, թե Արցախում մեծ զգուշավորությամբ են անդրադառնում: Կիսապատերազմական այս երկրամասում չկան ընդդիմադիր թերթեր, քաղաքացիական պայքարի բովում թրծված իրավապաշտպաններ, անկախ փաստաբաններ: Շուշվա բերդի աշխատողները կարող են մարդ ծեծել դատարանի դահլիճում, իսկ դատավորն իրեն չտեսնելու դնի: Այդ բերդի դատապարտյալները երազել անգամ չեն կարող, որ իրենց մոտ լրագրող կգա: Շուշվա բերդը մինչ օրս ոստիկանության ենթակայության տակ է, թեեւ այստեղ սկսել են մտածել ավելի քաղաքակիրթ համակարգի անցնելու եւ կալանավայրն արդարադատության համակարգին փոխանցելու մասին:
Կառավարության իշխանությունը ԼՂՀ-ում անսահման է: Վերջերս այնտեղ գտնվելով՝ 24-25 տարեկան երիտասարդների հետ զրույցներից իմացա, որ ԼՂՀ կառավարությունը հարմար պայմաններով հիպոթեքային վարկավորում է սկսել երիտասարդ ընտանիքների համար: «Ես դիմել եմ, ինձ ասացին, որ դեռ պետք է կառավարությունից գան, իրենց բաժինը վերցնեն ու նոր մնացածը բաժանեն»,- ասաց մեր զրուցակիցը, որը Շուշի քաղաքում է ապրում: Շուշիի մեկ այլ բնակիչ էլ՝ Սիփան Պետրոսյանը, որը նորածին երեխա ունի, անցյալ ամիս իր ոտքով էր եկել խմբագրություն՝ բողոքելով, որ կառավարությունը մերժում է նրան ներգրավել այս ծրագրում, որեւէ պատասխան նրա գրավոր հարցումներին չի տալիս, թեեւ օրենքով սահմանված ժամկետներն անցել են: «Անհրաժեշտ եմ համարում հիշեցնել Ձեզ այն մասին, որ մինչ խնդրով անհանգստացած մարդիկ հողատարածք են որոնում, Շուշիում բազմաթիվ ամայի հողատարածքներ կան, որոնք պատկանում են որոշ պաշտոնյա այրերի եւ անհատ օլիգարխների: Որոնց անուն-ազգանուններն ու նրանց սեփականություն հանդիսացող հողատարածքի մակերեսի չափերը օրենքով սահմանված կարգով սույն թվականի մայիսի 20-ի N1/104 դիմումով խնդրել եմ հրապարակել, սակայն Շուշիի քաղաքապետարանի կողմից գրավոր կերպով ստացել եմ մերժողական ու խիստ անհիմն պատասխան,- գրում է արցախցի լրագրող Ռուզաննա Ծատրյանը նախագահ Բակո Սահակյանին ուղղված բաց նամակում։
- Ստեղծված ծայրահեղ աստիճանի հիասթափեցնող ու ժողովրդի մոտ պետության եւ տիրող կարգերի հանդեպ խիստ բացասական կարծիք ձեւավորող իրավիճակը լիովին թույլ է տալիս մտածել, որ արցախցին չգրված օրենքով իրավունք չունի հող ունենալ իր ազատագրած հողում»: Այն փաստը, որ լրագրողը ոչ թե հոդված է գրում, այլ բաց նամակ, ինքնին խոսում է ԼՂՀ-ում մամուլի վիճակի մասին: Հասարակ մարդիկ ավելի հազվադեպ են ձայն բարձրացնում անօրինականությունների դեմ: Այգեստան գյուղի բնակչուհի Անահիտ Առուշանյանը հայտնել էր «Ապառաժ» կայքին, որ Առուշանյանների համար, որպես զոհված ազատամարտիկի ընտանիքի, կառավարությունը տուն էր կառուցել խայտառակ թերություններով: Առաստաղից երեխայի գլխին ջուր էր կաթում, կոյուղի եւ տարրական հարմարություններ չկային: Արդյունքը եղավ այն, որ «Ապառաժ» կայքից այս նյութը պարզապես հանվեց, իսկ Առուշանյաններին կառավարության մարդիկ ուղղակի ստիպեցին թուղթ ստորագրել, որ իրականում ոչ մի բողոք չունեն:
«Թերթի խմբագրությունն ստիպված է եղել նյութը հանել հրապարակումից, ապա իմ տուն են ներկայացել շիննախարարության եւ կառավարության մի խումբ աշխատակիցներ եւ տարատեսակ սպառնալիքներ են ներկայացրել ինձ եւ սեյսմիկ ծառայության աշխատակցին, որը բացասական է որակավորել կատարված շինարարությունը։ Որոշ ժամանակ անց հրավեր եմ ստացել Ասկերանի շրջվարչակազմի կողմից, որտեղ ինձ հերթական անգամ փորձել են ստիպել բաց նամակով հայտնել Ձեզ, որ այլեւս ոչ մի պահանջ չունեմ»,- դիմել է կինը ԼՂՀ նախագահին, որպես վերին դատավորի, բայց արդեն հայաստանյան մամուլի՝ «Հրապարակ» թերթի միջոցով: Լրագրող Ռուզաննա Ծատրյանի, Սիփան Պետրոսյանի, Անահիտ Առուշանյանի նման մարդիկ Արցախում քիչ են: «Ինչո՞ւ չեք պաշտպանում ձեր իրավունքները» հարցին արցախցիք հիմնականում մեկ պատասխան են տալիս՝ պատերազմ տեսած ժողովուրդը դրա իրավունքը չունի:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
[email protected]
Կարծիքներ