Սպիտակի եւ կարմիրի հանդիպումը

Սպիտակի եւ կարմիրի հանդիպումը

Ուրբաթ երեկոյան, աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհին, Վերնիսաժի մոտ ինձ կանգնեցնում են:




- Простите вы из Украины




Միանգամից հասկանում եմ, որ պատճառն իմ վերնաշապիկն է:
Մի քանի ամիս առաջ, ամռանը, ընկերոջիցս ուկրաինական ազգային ասեղնանախշերով վերնաշապիկ էի նվեր ստացել: Սպիտակ, անօձիք վերնաշապիկի ճիշտ կենտրոնից կարմիր թելով դրվագավոր նախշեր են բարձրանում: Սպիտակի եւ կարմիրի զուգադրումն առանձնահատուկ հմայք ունի, եւ ինձ միշտ թվացել է, որ սլավոնական աշխարհի մեկնակետը հենց սպիտակի եւ կարմիրի զուդադրումն է… սկզբում սպիտակի ու կարմիրի բախումը, որից հետո իջնում է հմայող ներդաշնակությունը:




Դիմացս կանայք էին կանգնած` բարձրահասակ, կապույտ փայլող աչքերով: Ժպտալով նայում էին վերնաշապիկիս: Ասացի` հայ եմ: Ասացին, որ իրենք ուկրաինացիներ են, որ փողոցի մյուս կողմից նկատել են վերնաշապիկս, մտածել են՝ Ուկրաինայից եկած զբոսաշրջիկ եմ: Հարցրին` իսկ որտեղի՞ց վերնաշապիկը: Պատմեցի, հետո ավելացրի, որ սիրահարված եմ վերնաշապիկին, որ օրերով հագիցս չեմ հանում, որ սպիտակի ու կարմիրի համադրության մեջ ինձ խաղաղ եմ զգում: Մի տեսակ հուզվեցին: Պատմեցին, որ վաղուց ապրում են Հայաստանում: Մի փոքր ուկրաինական համայնքից խոսեցին, ուկրաիներեն տպվող թերթից, երգչախմբից:
Հարազատության զգացողությունը կազմված նախադասություններին զվարթություն է հաղորդում, բայց նրանց խոսքի մեջ ցավ ու ափսոսանք կար, նույնիսկ (ամենաանկարեւոր) բառերի տարածությունում, ու պարզ էր, թե ինչու:
Մի պահ լռեցինք:




Ուզում էի խոսք բացել ուկրաինական վերջին դեպքերի մասին, մտածեցի՝ իրենք էլ են ուզում: Բայց չգիտեի ինչ ասել: Հիշեցի այս տողերը Վարդան Ֆերեշեթյանի գրքից.
«Եթե մենք խոսում ենք տարբեր բաներ, ապա լռում ենք միեւնույն Բանը…
Ամենաներսը` ամենադրսում: Ամենաներսն ինքն իր ներսում չի տեղավորվում, մի օր պիտի ժայթքի, երբեք ու երբեք չդատելով նրանց, ովքեր չեն ժայթքում: Ծանր է…»։
Եվ նորից.




«Եթե մենք խոսում ենք տարբեր բաներ, ապա լռում ենք միեւնույն Բանը…»:
Մինչեւ խոսակցության ավարտը Ուկրաինայում տեղի ունեցող ողբերգական դեպքերի մասին ոչ մի բառով մենք այդպես էլ չփոխանակվեցինք:
Միայն հրաժեշտ տալիս ես Ուկրաինայի համար խաղաղություն մաղթեցի:
Նրանք խաղաղություն մաղթեցին աշխարհում ապրող բոլոր ազգություններին:
Հիմա ես մտածում եմ սպիտակի ու կարմիրի վերջնական հանդիպման մասին, բայց միայն լույսի մեջ՝ պայծառ լույսի:




Արամ ՊԱՉՅԱՆ