Տանուտերերի հիշատակին

Տանուտերերի հիշատակին

Ի նոցա հայոց եղծ տանուտերեր Սերժ Սարգսյանի եւ Սուրիկ Խաչատրյանի




Զաքարիա Քանաքեռցու «Պատմագրության» մեջ մի գլուխ կա, որտեղ պատմվում է Ամիրջան անունով տանուտերի մասին.




«Ամիրջան անունով մի մարդ, որ հպարտ ու գոռոզ էր, ինքնահավան ու (ուրիշներին ծաղրող): Քանզի ում որ իրենց գյուղի` Քանաքեռի տանուտեր էին նշանակում, նա անարգում ու ծաղրում էր, ասելով` գյուղի ավերող ու քանդող: Այս պատճառով բոլոր գյուղացիները միաբանվեցին եւ ասացին` եկեք սրան տանուտեր նշանակենք, թերեւս սրա հպարտությունը սանձենք: Եվ այդպես էլ արին, նրան դրին Քանաքեռի տանուտեր: Մկրտիչ անունով մի մարդ, որ ճարտար էր ու լեզվանի, պարսկերեն իմացող, սաղմոսներ կարդացած ու մտքում պահած, սրան էլ նշանակեցին նրան քարտուղար, որպեսզի ինչ առեւտուր լինի գյուղի համար, Մկրտչի ձեռքով կատարվի եւ այն ամենը գրի առնի, որպեսզի ոչ մի բան զուր չկորչի: Եվ այդպես հաշտ մնացին տանուտեր Ամիրջանն ու քարտուղար Մկրտիչը չորս տարի: Ինչ որ ծախվում էր, Մկրտիչը գրում էր թվականով եւ ամսվա օրերով: Այնպես եղավ, որ մի օր գյուղի մեծամեծները հավաքված էին եւ խոսում էին իրենց շահույթի մասին: Իսկ տանուտերը ըստ իր մեծասրտության եւ բարքի գոռոզության կատաղեց Մկրտչի վրա եւ ասաց` քեզ ո՞վ իրավունք տվեց հրապարակում խոսել: Մկրտիչը ասաց. ի՞նչ վնաս տվեց իմ խոսելը, որ դու այդպես զայրանում ես: Ամիրջանը մահակը բարձրացրեց նրա վրա եւ նրան կին հայհոյեց` կնոջը բոզ անվանելով: Մկրտիչը ոչինչ չասաց, այլ ելավ ու լռելյայն գնաց: Նրա հետ շատերը ելան…»:



Ամիրջան անունով տանուտերի պատմությունն այսպես է ավարտվում: Երեք օր Մկրտիչն սպասում է` մտածելով, որ Ամիրջանն իր մոտ մարդ կուղարկի եւ ներողություն կխնդրի: Սակայն տանուտերը ներողություն խնդրելու փոխարեն սպառնալիքներով օգնականից պահանջում է առեւտրի թղթերը: Մկրտիչը սրա մասին պատմում է Քանաքեռի ավագներին: Նրանք հավաքվում են եւ Մկրտչին անհիմն վիրավորանք հասցնելու համար Ամիրջանից հաշիվ են պահանջում եւ ասում են, որ ներկայացնի տանուտիրության առեւտրամատյանը: Պարզվում է, որ Ամիրջանը երեք տարվա հարկի պարտք ունի: Պահանջում են վճարել: Ասում է` «դուք ի՞նչ շուն եք, որ ես ձեր խոսքով հաշիվ տամ, գնացեք խանից ոստիկան բերեք, որ նրա ներկայությամբ հաշիվ տամ»: Երեւանի խանը ոստիկան է ուղարկում: Ամիրջան տանուտերին պատից կախում են ու բրածեծում. «...այնքան խփեցին ոտքերին, մինչեւ որ տասը եղունգները թափվեցին, եւ ուռուցքը բարձրացավ ծնկից վեր: Վեց օր այդպես սաստիկ ձաղկեցին նրան: Զատկից հետո հիսունքի (հիսուն օրվա) չորրորդ շաբաթն էր, նրա պատժի յոթերորդ օրը, կեսօրին ամպ եղավ ինչպես գիշեր, ամպը գոռաց ու ճայթեց, փայլատակում ու կայծակ եղավ, անձրեւ եկավ եւ հավի ձվի չափ մեծամեծ կարկուտ եկավ, ամենքը, որ այնտեղ (պատժավայրում) էին, փախան, մնաց միայն Ամիրջանը կախաղանից կախված, կարկուտի տակ»:



Սա խրատական առակ չէ եւ ոչ էլ նախազգուշացնելու համար է աշխատասիրվել:
Տանուտերերի հիշատակի համար սղված նրանց կյանքի պատմությունն է. այն բոլոր տանուտերերի, որոնք անձնասպանության են հասցնում իրենց տան ժողովրդին ու այլանդակվելով ու շունչը փչելով՝ բրածեծ լինում խաների ուղարկած ոստիկանի կողմից:



Եվ, ուրեմն, ի նոցա հայոց եղծ տանուտերեր Սերժ Սարգսյանի եւ Սուրիկ Խաչատրյանի հիշատակին: