Օդապարուկների օրը՝ նաև Հայաստանում

Օդապարուկների օրը՝ նաև Հայաստանում

Հոկտեմբերի երկրորդ կիրակին աշխարհում նշվում է որպես Օդապարուկների օր: Այդ տոնին այս տարի միացել է նաեւ Հայաստանը, որտեղ տոնը կնշվի Սեւանա լճի ափամերձ դաշտում: Նախագծի հեղինակն է Սամվել Ռոստոմյանը, ում գաղափարը լավագույնն է ճանաչվել «Օսըմ» (Awesome) հիմնադրամի երեւանյան մասնաճյուղի կողմից եւ ստացել ֆինանսավորում՝ այն կյանքի կոչելու համար:



Միջոցառման աշխատանքները համակարգող Վարդուհի Արամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նպատակ կա տոնն ավանդական ու շարունակական դարձնելու, քանի որ մեր երկրի բնակլիմայական պայմանները լրիվ նպաստավոր են դրա համար. «Մենք չենք սիրում քամիներ, որովհետեւ չգիտենք, թե դրա հետ ինչ կարելի է անել, այն դեպքում, երբ ունենք շատ լավ քամիներ ու կարելի է ճիշտ օգտագործել այդ հանգամանքը եւ լավ ժամանակ անցկացնել օդապարուկներով: Բացի այդ, օդապարուկների զվարճանքը բնության գրկում, որպես ժամանցի, զվարճանքի միջոց, կմտնի մեր մշակույթի մեջ, ինչն էկոլոգիապես մաքուր զվարճանքի միջոց է եւ այսօր շատ արդիական է ու կարեւոր: Ի վերջո, կա նաեւ նման միջազգային տոն, որին միանալով՝ Հայաստանը կդառնա դրա մասնիկը»: Չնայած դա մեծերի խաղալիք է, բայց կազմակերպիչները ներգրավել են նաեւ փոքրիկներին, առանց խտրականության՝ աշխատելով ցանկացած խմբի հետ:



Վարդուհի Արամյանը նշում է, որ օդապարուկները պատրաստում են թղթից, փայտից, թելից եւ բնապահպանական առումով ոչ մի վտանգավոր նյութ չեն օգտագործում: Ավելին՝ ցանկացողները կարող են «Հայկական ճամբար» ՀԿ-ի գրասենյակում մասնագետ-վարպետի օգնությամբ անձամբ իրենց օդապարուկը պատրաստել. «Ուզում ենք միայն ակցիա չանել, այլ նաեւ մեծացնել մարդկանց հետաքրքրվածությունը, մասնակցությունն այս տոնին»: Չնայած դեռ ժամանակ կա, բայց տոնին մասնակցել ցանկացողներն ակտիվ են թե սոցիալական հարթակում եւ թե անձամբ իրենց մասնակցությունը գրասենյակում հավաստելով: Կազմակերպիչները ցանկացողներին նոյեմբերի 16-ին կտեղափոխեն միջոցառման վայր՝ Արտանիշ գյուղի հարակից ափ, որտեղ, բուն միջոցառումից բացի, սպասվում են նաեւ խաղեր, մրցույթներ:



Սոնա ԱԴԱՄՅԱՆ