«Էյր Արմենիան» նոր ներդրող ունի

«Էյր Արմենիան» նոր ներդրող ունի

«Էյր Արմենիա» ընկերության սեփականատեր Արսեն Ավետիսյանն ամեն ինչ անում է, որպեսզի իր ընկերությունը ոտքի կանգնեցնի, եւ պարբերաբար լավատեսական հայտարարություններ է անում մամուլում: Վերջին շրջանում հայտնի դարձավ, որ ընկերությունը մեծ պարտքեր ունի եւ այլեւս չի գործում: Լուրեր տարածվեցին, որ հոլանդական ընկերությունը, որից «Էյր Արմենիան» օդանավեր էր վարձակալել, եւ որին մեծ գումար էր պարտք, հետ է տարել օդանավերը: Արսեն Ավետիսյանն այն ժամանակ հայտարարեց, որ հոլանդացիներին, ուղղակի, «հավելյալ երաշխիքներ են պետք, որպեսզի նրանք վստահ լինեն, որ մենք մեր ամսավճարները ժամանակին կվճարենք»:



Նա խոստացավ, որ դեկտեմբերի 20-ին թռիչքները վերականգնվելու են: Բայց այսօր արդեն դեկտեմբերի 20-ն է, իսկ թռիչքները դեռ չեն վերականգնվել: Փոխարենը Արսեն Ավետիսյանը երեկ լավատեսական հայտարարություններ արեց մամուլի համար, զեկուցելով, որ 2 հազար 800 ուղեւորի տոմսերի փոխհատուցում է տվել, մնում են 375 ուղեւորներ, այն մասին, որ դոլարի փոխարժեքի տատանումներից ընկերությունը վնասներ չի ունեցել, եւ, որ ամենակարեւորն է, նոր ներդրող է հայտնվել՝ ուկրաինական «East Prospect Fund» ներդրումային հիմնադրամը, որը 30 մլն դոլար կներդնի ավիաընկերության 49% բաժնեմասում: Օդաչուները, սակայն, արդեն լքել են հայկական միակ ավիափոխադրողին, չնայած մեծ հարգանք ունեն վերջինիս տնօրենի նկատմամբ: «Ես ինքս սպասեցի դեկտեմբերի 20-ին, տեսա, որ թռիչքները չկան, դուրս եկա, բայց շատերն արձակուրդի մեջ են,- ասաց «Էյր Արմենիայի» նախկին աշխատակից, փորձառու օդաչու Գրիգոր Հայրապետյանը:- Մեզ խոստացել են աստիճանաբար աշխատավարձի պարտքերը փակել, եւ մենք սպասում ենք»:



«Հավատո՞ւմ եք արդյոք, որ հայկական ավիաընկերությունը կվերակենդանանա» հարցին պատասխանեց. «Դժվար եմ հավատում, որովհետեւ հիմա բարդ է ասեկոսեները տարբերակել լուրջ զրույցներից: Ես ուղղակի հուսով եմ, որ ինչ-որ մեկը գրագետ լուծում կգտնի: Բայց քանի դեռ մենք նայում ենք ավիացիային որպես փող բերող բիզնեսի, երկար ժամանակ կարող ենք ավիացիա չունենալ: Մինչդեռ սա անկախ երկրի ատրիբուտներից մեկն է, որը հիմա կորցնում ենք»: Գ. Հայրապետյանն ասաց, որ 3-4 օր առաջ եւս մի քանի օդաչու մեկնեցին Հայաստանից՝ գործ փնտրելով դրսում, մինչդեռ այստեղ մնում է մոտ 15-18 օդաչու: