Ջոն Հեֆերնը հեռանում է Հայաստանից. «Քհաղաղություն Ձեզ»

Ջոն Հեֆերնը հեռանում է Հայաստանից. «Քհաղաղություն Ձեզ»

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն այս տարի դեսպանի իր առաքելությունն ավարտեց: Երեկ նա հրաժեշտի ասուլիս էր հրավիրել: Մինչ իր պաշտոնական վերջին ելույթը, Ջոն Հեֆերնը հայտարարեց. «For the first let’s drink cup of սուրճ»: 3 տարի Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնն զբաղեցրած Հեֆերնը երեւի այն դեսպաններից է, ով չէր խուսափում Հայաստանի ներքաղաքական կյանքի մասին մեկնաբանություններ տալուց, ով, ի դեպ, դիվանագիտական էթիկայի կանոնների տեսակետից այնքան էլ ընդունելի չի համարվում: Նա անգամ Վիլյամս Ֆարելի տեսահոլովակի հայկական տարբերակի մեջ է նկարահանվել, պարել, դե իսկ իր վիդեոբլոգի մասին լռում ենք, որտեղ դեսպանը «քրտնատանջ» աշխատում էր հայերեն խոսել:



«Սա իմ վերջին պաշտոնական օրն է Հայաստանում՝ որպես ԱՄՆ դեսպան: Սա լավագույն աշխատանքն է, որ ես ունեցել եմ իմ կյանքում: Մեր նպատակը Հայաստանում հստակ է, մենք ցանկանում ենք տեսնել ժողովրդավար, բարեկեցիկ, խաղաղ եւ անվտանգ Հայաստան եւ նախանշում ենք 4 ուղղություններ»,- իր խոսքում նշեց Ջոն Հեֆերնը եւ սկսեց թվարկել այդ արժեքները. իրավունքի գերակայություն, քաղաքացիական հասարակություն եւ ռազմավարական տարածք: «Մենք ցանկանում ենք օգնել՝ որքան հնարավոր է»: Նույնիսկ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո՞: «Սա ինքնիշխանության հարց է: Ցանկացած երկիր իրավունք ունի անդամակցելու այն միջազգային կառույցին, որին նախընտրում է: ԵՏՄ-ին միանալը Հայաստանի ինքնիշխան որոշումն էր: Իսկ ԱՄՆ-ն, Եվրամիությունը շարունակում են հետաքրքրված մնալ Հայաստանի տարբեր ոլորտների հետ համագործակցելու համար»:



Բացի ավանդական հարցերից, որ տրվում են բոլոր դեսպաններին, հնչեցին նաեւ սենտիմենտալ հարցեր. Ձեր ամենասիրելի հայկական ուտելիքը: Պարզվում է՝ Հայաստանում Ջոն Հեֆերնը սովորել է ուտել մեղր ու մրգաչիր, իսկ իր համար ամենադժվար տրվելիք բառի արտասանությունն էլ «քհաղաղությունն» է, նույն ինքը՝ «խաղաղությունը»: «Երեւի այս դժվար բառի պատճառով է, որ ղարաբաղյան հակամարտությունը դժվար է լուծվում»,- կատակեց դեսպանը: Ի դեպ, Լեռնային Ղարաբաղից մասին. հիշենք այդ թեմայով Ջոն Հեֆերնի ժամանակին արտաբերած մտքերից. «Ես եւ Ուորլիքն այն զգացողությունն ունենք, որ երկու կողմերն էլ այդ երկու տարածքները դիտարկում են որպես մեկ ամբողջություն:



Եթե երկու կողմերն էլ այդ ընկալմամբ առաջնորդվեն, կարգավորում չի լինի: Պետք է հասկանալ, որ Լեռնային Ղարաբաղի համար կարեւոր է, որ մյուս 7 տարածքները վերադարձվեն Ադրբեջանին: Եվ եթե հակամարտության կողմերից որեւէ մեկը չի պատկերացնում լուծումն այդ տարբերակով, դրա համար շատ երկար ժամանակ կպահանջվի, հակամարտությունն էլ շատ երկար կտեւի»: Երեկ Ջոն Հեֆերնը միայն նշեց. «Ես միայն կկրկնեմ այն, ինչ համանախագահները բազմիցս ասել են, միակ ընդունելի կարգավորումը հակամարտության խաղաղ բանակցային գործընթացն է:



Տարածաշրջանի համար կարեւոր է, որ այս հակամարտությունը լուծվի: Թերեւս, թյուրընկալում կա, թե համանախագահները կարող են լուծում պարտադրել, մենք չենք կարող եւ չենք էլ ասի ինչ անել, համանախագահներն այս հարցում միջնորդներ են»: Դեսպանը նաեւ ափսոսանք հայտնեց, որ չի հասցրել տեսնել Բաքուն, հասկանալ նաեւ ադրբեջանցիների տեսակետը ղարաբաղյան հակամարտության հարցում: Հայաստանցիների գալիք Ամանորն էլ շնորհավորեց՝ ցանկանալով տարածաշրջանային խաղաղություն:
Եվ մեկ սեւ կետ Հեֆերնի հեղինակության վրա՝ Որոտանի ՀԷԿ-ը. «Որոտանի ՀԷԿ-ը կլինի ամենամեծ ներդրումը Հայաստանում: Այն շատ արդյունավետ է, եւ կարծում եմ՝ կիրականանա, կստորագրեն»:



Այն հարցին, թե խորհուրդ կտա՞ մարդկանց Հայաստանում ներդրումներ կատարել, պատասխանը հնչեց ոչ միանշանակ. «Բիզնեսը ցանկանում է կանխատեսելի լինել: Եթե այդ կանխատեսելիությունը չկա, իմ խորհուրդը սա է՝ ես կոչ եմ անում, որ եթե ինչ-որ մեկը ցանկանում է օգնել Հայաստանին, ես առաջարկում եմ ոչ թե չեկ դուրս գրել, այլ ներդրում կատարել: Այս պահին Հայաստանում բիզնես սկսելը շատ հեշտ է: Սակայն միայն բիզնես սկսելը չէ, նրանք պետք է կարողանան հաջողություններ ունենալ»: Այսօր արդեն «չդեսպան» Ջոն Հեֆերնն իր դիվանագիտական կարիերան շարունակելու է ԱՄՆ պետդեպարտամենտում:
Եվս մեկ հետաքրքիր բացահայտում. պարզվում է՝ Ջոն Հեֆերնը 5 երեխայի հայր է՝ 4 դուստր ունի եւ մեկ որդի: