Ինչ տարադրամով էին Հովիկ Աբրահամյանի և նրա մտերիմների ֆինանսական միջոցները

Ինչ տարադրամով էին Հովիկ Աբրահամյանի և նրա մտերիմների ֆինանսական միջոցները

Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանի տնտեսության հետ վերջին օրերի ընթացքում, գալիս է ապացուցելու մեր կառավարության, պետական գերատեսչությունների եւ Կենտրոնական բանկի ապաշնորհ եւ ոչ պրոֆեսիոնալ լինելը: Իհարկե, այս իրավիճակը պայմանավորած էր ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոններով, որոնք թե օբյեկտիվ եւ թե սուբյեկտիվ բնույթ էին կրում: Եթե կառավարությունը սովորաբար հնարավորություն չունի ազդելու արտաքին եւ գլոբալ գործընթացների վրա, ապա ներքին սուբյեկտիվ գործընթացների վրա ազդել պարտավոր է:



Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ տապալված են համարվում այն կառավարությունները, որոնք չեն կարողանում ադեկվատ ազդեցություն ունենալ ներքին սուբյեկտիվ գործընթացների վրա, կորցնում են կառավարման ղեկը, կտրվում իրականությունից եւ վերջնականապես տապալվում: Այսօր հենց այդպիսի իրավիճակ է Հայաստանում: Կառավարությունը կամ չի կարողանում, կամ չի ցանկանում ազդել ներքին իրավիճակի վրա: Չկարողանալու հանգամանքը կարող է պայմանավորված լինել ոչ պրոֆեսիոնալիզմով, իսկ չցանկանալու հանգամանքը՝ անձնական շահագրգռությամբ:



Այն, որ դրամն այսքան արժեզրկվելու էր, ԿԲ-ն, բնականաբար, տեղյակ էր: Տեղյակ էր նաեւ կառավարությունը: Սակայն այդ տեղեկացված լինելը հանգեցրեց ոչ թե պրեւենտիվ գործողությունների, ծառայեց ոչ թե պետությանը կամ քաղաքացուն, այլ մի խումբ մարդկանց անձնական շահերին, ինչն էլ սպեկուլյացիայի փայլուն դրսեւորում է: Հետաքրքիր կլիներ իմանալ, թե արդյոք մինչ դրամի արժեզրկումն ի՞նչ տարադրամով էին արտահայտված Հովիկ Աբրահամյանի եւ նրա մտերիմ օլիգարխիկ շրջապատի ֆինանսական միջոցները, իսկ այսօր ինչպիսին են դրանք:



Եվ, վերջապես, անհասկանալի է, թե ինչու են ՀՀ ԿԲ-ն եւ կառավարությունը փորձում շեղել քաղաքացիների ուշադրությունը երկրի տնտեսության իրական խնդիրներից: ԿԲ-ն անողնաշար հայատարարություն է տարածում իրավիճակի վերաբերյալ, որում մեծ հաշվով ոչինչ չի ասում, իսկ կառավարությունն էլ հայտարարում է, թե քաղաքացիների ավանդներն ապահով են: Տպավորություն է, որ պետական կառավարման համակարգում մի ձեռքը չգիտի, թե մյուս ձեռքն ինչ է անում: Չնայած մեր իրականության մեջ սա նույնպես աննախադեպ երեւույթ չէ:




Գառնիկ ԳԱԼՍՏՅԱՆ