Ընդդիմություն, իշխանություն ՕԵԿ-ին «քաշում են»

Ընդդիմություն, իշխանություն ՕԵԿ-ին «քաշում են»

ՕԵԿ-ը ինչ դարձել է ընդդիմություն, էդ «խեղճերին» սկսել են տարբեր առիթներով «քաշել»։ Թեպետ ՕԵԿ-ականներն անզիջում են տրամադրված ու պայքարելու են «հանուն ժողովրդի շահի», բայց փաստն այն է, որ նրանց նախագծերը «տակտիչնի» մերժվում են։ Օրինակ՝ վերջերս ԴԱՀԿ-ի մասին օրենքում փոփոխություն ու լրացում կատարելու մասին նախագիծը, որն այդքան բուռն քննարկումների ու ինտրիգների առիթ տվեց։ Նույն օրենքում փոփոխության նախագիծ էին ներկայացրել և՛ՕԵԿ-ականները՝ ի դեմս ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Մարգարյանի, և՛ կառավարությունը՝ ի դեմս արդարադատության նախարարության։ Բայց կառավարության նախագիծը սկզբնական էտապում կրկին «տակտիչնի» մի քանի ՀՀԿ-ականների թեթև, բայց «կամակոր» ձեռքերով մերժվեց, իսկ ՕԵԿ-ի նմանատիպ նախագիծը հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն էր ստացել՝ հանուն գաղափարի ու ընդգրկվել էր մեծ օրակարգ։ Բայց, ընդամենը երկու ամիս անց՝ ՕԵԿ-ի գլխի տակ դրած փափուկ բարձը հանվեց, իսկ կառավարության բերած նախագծի տակ մի ամբողջ ներքնակ փռեցին։




Բանն այն է, որ ՕԵԿ-ն առաջակում էր, որ Հարկադիր կատարող մարմնի կողմից քաղաքացիներից բռնագանձումները պետք է կատարել բացառապես դատական կարգով՝ լինի դա 1000 դրամի տուգանք, թե 100 հազարի։ Իսկ գործող օրենքով բոլոր դեպքերում էլ վարչական մարմինը Հարկադիրին հարկադրում է՝ քաղաքացուց բռնագանձել իր մեկ լուման անգամ։ Կառավարությունն էլ, որպես իրավիճակի մեղմում, իր նախագիծն էր բերել՝ առաջարկելով արտադատական կարգը պահպանել մինչև 200.000 դրամ տուգանքների դեպքում, դրանից բարձր՝ նոր դատարանի որոշմամբ։ Սահմանադրությամբ, սակայն, արգելվում է քաղաքացուց մեկ դրամ անգամ բռնագանձել առանց դատարանի որոշման (հոդված 31): Ի վերջո, ՕԵԿ-ի՝ նույն պետաիրաականում երկու ամիս առաջ հավանության արժանացած լավ գաղափարով, բայց վատ իրավբանությամբ նախագիծը ստացավ ոչ դրական եզրակացություն, ու Հովհաննես Մարգարյանը քոռ ու փոշման հեռացավ՝ հույսով, որ գոնե քառօրյա նիստին միգուցե այլ ռեժիմով կողմ քվեարկեն, որովհետև «անհանգստացած էին քաղաքացիների շահերով»։ Վերջին քառօրյայում ևս մերժվեց, որ քննարկվեր փոքր օրակարգու։ Ի դեպ, ՀՀԿ-ից եղել են պատգամավորներ, ովքեր կողմ են քվերակել ՕԵԿ-ի այդ նախագծին։ Մնաց կառավարության նախագիծը, որը դրանից հետո կառավարության հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը կրկին զեկուցեց իրենց բերած «հակասահմանադրական տարրերով» նախագիծը ու ՀՀԿ-ականների կողմ ձայներով արագ անցկացվեց։ ՕԵԿ-ը բոյկոտեց ու չմասնակցեց քվեարկությանը, իսկ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ու ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանն էլ մի լավ «քլնգեցին» զեկուցողին ու նրա բերած նախագիծը, որ ոչինչ էլ չեն փոխել, սահմանադրականության խնդիրը մնում է, նույնիսկ 200 հազարի շեմը չեն ձևական իջեցրել։



Հովհաննես Մարգարյանն այս կապակցությամբ շատ վրդովված է։ Նա ասաց, որ իրենք ստորագրահավաք են կազմակերպել՝ դիմելու Սահմանադրական դատարան, որ վիճարկեն գործող օրենքի սահմանադրականության հարցը։ Արդեն շուրջ 40 ստորագրություն կա ձևաթղթում, սակայն այստեղ էլ այլ խնդիր է առաջացել։ Շուտով նախագահը կվավերացնի ԱԺ-ում ընդունված կառավարության այդ նախագիծը, և հին օրենքը ուժը կորցրած կճանաչվի, ու նորը կմտնի ուժի մեջ։ Հիմա ՕԵԿ-ում ձեռ ու ոտ են ընկել, քանզի նրանք դիմել են գործող օրենքի դեմ, բայց քանի որ այն շուտով կփոխվի, իրենք պիտի մի հատ էլ նոր օրենքի դեմ ստորագրություններ հավաքեն, որ ՍԴ-ում ապացուցեն, որ կառավարության բերած ու ԱԺ-ի գլխին «սաղացրած» օրենքն, իրականում, անօրինական է։ Եվ այստեղ կսկսվի տեխնիկական ու բյուրոկրատական քաշքշուկների մի երկար գործընթաց։



Այս ամենի մեջ մի հետաքրքիր հանգամանք կա։ Մենք իմացանք, որ ՕԵԿ-ին այս հարցում խոստացել են օգնել ընդդիմադիր պատգամավորները, որ մի երկու կետ կա, եթե դրանք փոխեն, իրենք ևս կմիանան այդ նախագծին ու ՀՀԿ-ին էլ կհամոզեն, կանցկացնեն։ Սակայն, երբ կառավարության նախագիծը բերվել է, ընդդիմադիրների պլանները ՀՀԿ-ականների նման փոխվել են ու հրաժարվել են սատարել նախագծին։ Բացի այդ՝ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն էլ առաջարկած է եղել ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանին միանալ ու համատեղ նախագիծ մշակել, սակայն դա ևս չի իրականացել։ Այստեղ մտավախություն է եղել, որ կառավարությունը կսեփականացներ գաղափարն ու հետո թե մի կտոր PR-ի ու ժողովրդի աչքը մտնելու հարց պիտի լիներ, դա հաստատ չէր կիսի ՕԵԿ-ի հետ ու «փառքի ողջ դափնիները» վերջում իրենով կաներ։ Այս հարցում օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն էլ իր հերթին է «խաղեր տվել»։ Նա էլ էր դիմել դատարան՝ վիճարկելու Սահմանադրականության հարցը, հետո կեսից փոշմանել, հետ է կանգնել։



Մի խոսքով՝ ՕԵԿ-ին չթողեցին, որ ժողովրդին օգտակար այդ նախագծով իրենց վարկանիշը ժողովրդի աչքում բարձրացնեին ընդդիմություն դառնալուց հետո։ Արդյունքում՝ ՀՀԿ-ն իրեն PR արեց, երբ առաջին ընթերցման ժամանակ ձևական դեմ քվեարկեց կառավարության նախագծին, հետո էլ առանց ձևի, մոռանալով նախկին «սկզբունքային» մոտեցումները, դրեցին ու անցկացրին սիրելի կառավարության որոշումները, որովհետև ի սկզբանե պետք էր, որ կառավարության նախագծերն անցնեին ու վերջ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ