Քննիչները բողոքարկել են սառնաղբյուրցի երիտասարդին ձերբակալելու որոշումը

Քննիչները բողոքարկել են սառնաղբյուրցի երիտասարդին ձերբակալելու որոշումը

Երեկ Գյումրին կրկին ալեկոծված էր: Այս անգամ՝ ավելի թեթեւ: Շիրակի դատախազության շենքի մոտ, որտեղ փակ խորհրդակցություն էր ընթանում, կեսօրին բազմություն էր հավաքված: Պատճառը Սառնաղբյուր գյուղի բնակիչ, 22 տարեկան Մնացական Ալեքսանյանի ձերբակալությունն էր, որի դեմ ընդվզողները հավաքվել էին այստեղ: Ձերբակալվածը Պերմյակովի գործը հայ իրավապահներին հանձնելու պահանջով փողոց դուրս եկած ամենաակտիվ ցուցարարներից էր: Երեկ ամենահակասական տեղեկություններն էին նրա մասին շրջում: Գյումրեցիների մի մասը պնդում էր, որ հենց Մնացական Ալեքսանյանն է եղել գլխից վիրավոր ոստիկաններից մեկին հարվածողը եւ Զարուհի Փոստանջյանի մեքենայի վրա քարեր նետողն այն պահին, երբ պատգամավորը ոստիկանության մեքենան էր նստել՝ ռազմաբազա գալու համար:



Երեկ համացանցում պտտվում էր տեսահոլովակը, որում երիտասարդը վիճում էր Զարուհու հետ, իսկ վերջինս նրան հանգստացնում էր, տղան էլ հարցնում էր, թե ինչու է նստել ոստիկանական մեքենա: Մյուսներն էլ պատմում էին, որ սառնաղբյուրցի ցուցարարը համոզում էր մյուսներին, որ ոստիկանների ուղղությամբ քարեր չնետեն: Ըստ Քննչական կոմիտեի բացատրության, Մնացական Ալեքսանյանը ձերբակալվել է դատախազի ցուցումով, որը քննիչը բողոքարկել է: Մնացական Ալեքսանյանի փաստաբան Հայկ Հարությունյանը պնդում է, որ ձերբակալության ցուցումը եղել է Շիրակի դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի կողմից, որը նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնողն է, իսկ քննիչները հրաժարվում էին այն կատարել: «Ձերբակալության արձանագրության մեջ գրված է, որ Մնացական Ալեքսանյանին կասկածում են զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանության մեջ: Նշված է Քրօր. 258-րդ հոդվածի 4-րդ մասը, քանի որ նա մի խումբ անձանց հետ քարեր է նետել ոստիկանների վրա, սեռաբնույթ հայհոյանքներ է տվել, հասարակական կարգ է խախտել, խանգարել է բնակիչների հանգիստը եւ այլն»,- ասաց փաստաբանը:



Նա հայտնեց, որ խորհրդակցությունից հետո Ալեքսանյանի հայրը փորձել է զրուցել դատախազի հետ, բայց վերջինս հրաժարվել է, ասելով. «Ոչինչ չի փոխվել, գնացեք հանգիստ տուն, գործը կքննվի օրենքի սահմաններում»: «Ամեն դեպքում, ես գրավոր բողոք եմ ներկայացրել դատախազություն, քանի որ ձերբակալության համար իրավական հիմքերը բացակայում են,- ասաց փաստաբանը,- դեպքերից երկու շաբաթից ավելի է անցել: Մարդը եթե փախչեր, շուտ դա կաներ»: Ալեքսանյանի ձերբակալությունը լարված իրավիճակ է ստեղծել նաեւ երիտասարդի հարազատ գյուղում: Սառնաղբյուրցիք բորբոքված են:



Պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Մարտուն Գրիգորյանը խոստացել են օգնել նրան ազատ արձակելու հարցում, եւ Սառնաղբյուրում սպասում են նրանց քայլերին: Եթե ոչինչ չփոխվի, գյուղացիներն սպառնում են փակել գյուղի մոտով անցնող ճանապարհը: Նրանց կմիանա նաեւ Գյումրիի երիտասարդական ակտիվը: Երեկոյան 19:30-ի դրությամբ Սառնաղբյուրում դեռ հանգիստ էին: «Այս պահին ոչ մի լարվածություն չկա, ճանապարհ չեն փակում, բայց ինչ կլինի հետո, չեմ կարող ասել»,- մեզ պատասխանեց գյուղապետ Սեւակ Մադաթյանը: Ըստ նրա, Մնացական Ալեքսանյանը երկար չի ապրել համայնքում, դպրոցն ավարտելուց հետո բանակ է գնացել, ապա մեկնել Ռուսաստան՝ աշխատելու, ուստի նրան գյուղապետը բնութագրել չէր կարող:



Մինչ Շիրակի դատախազներն ամեն ինչ անում էին սառնաղբյուրցի երիտասարդին պատժելու համար, Ռուսաստանում պայքար է սկսվել հանուն Պերմյակովի փրկության: Ռուսական ԶԼՄ-ները երեկ մանրամասն տեղեկություններ էին տեղադրել առ այն, որ 19-ամյա Վալերի Պերմյակովը դեռեւս Չիտայի զորամասում ծառայելու ընթացքում մոտ մեկ ամիս բուժվել է զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում, որ նա վարքի լուրջ խախտումներ է ունեցել, նույնիսկ օլիգոֆրենիա, եւ այժմ ռուս իրավապահները քննություն են սկսել, զինվորականներին մեղադրելով պաշտոնեական անփութության մեջ: Գյումրիում այս լուրերը, իհարկե, բացասական ռեզոնանս են ստանում: «Հիմա էլ Պերմյակովին խելառ կհանեն»,- քննարկում են գյումրեցիները, որոնք ՌԴ քննչական կոմիտեի նախագահի այցից հետո հանգստացել էին, քանի որ հայտարարվել էր գործի քննությունը հայկական կողմին հանձնելու մասին:



Մարդիկ թե Գյումրիում, թե Երեւանում ավելի հանգստացան, երբ հայտարարվեց, որ ՀՀ գլխավոր դատախազը ՌԴ գլխավոր դատախազին է դիմել Պերմյակովին հանձնելու խնդրով: Իրականում միջնորդության մեջ ընդամենը գրված է. «ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը… հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային»:



Այլ կերպ ասած, պահանջ է ներկայացվել վարույթը ոչ թե ամբողջությամբ հայ իրավապահներին հանձնելու, այլ զուտ սպանության մասով, իսկ դասալքության գործն ուղարկելու պահանջ չի ներկայացվել: Հետեւապես, եթե անգամ Ռուսաստանի դատախազությունը բավարարի Հայաստանի դատախազության միջնորդությունը, ապա դասալքության դրվագը շարունակելու են քննել ռուսները: Պերմյակովն իրենց գործով եւս մնալու է մեղադրյալ, եւ նրան չեն արտահանձնի, մանավանդ, որ նրան հանձնելու պահանջ չի էլ եղել:



ՀԳ. ՀՀ քննչական մարմինները, անշուշտ, դատահոգեբուժական փորձաքննություն կանցկացնեն՝ պարզելու, թե արդյոք Պերմյակովն ունի՞ հոգեկան խնդիրներ, թե՞ ոչ: Հայտնի է, սակայն, որ նա մեղսունակ է ճանաչվել: