Կմասնակցե՞ն ԲՀԿ-ականներն ԱԺ նիստերին, թե՞ ոչ

Կմասնակցե՞ն ԲՀԿ-ականներն ԱԺ նիստերին, թե՞ ոչ

Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի հայտնի ելույթից հետո Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության պատգամավորների լուրջ դեֆիցիտ է նկատվում: Թեպետ այս երկու շաբաթը նիստերի օրեր չէին, եւ հերթական քառօրյան մեկնարկելու է եկող երկուշաբթի, սակայն տարբեր խմբակցությունների շատ պատգամավորներ գալիս էին աշխատանքի, մասնակցում նաեւ հանձնաժողովների նիստերին: ԲՀԿ-ի թեւում, սակայն, քար լռություն էր. ԲՀԿ-ականների աշխատասենյակները կա՛մ փակ էին, կա՛մ միայն օգնականներն էին:



Այս ընթացքում մեզ հանդիպած հատուկենտ ԲՀԿ-ականները Տիգրան Ուրիխանյանն ու Վահե Էնֆիաջյանն էին, նրանք էլ հազվադեպ էին գալիս շենք ու երկար չէին մնում: Երեկ էլ պետաիրավականի հերթական նիստն էր, որտեղ եւս ԲՀԿ-ից մարդ չկար: Սա պայմանավորված է ԲՀԿ-ում ստեղծված լարված իրավիճակուվ, նրանք առավելապես զբաղված են ԱԺ-ից դուրս իրենց կուսակցության հարցերով: Նրանց շատ դժվար է գտնել նաեւ հեռախոսով, քանզի զանգերին չեն պատասխանում:



Լուրեր են շրջում, թե ԲՀԿ-ականները չեն մասնակցելու փետրվարի 23-ին մեկնարկող ԱԺ հերթական քառօրյայի նիստերին: Պարզ չէ նաեւ, թե ինչ ճակատագիր է սպասվում Գագիկ Ծառուկյանին՝ որպես պատգամավորի, քանզի նրան մանդատից զրկելու գործընթացից լուր չկա: ԲՀԿ-ից միակ պատգամավորը, ում հետ հաջողվեց մի քանի վայրկյանով կապ հաստատել, Միքայել Մելքումյանն էր, ով նշեց, որ դեռ պարզ չէ՝ կգան նիստերին, թե ոչ: «Վերջնական չենք քննարկել դեռ, չենք իմանում, վերջնական որոշում որ լինի, կասենք»,-ասաց նա: Ծառուկյանին մանդատից զրկելու վերաբերյալ էլ ասաց, որ տեղյակ չէ: Երեկ նաեւ տեղեկացանք, որ ԲՀԿ «քաղաքական» թեւը կրկին հավաքվել է Ծառուկյանի մոտ, ապա խումբն այցելել է կառավարություն: Հավանաբար, այժմ «կոնտակտային անձը» վարչապետ Հովիկ Աբրահամյանն է:



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ