Ծառուկյանը խախտել էր ՀԱԿ-ի հետ կապված պայմանը

Ծառուկյանը խախտել էր ՀԱԿ-ի հետ կապված պայմանը

Երեկ ՀՀ երրորդ նախագահը պատասխանեց ՀՀ առաջին նախագահի առաջարկին՝ Ցեղասպանության 100-ամյակի հռչակագրի նոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: Հանդիպման առաջարկը Սարգսյանը չի մերժել, սակայն չի ընդունել հռչակագրի քննադատությունը: «Սահմանադրության կամ միջազգային իրավական փաստաթղթերի հետ հռչակագրի հնարավոր հակասությունների եւ նման այլ հարցերի վերաբերյալ Ձեր ակնարկները հիմնավորված համարել չեմ կարող»,- միանգամայն կանխատեսելի պատասխան է տվել նա:



3 հոդված՝ 10 օրում: Լեւոն Տեր-Պետրոսյանը երբեք այսչափ շռայլ չէր եղել հանրության նկատմամբ եւ միաժամանակ այսչափ հեռու հանրային հետաքրքրությունից: Ծառուկյանի դեմ հյուսվող ռեպրեսիայի օրերին Տեր-Պետրոսյանն զբաղված էր Ցեղասպանության 100-ամյակի հռչակագրի քննադատությամբ, ապա համապատասխան նոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ արեց նախագահ Սարգսյանին ուղղված բաց նամակում: Բայց ինչո՞ւ ամենաթեժ պահին, երբ թիվ մեկ թեման ԲՀԿ հսկայի շուրջ ընթացող դեպքերն էին, եւ նույնիսկ մարտի 1-ի հեղինակ Քոչարյանը փորձեց պաշտպանել նրան: Ուրեմն, ի՞նչ էր նշանակում այս ձեւական անտարբերությունն իր դաշնակցի նկատմամբ:



Առաջին նախագահը փետրվարի 11-ին քննադատեց Ցեղասպանության 100-ամյակի հռչակագիրը, ապա ներկայացրեց այլընտրանքային առաջարկ: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսպես է բացատրել. «Ցավոք սրտի, երբ այդ այլընտրանքային առաջարկը ներկայացվել էր հրապարակման համար, սկսվեց Սերժ Սարգսյանի գրոհը Գագիկ Ծառուկյանի վրա: Նման պարագայում առաջին նախագահն ստիպված էր ետ քաշել լրատվամիջոցներին արդեն իսկ ուղարկված առաջարկը, իսկ այնուհետեւ, երբ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի դեմ գրոհն ընդունեց ահաբեկչական հարձակումների, բռնաճնշումների եւ ձերբակալությունների ծավալուն արշավի բնույթ, արդեն ստիպված էր այն հրապարակել՝ որպես «Հայաստանի քաղաքական մթնոլորտի առողջացման բացթողնված մի պատեհություն»: Նպատակը նորից Սերժ Սարգսյանին սթափության կոչելն էր եւ ցուցադրելը, որ այդ ահաբեկչական գործողություններով ինքն է ըստ էության տապալում քաղաքական վերնախավի կոնսենսուսային քայլերի ձեռնարկման հնարավորությունը»,-անհամոզիչ բացատրություն է տվել Զուրաբյանը:



Հազիվ թե Տեր-Պետրոսյանին, որը դեռեւս 3 տարի առաջ անհավանական կանխատեսում էր արել ԲՀԿ առաջնորդի ընդդիմադիր դառնալու մասին, չհետաքրքրեր այս գործընթացի ամենավճռական պահը՝ ռեժիմի թիրախում Ծառուկյանի հայտնվելը: Հոդվածներից խոսուն էր առաջին նախագահի մտահոգ դեմքը Ծառուկյանի հետ հանդիպումը պատկերող լուսանկարներում, որոնք լրացրին հանդիպման մասին ինֆորմացիոն վակուումը: Այդ օրը, փետրվարի 13-ին, ՀԱԿ-ում դեռ ցնծում էին, ակնկալելով, որ առյուծ-արքան, վերջապես, կբարկանա Սերժ Սարգսյանի հասցրած վիրավորանքներից եւ ոտքի կելնի: Առաջնորդը, սակայն, անտրամադիր էր: Հավանաբար, նա արդեն ուներ ինֆորմացիա ԲՀԿ առաջնորդի հնարավոր նահանջի մասին: Ի դեպ, մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանի «քլնգոցից» հետո Ծառուկյանը կողմ է եղել կտրուկ գործողություններին:



Նույնիսկ առաջարկել է անմիջապես միտինգ հրավիրել, սակայն ՀԱԿ-ից նրան հորդորել են մի քիչ սպասել: Ինչ էր կատարվում ՀԱԿ-ում, ինչ տրամադրություններ կային, ոչ ոք չգիտեր: Բայց ակնհայտ էր, որ վստահություն կար, թե ԲՀԿ առաջնորդն արդեն համապատասխան կոնդիցիայում է եւ անելու է այն, ինչ նրանից վաղուց սպասում էին բոլորը՝ ժողովուրդը, ՀԱԿ-ը, ԲՀԿ քաղաքական թեւը: Բայց ինչ-որ պահից բան փոխվեց, եւ Տեր-Պետրոսյանը հանեց դարակից ու հրապարակեց Ծառուկյանի հետ կապ չունեցող տեքստ՝ Ցեղասպանության 100-ամյակի հռչակագրի մասին ժամանակավրեպ նամակ, այն պահին, երբ մարդիկ նրանից բոլորովին այլ բան էին սպասում: Ըստ ամենայնի, էական դեր է խաղացել Ռոբերտ Քոչարյանի նախօրեի հայտարարությունը:



Հենց այդ պահից էլ սառեց ՀԱԿ հետաքրքրությունը ԲՀԿ հսկայի հանդեպ: Քոչարյանի հետ որեւէ առնչություն չունենալը ՀԱԿ-ԲՀԿ միության հիմնական պայմանն է եղել: Մինչդեռ կայացած փաստ է, որ հետագա զարգացումները տեղի ունեցան հենց Քոչարյանի նախանշած սցենարով՝ «կանգ առնել», ԲՀԿ ղեկավարի հանդեպ «վարչական գործողությունների չդիմել», ընդդիմությանը չմղել փողոցային գործողությունների, որոնց հետեւանքներն անկանխատեսելի են: Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածը ԲՀԿ-ի մասին սպասված էր, բայց ոչ մի էական ինֆորմացիա չի պարունակում, բացի Ծառուկյանի սխալների հատվածից. «Այդ սխալների մի մասը գալիս է Ծառուկյանի քաղաքական փորձառության պակասից, իսկ մեծագույն մասը՝ ԲՀԿ-ի ներսում գործող խառնակիչների մի փոքրիկ խմբակից, որն ուղղորդվում է բոլորովին մի այլ կենտրոնից եւ հետամուտ է բոլորովին մի այլ ծրագրի: Թե՛ Ծառուկյանին, թե՛ «Բարգավաճ Հայաստանին» եւ թե՛ Համաժողովրդական շարժմանը ոչ ոք այնքան վնաս չի տվել, որքան այդ խմբակի՝ մեծ վերլուծաբանների հավակնություն ունեցող մի քանի անդամները»: «Խառնակիչների» անունները Տեր-Պետրոսյանը չի տալիս, բայց պարզ է, որ խոսքը քոչարյանական վերլուծաբանների մասին է, որոնք աշխատում են նրա կողմից ֆինանսավորվող կայքերում:



Տեր-Պետրոսյանը չի պատասխանում հարցերին՝ կշարունակվի՞ արդյոք ԲՀԿ-ի հետ համագործակցությունը, որի պատճառով կոնգրեսականներից շատերը հեռացան իրենից, ի՞նչ է լինելու մարտի 1-ին, ո՞րն է լինելու ՀԱԿ հետագա մարտավարությունը: Ընդամենը պատմաբանի վերլուծություն՝ «Ծառուկյանը եւ քաղաքականությունը» թեմայով: «Վերջին երկու-երեք տարիների ընթացքում Գագիկ Ծառուկյանը դրսեւորեց մի քանի գնահատելի հատկություն՝ դրանով ապացուցելով, որ տիրապետում է հսկայական ընտրազանգվածի, վայելելով բնակչության հատկապես ընչազուրկ խավերի լիակատար համակրանքը. որ ընդունակ է համախմբել թե՛ իշխանություններից դժգոհ լայն զանգվածներին եւ թե՛ տարբեր քաղաքական ուժերի. որ հանուն երկրի արատավոր իշխանական համակարգի վերափոխման եւ ժողովրդի բարօրության պատրաստ է գնալ զոհողությունների. որ ծայրաստիճան պարկեշտ ու հավատարիմ է քաղաքական դաշնակիցների հետ հարաբերություններում»:



Ինչ խոսք, Ծառուկյանին, որը կորցրեց իր ընտրազանգվածի զգալի մասը, «տղայականով» նվաստացված այս պահին պետք են Տեր-Պետրոսյանի բարի խոսքերը: Առաջին նախագահը, կարծես, հեռվից եւ արդեն մի տեսակ անկիրք է գնահատում իր երբեմնի դաշնակցին, իր համակիրներին խորը «մանթրաժից» դուրս գալու հնարավորություն տալով: ՀԱԿ անդամներն այս պահին տեղյակ չեն, թե ինչ է լինելու հետո, միակ հույսը, թերեւս, առաջին նախագահի հնարամտությունն է՝ ծանր իրավիճակներից ելք գտնելու նրա ունակությունը: