Շարմազանովը` հեռուստաքննադատ. քաղաքական դաշտը մաքրելուց հետո ՀՀԿ-ն անցել է TV-ները մաքրելուն (տեսանյութ)

Շարմազանովը` հեռուստաքննադատ. քաղաքական դաշտը մաքրելուց հետո ՀՀԿ-ն անցել է TV-ները մաքրելուն (տեսանյութ)

Հեռուստատեսության և ազգային ռադիոյի հանձնաժողովի 2013 թ. գործունեության մասին հաշվետվության քննարկմանը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ այս տարիների ընթացքում առաջընթաց և բազմակարծություն ապահովվել է Հանրային հեռուստատեսության լրատվական հաղորդումներում:



Ավելին, ըստ նրա, խոսքը ոչ միայն Հանրային հեռուստաընկերությանն է վերաբերում, այլև մյուս ՀԸ-ներին, որոնց լրատվական հաղորդումները վստահություն ունեն հանրության մոտ:



Ըստ նրա՝ այս տարիներին հանձնաժողովը կատարել է դրական աշխատանք, բայց խնդիրներ դեռ կան:



«Մեր նպատակն է ունենալ առողջ, ազգային ոգով տոգորված, քրիստոնեական, բարոյական սերունդ, և, բնականաբար, այստեղ անելիք ունեն նաև ՀԸ-ները, որովհետև, իմ խորին համոզմամբ, չկա ինֆորմացիա, որ պրոպագանդա չէ, կան հաղորդումներ, որոնք ուղղակի կամ անուղղակի կամ դաստիարակում են կամ հակառակը: Եվ եթե նման սերունդ ենք ուզում ունենալ, պետք է սկսենք ճանաչողությունից, չկա հայրենասիրություն առանց ճանաչողության»,-ասաց նա և առաջարկեց նման հաղորդումներն ավելացնել:



«Ալիք կա, որ երկու- երեք հատ նույն հաղորդումից ունի, մեր նպատակը ո՞րն է՝ ով ինչ լավ բո՞րշ է սարքում, կամ ով լավ ձվածե՞ղ է սարքում: Ընդունում եմ, որ չափի մեջ լավ է, բայց ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Նախորդ տարի եղել է Հովհաննես Շիրազի հարյուրամյակը, բայց քիչ եմ տեսել, որ մեր լրատվամիջոցները մեր նոր սերնդին ներկայացրել են Շիրազին, մեր նոր սերնդին պետք է ամեն օր դաստիարակենք»,-ասաց նա:



ԱԺ փոխնախագահը նաև խոսեց Արցախյան հերոսամարտի հերոսների մասին հաղորդումների սակավաթվությունից, առաջարկեց եթերում հնչող երաժշտության ճաշակին ևս ուշադրություն դարձնել:



«90%-ը՝ կլկլոց, 10%-ի մեջ տեղավորում ենք ճաշակ, տենց կլինի՞: Վերջին անգամ ե՞րբ ենք լսել Օֆելյա Համբարձումյանի, Հովհաննես Բադալյանի կատարումները»,- շեշտեց նա:



Մանրամասները` տեսանյութում: