Վեպ՝ «Գագիկ Ծառուկյանի կյանքն ու մահը»

Վեպ՝ «Գագիկ Ծառուկյանի կյանքն ու մահը»

Հին, վաղնջական ժամանակներում, երբ հովհարային անջատումները գնալով հեռանում էին մեր կյանքից, երբ վառարանների համար կտրված ծառերի արմատներից նոր սաղարթներ էին ելնում, հեռուստացույցով մեկումեջ մեծ մուսկուլներով, կիսափակ աչքերով մարդ էր պատկերվում, որի ածականն ու դրա պոչին կպած անունը հիացմունքով կրկնվում էին թաղի խուժանի շուրթերին, ծորում աստվածային մեղրի պես: «Կոտայք» գարեջրի շշերից մեզագույն հյութն ըմպելիս քուչի լավերը միշտ ոգեւորված նրա մասին էին պատմում: Ասում էին, որ բռնաբարության համար դատվել է, որ սաղ Աբովյան քաղաքն իրենով է արել, որ առաջին լուրջ փողն իր մուսկուլների (բազկամարտի) շնորհիվ է ձեռք բերել, որ թիկնապահները քաղաքի ամենաեզոտ գյադեքն են ու ցխում են աջուձախ՝ ում ուզում են, ու մարսում են ցխածը, որ գողերի հետ է տալիս-առնում, որ աշխարհի ամենադրախտային անկյուններում առանձնատներ ունի, ու ընդհանրապես, ասում էին, որ ինքը դեմք է, որ եթե մարդուն հաջողվել է էդ խելքով նման փողեր վաստակել ու Հայաստանում նման բիզնեսներ դնել, ուրեմն իրոք խելացի է, ու ով ինչ ուզում է, թող ասի՝ հալալ է տղուն:



Գագիկ Ծառուկյանի կյանքն ու գործն օրինակ ու օրինակելի էին դարձել: Տարիներ հետո թաղի խուժանից մի ստվար զանգված կցվելու էր ԲՀԿ-ին: Նրանց հնարավորություն էր ընձեռվելու ի վերջո իրականացնել երիտասարդական կյանքի անհաս երազը: Նրա վերելքը հրաշապատումի էր նման: Ակնթարթ առ ակնթարթ ամեն ինչ փոխվում էր՝ մազերի սանրվածքը, կոստյումները, վերնաշապիկների գույները, ժպիտը, նույնիսկ խոսքը… Այդ չարաբաստիկ անհոդաբաշխ խոսքը բոլորի աչքի առաջ հառնում էր, թռչկոտում… Եվ մեկ-մեկ նախադասությունների արանքից հանկարծ սպրդում էին ոսկեղենիկ բառերը հայոց… Ամեն ինչ զգլխիչ էր:



Պրոֆեսիոնալ եւ սիրողական մարզիկները ստանում էին նրա ջերմ աջակցությունը, նրանց համար Ծառուկյանը համարյա թե պաշտամունք էր: Ընդհանրապես, նրա շնորհիվ հայկական սպորտն ապրում էր իր «ոսկեջուր շրջանը»: Հետո ոչ թե միֆերի, այլ բովանդակ իրականության աննման փուլն էր… նրա բալահովիտյան տուն-տաճարը, նրա գազանանոցը, առյուծների վանդակները, կենդանի էշերը, որոնք հայտնվում էին առյուծների բաց երախների դիմաց, նաեւ ասում էին, որ մեկ-մեկ կենդանի էշերին փոխարինում էին կենդանի մարդիկ…



Բովանդակ իրականության աննման փուլը, երբ ծառան վերջապես գտնում է իր տիրոջը, ով իր գլադիատորին «քաջության» համար ազատություն է պարգեւում… Ինչեր չբերեց իր հետ Ծառուկյան-Քոչարյան ամուսնությունը՝ էլ սիմուլյակներ, էլ ամայություններ, էլ նորանոր բիզնեսներ, էլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, էլ անզուգական խաղ ու խաղահրապարակ… եւ շատուշատ այլ բաներ …



Գագիկ Ծառուկյանն սկսել էր սիրել ու սիրվել: Բանվորագյուղացիական դասը նրա անունը պատկառանքով ու ազնվությամբ էր հնչեցնում: «Միակ մարդն ա, ով մտածում ա ժողովրդի մասին, գոնե գործ-մործ ա տալիս»: Նրա ածականը դանդաղորեն լքում էր այս աշխարհը, եւ ամենուր սավառնում էր բարի համբավը: Նա քաղաքականության մեջ արդեն ուներ անձնական թիմ, TV-ի մեջ անձնական ալիք, ուներ անձնական հանդիպումներ ու անձնական կարծիք՝ էության, կեցության, փիլիսոփայության մասին… Հետո բուրժուադեմոկրատականն էր գալու: Դեմից ոչ ոք իր ու Տեր-Պետրոսյանի համագործակցությանը չէր հավատում: Եվ բուրժուադեմոկրատականն իսկապես իրականություն էր դառնում:



Գագիկ Ծառուկյանը սկզբում հետուառաջ էր անում, կամուկաց էր լինում, բայց դա երկար տեւել չէր կարող: Ժողովուրդն սպասում էր նրան, եւ նա քաջատեղյակ էր այդ մասին… Եվ ահա, մոտենում էր ավարտը այս հուզիչ պատմության… Ոչ ցուրտ, ոչ տաք օր էր: Նրա ուղղությամբ երկու կրակոց հնչեց, եւ երկուսն էլ իսկապես սրտի խոսք էին, քանզի միայն սրտի խոսքն է ի զորու խոցել այդ վառվող, անմար սիրտը: Նրա կյանքի ու մահվան՝ ուրախ եւ տխուր պատմությունը միշտ կմնա մեր սրտերում, որպես մեր նորանկախ պետությունը ղեկավարող մարմինների գլխավոր արտապատկեր… Եվ իսկապես, անհավանական է… Ո՞նց ծնվեց ու ո՞նց մահացավ այս վեպը...