ԲՀԿ-ն դեմքը պահելու խնդիր ունի

ԲՀԿ-ն դեմքը պահելու խնդիր ունի

ԲՀԿ-ն այսօր կվերաֆորմատավորվի, իսկ քաղաքական որ բեւեռում կհանգրվանի այս ուժը, փորձեցինք պարզել ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանից:



- Պարոն Մելքումյան, հայտնի իրադարձություններից հետո ԲՀԿ-ն անգամ նախկին այլընտրանքային կարգավիճակում հանդես չի գալիս, կողմ քվեարկեցիք նաեւ «Շրջանառության հարկի մասին» օրենքում լրացումների նախագծին, մինչդեռ ոչ իշխանականներն առանձնապես խանդավառված չեն այդ փոփոխություններից: Վերջապես ո՞ր դաշտում է ԲՀԿ-ն տեղավորվելու:



- Ինչ է՝ որ մեր ասածն արել են, կողմ չքվեարկեի՞նք, ինչ որ ասել ենք, արել են, մեր առաջարկների 90 տոկոսն ընդունել են, ի՞նչ, ասենք դե՞մ ենք, որ մեր ասածն արել եք: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի կարգավիճակին, հստակ ասում եմ, որ այլընտրանք այլեւս չենք լինելու: Այս փուլում ես կարծում եմ, որ ունենք մի քանի խնդիր, առաջինը մեր դեմքը պահելու, ապա սկզբունքներին չդավաճանելու, մենք ունենք սկզբունքներ քաղաքական գործունեություն ծավալելու եւ ծրագրային դրույթներ, դրանք պետք է պահպանենք: Երկրորդը. պետք է այնպես անենք, որ մեր ընտրողները, մեր բնակչությունը վստահությունը մեր նկատմամբ չկորցնի, եւ երրորդը. պետք է կարողանանք ադեկվատ գործունեություն ծավալենք ռեալ իրողությունների, այն հարթակում, որտեղ գործունեություն ենք ծավալելու: Այսինքն՝ կարողանանք պրոցեսները պահպանել քաղաքական մրցապայքարի դաշտում, ոչ թե դրանից դուրս:



- Իսկ Ձեր սկզբունքների մեջ մտնո՞ւմ է արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների պահանջը, որը ԲՀԿ-ն հետապնդում էր շաբաթներ առաջ, կամ էլ հրաժարականների պահանջը, օրինակ՝ Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի կամ իշխանության այլ պատասխանատուների:



- Ես կարծում եմ, որ թեեւ, ամենայն հավանականությամբ, մենք կլինենք ընդդիմություն, բայց ձեր ասած պահանջները գոնե այս փուլում չեն ընդգրկվի մեր ծրագրերում, պարզ չի՞ դա, այս փուլում, իհարկե, ոչ: Պետք է իրատես լինել, բայց նաեւ այնպես, որ քո սկզբունքներին չդավաճանես: Ամեն մեկը, որ քաղաքական գործունեություն է ծավալում, ինքն է իր ռիսկերը հաշվարկում, այն ռիսկերը, որոնք կան եւ կային, դրանք հաշվի առնելով՝ պետք է շարժվել առաջ: Իսկ հրաժարականների պահանջը ոչ ակտուալ է, ոչ էլ կա:



- Այդ դեպքում ինչքանո՞վ է արդարացի, որ ԲՀԿ-ն ստանձնի ընդդիմադիրի կարգավիճակ: Ուրեմն հայտարարեք, որ իշխանական կուսակցություն եք:



- Չէ, բայց չհասկացա, էս եղած ընդդիմություններն ամեն օր հրաժարակա՞ն են պահանջում, կամ որ հրաժարական պահանջես, հրաժարակա՞ն են տալու:



- Պարոն Մելքումյան, փաստորեն, ԲՀԿ-ն սխալ հաշվարկնե՞ր էր արել, որ ընդամենը շաբաթներ առաջ նման պահանջներ էր ներկայացնում:



- Այո, այնպիսի հաշվարկներ պետք է անես, որոնք արդյունքի կբերեն, քաղաքական ուժեր կան, որ անընդհատ կարող են հաշտվել պարտությունների հետ՝ գնան, պարտվեն… Իսկ ես էլ կարծում եմ, որ պետության համար օգտակար բան անելու համար պետք է հնարավորինս կարողանաս այն բոլոր սկզբունքները, որոնք թվարկեցի, համադրես եւ համատեղես, կստացվի, թե չի ստացվի, կյանքը ցույց կտա:
Սխալ հաշվարկ չկար, մենք գնում էինք ուրույն ճանապարհով, մարդը, որ քայլում է, եղանակ է փոխվում, տարբեր ազդեցություններ կան… Այդ ազդեցությունները պետք է գնահատես, շատ բաներ տակտիկական չենք բացահայտում, սա նահա՞նջ է, ժամանակավոր դադար, վերաիմաստավորում, ուժերի համախմբում, բոլոր դեպքերում, երբ քո կուսակցության նախագահը, կարեւորագույն ֆիգուրը հրաժարական է տալու կուսակցության նախագահից ու երեւի թե հեռանա քաղաքականությունից, դա փոփոխություն չէ՞: Ես ինչքան գիտեմ, եթե չեմ սխալվում, այդ պատվավոր նախագահ բաներն էլ չեն լինելու: Ի՞նչ է եղել, թող որոշ ժամանակ պաուզա վերցնի: Ծառուկյանն ինքն է կարծում, որ այս փուլում պետք է մի կողմ կանգնի, որպեսզի ցնցումային իրավիճակներ չառաջանան:



- Իսկ իրակա՞ն են խոսակցությունները, որ նաեւ Վարդան Օսկանյանն է վայր դնելու մանդատն ու դուրս է գալու ԲՀԿ-ից, նաեւ, որ մասսայական արտահոսք է սպասվում:



- Վարդան Օսկանյանը երեւի հասկացավ կամ հասկանում է, որ այն նպատակները, այն մեխանիզմները, որոնք ինքը ենթադրում էր, որ քաղաքականության մեջ կարող է լինել, այս փուլում ինչ-որ ճանապարհ պետք է անցնի, իր պատկերացրած միջավայրը չկա: Վարդան Օսկանյանը չի հայտարարել, որ կուսակցությունից դուրս է գալիս: Ինքը մանդատը վայր դնելու մասին է ասել, կուսակցությունից դուրս գալու մասին չի ասել, միգուցե Օսկանյանը մինչեւ 2017 թվականն է դադար վերցնելու, միգուցե Օսկանյանն ուզում է վերաիմաստավորել իր հետագա գործունեության բնույթը եւ վեկտորը: Այսինքն՝ մենք պետք է մի հատ դեռ վերաիմաստավորվենք, տեսնենք, թե ինչ կատարվեց, ինչ է լինում, էդքան մարդիկ են դուրս գալիս կուսակցությունից: Մեկ համագումարով հարցը չի լուծվում, կուսակցության քաղաքական գծի ու ապագայի հետ կապված հարցերը ճշգրտելու համար ժամանակ է պետք, պետք է կյանքն ապացուցի, թե ԲՀԿ-ի նոր թիմն ինչի է ունակ եւ ինչ է անելու:



- Չե՞ք կարծում, որ Ծառուկյանը ոչ միայն լքեց իր թիմը, այլեւ հանրությունը կորցրեց վստահությունը ԲՀԿ-ի նկատմամբ:



- Չէ, չէ, չէ, Շառլ դը Գոլը մեկ անգամ հրաժարական է տվել, հետո նորից եկել է: Իսկ ԲՀԿ-ի նկատմամբ վստահությունը հաստատ չի կորել: Պետք է կարողանալ այդ հարցերում էլ ճիշտ եւ պարզ ճակատով, մարդկային կերպարով ժողովրդի հետ խոսել, ասել, թե ինչ տեղի ունեցավ, ժողովուրդն առանց մեր ասելու էլ գիտի, թե ինչ տեղի ունեցավ: Ծառուկյանն ընդամենը խուսափեց արյունահեղությունից, նա զերծ մնաց պատերազմից:



- Բայց չէ՞ որ իր հրաժարումից ժամեր առաջ Ծառուկյանը հայտարարեց, որ պատրաստ է պատերազմի, պատրաստ է ու պետք է «չարիքի» իշխանությունը հեռացնեն երկրից:



- Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, ժամով, վայրկյանով հնարավորությունների արվեստ է, պետք է ամեն ինչ, բոլոր ռեալությունները, իրողությունները հաշվի առնելով, լուրջ խորհելով՝ առաջ գնալ: Մենք ասել ենք. որեւէ մարդու արյունը, զոհերը որեւէ բան չեն արդարացնի, եւ երկրորդ՝ եկեք առաջ նայենք արդեն: