«Կառավարական» մրցանակաբաշխություն. խոստանում ենք ավելի լավ աշխատել

«Կառավարական» մրցանակաբաշխություն. խոստանում ենք ավելի լավ աշխատել

«Մենք էլ խոսք ենք տալիս, որ ավելի լավ աշխատենք, ավելի շատ մարդկանց բուժենք եւ վերականգնենք աշխատունակությունը»,- ասաց «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը՝ ՀՀ նախագահի խնամին, եւ դեմքի գոհ արտահայտությամբ վերցրեց մրցանակաբաշխության արձանիկը: Ի դեպ, ոչ միայն նա, մյուս մրցանակակիրները նույնպես խոստանում էին այսուհետ ավելի լավ աշխատել:
Երեկ արտադրանքի եւ ծառայությունների որակի ապահովման բնագավառում ՀՀ կառավարության 2014 թվականի մրցանակաբաշխությունն էր: Բոլորը նախապես գիտեին, որ արժանացել են մրցանակների: «Մենք հույս ունենք, որ հաղթող կազմակերպությունները կարող են մասնակցել ԱՊՀ երկրների մրցանակաբաշխությանը, այսօր այն ավելի քան կարեւոր է, ԵՏՄ տարածքում ընդհանրապես բիզնեսի համար շատ կարեւոր է:



Մրցանակաբաշխությունը 3 փուլով է անցել, մրցանակն ստանում են հաղթող 6 կազմակերպություններ, բայց դիմել են 30 եւ ավելի կազմակերպություններ: Իսկ հիմքում, օբյեկտիվություն ապահովելու համար, դրված են որակի կառավարման համակարգի ԻՍՈ 9001 համակարգի պահանջները: Այսինքն՝ կազմակերպությունները, որոնք համապատասխանել են ԻՍՈ 9001 ստանդարտի պահանջներին հիմնականում, որը պահպանել է չափելիությունն ու օբյեկտիվությունը, ստացել են մրցանակներ»,- ասաց Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը, ով նաեւ մրցանակաբաշխության հանձնաժողովի քարտուղարն է: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանը հայտարարեց կազմակերպությունների անունները, որոնք արժանացել էին հաղթողի կոչմանը. «ՀՀ կառավարությունը դեռեւս 1998 թվականի փետրվարի 26-ի թիվ 116 որոշմամբ սահմանել է արտադրանքի եւ ծառայությունների որակի բնագավառում Հայաստանի Հանրապետության ամենամյա մրցանակաբաշխության կարգը: Այդ կապակցությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի նախագահը ՀՀ էկոնոմիկայի նախարարն է, իսկ քարտուղարը՝ Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրենը՝ նախկին փաստաբան Ենոք Ազարյանը:



Արժանի մրցանակակիրներին որոշելու համար 2014 թվականին իրականացվել են մի շարք գործընթացներ: Համաձայն սահմանված միջոցառումների ծրագրի, մասնավորապես 2014 թվականին ՀՀ պետական մարմիններից ստացվել են առաջարկներ համակարգի նոր կազմակերպությունների վերաբերյալ: Հավակնոտ կազմակերպություններում 3 փուլով իրականացվել է փորձագիտական գնահատում, եւ որոշվել են արժանի կազմակերպությունները: Փորձագիտական գնահատումն իրականացվել է ինչպես փաստաթղթերի վերլուծությամբ, այնպես էլ տեղում գնահատմամբ»:



«Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի, «Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի, «Գյումրի գարեջուր» ՍՊԸ-ի, «Դիլիջան հանքային ջրի գործարան» ՍՊԸ-ի «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի տնօրեններն արդեն կարող են «գլուխ գովալ» իրենց հաղթանակի համար: Բուրգ հիշեցնող արձանիկների կողքին տեղադրված էր նաեւ մի մեծ նուռ՝ Ռուսաստանի դրոշով եւ «Հհկկ» գրությամբ, որն էլ բաժին հասավ Ռուսաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության փոխնախագահ Անդրեյ Լոցմանովին: Կարելի է ասել, որ այս կազմակերպությունը Ստանդարտների ազգային ինստիտուտի ռուսաստանյան կազմակերպությունն է: «Մենք սերտորեն աշխատում ենք Ռուսաստանի կառավարման օղակների հետ եւ ոչ միայն Ռուսաստանի: Վերջին 3 տարիներին մենք ակտիվորեն աշխատում ենք ԵՏՄ-ի հետ: Դա օգնում է ոչ միայն մեր արդյունաբերությանը, ոչ միայն արտահայտել մեր կարծիքները, այլեւ հասնել նրան, որ այդ կարծիքը հաշվի առնեն»,- իր ելույթում նշեց Անդրեյ Լոցմանովը:



Մրցանակաբաշխության մասնակիցներն իրենք են դիմում ներկայացնում մրցույթին մասնակցելու համար: Նմանատիպ մրցանակաբաշխություն կազմակերպվել է նաեւ 2009-ին, ընդմիջմանը մեկնաբանություն տվեց Ենոք Ազարյանը. «Մենք այդ բացը լրացրել ենք ասեմ ինչով. հիշում եք, թե չեք հիշում՝ 12 թվականին Ստանդարտների ինստիտուտը կազմակերպեց մրցանակաբաշխություն ստանդարտների բնագավառում, դա բացառիկ մրցանակաբաշխություն էր»: