Էդվարդ Նալբանդյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին

Էդվարդ Նալբանդյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին

«Այն, ինչ դուք հարցնում եք սպանության հետ կապված, և այն, ինչ տեղի ունեցավ Գյումրիում, սարսափելի ողբերգություն է: Քննությունը շարունակվում է: Մենք վստահ ենք, որ մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»,- սլովենական «Delo» օրաթերթին տված հարցազրուցի ժամանակ պատասխանելով հարցին, թե մարտին Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում սկսվեցին ՌԴ Զինված ուժերի զորավարժությունները, ինչպե՞ս են վերաբերվում Հայաստանում այս փաստին` հատկապես նկատի ունեմ հայկական ընտանիքի սպանությունը ՌԴ զինծառայողի կողմից, ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:



Նախարարը նաև ասել է. «Ինչ վերաբերվում է Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին, ապա այդ հարաբերությունները զարգանում են, ամրապնդվում են և ընդլայնվում: Առկա է շատ սերտ համագործակցություն երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև: Ինչ վերաբերում է ռուսական ռազմական բազային, ապա այն գտնվում է Հայաստանում միջկառավարական պայմանագրի հիմնան վրա և հանդիսանում է անվտանգության ապահովման կարևոր գործոններից»:



Պատասխանելով մեկ այլ հարցի, թե Արևմուտքում հույս են տածում, որ Գյումրիում տեղի ունեցածը, տնտեսական խնդիրները կգժտեն Հայաստանին և Ռուսաստանին, արդյո՞ք Հայաստանում փոխվել է վերաբերմունքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ընդհանրապես Ռուսաստանի հանդեպ, Է. Նալբանդյանն ասել է. «Ես չգիտեմ` ով է այդպիսի հույսեր փայփայում: Դրանք անլուրջ հույսեր են: Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները ռազմավարական, դաշնակցային են, որոնք անցել են ժամանակի փորձությունը, և հենց դա է բնութագրում մեր երկրների ղեկավարների միջև հարաբերությունները:...Այո, Ռուսաստանի հետ մենք ունենք սերտ դաշնակցային հարաբերություններ: Բայց, այնուհանդերձ, մենք ցանկանում ենք աշխարհի բոլոր երկրների հետ զարգացնել, ամրապնդել բարեկամական գործընկերությունը: Որոշ երկրներ հավակնում են, թե ունեն ռազմավարական հարաբերություններ աշխարհի գրեթե բոլոր երկրների հետ: Նման բան դժվար թե հնարավոր է»: