Հանդիպել են ՀՀ և Իտալիայի արտգործնախարարները

Հանդիպել են ՀՀ և Իտալիայի արտգործնախարարները

Ապրիլի 10-ին պաշտոնական այցով Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Հռոմում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնիին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատավական ծառայությունը։



Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝ վստահություն հայտնելով, որ ՀՀ Նախագահի այցելությունը կնպաստի հայ-իտալական փոխգործակցության ամրապնդմանը և ընդլայնմանը: Հայաստանի և Իտալիայի արտգործնախարարները համակարծիք էին, որ երկկողմ հարաբերությունների խորացման համար լավ հիմք են հանդիսանում երկու ժողովուրդների պատմական սերտ առնչություններն ու փոխադարձ բարեկամության ավանդույթները։



Հայաստանի և Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները անդրադարձել են երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության սերտացմանը, երկու երկրների ԱԳՆ-ների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացմանը վերաբերող հարցերին:



Էդվարդ Նալբանդյանն իր իտալացի գործընկերոջը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Հայաստանում և ողջ աշխարհում կազմակերպվելիք միջոցառումները՝ ընդգծելով, որ այս խորհրդանշական տարելիցը առավելագույնս պետք է ծառայի՝ հետագայում ցեղասպանությունները կանխելու կարևոր առաքելությանը, որի ուղղությամբ Հայաստանը ակտիվ ջանքեր է գործադրում: Այս համատեքստում նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի նախաձեռնած ցեղասպանության կանխարգելման բանաձևը Իտալիայի կողմից համահեղինակելու համար։



Հանդիպման օրակարգում էին Հայաստան - ԵՄ համագործակցության հարցերը:



Նախարարներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների: Էդվարդ Նալբանդյանը Պաոլո Ջենտիլոնիին է ներկայացրել Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը՝ ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ: