Կառավարությունը ոմանց հաշվին ԱԱՀ-ի դրույքաչափը կիջեցնի

Կառավարությունը ոմանց հաշվին ԱԱՀ-ի դրույքաչափը կիջեցնի

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության փաստը երբեմն էլ կարող է որոշ օգուտներ բերել ՀՀ քաղաքացիներին, մասնավորապես, տնտեսվարողներին: Անդամակցելով ԵՏՄ-ին՝ Հայաստանը պարտավորվածություն է ստանձնել հարմարեցնել իր օրենսդրությունն այդ միությանը եւ հատկապես Ռուսաստանի օրենսդրությանը: Այս շրջանակներում հայրենի կառավարությունը պատրաստում է «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարել, համաձայն որի, կիջեցվի ԱԱՀ-ի դրույքաչափը՝ 20 տոկոսից դառնալով 18, մոտավորապես այդպիսի դրույքաչափ է սահմանված նաեւ Ռուսաստանի տարածքում: Կառավարությունը, մեր տեղեկություններով, դեռ մշակում է այս փոփոխությունները, որպեսզի առաջիկայում ուղարկի Ազգային ժողովի դատին:



Օրենսդրական այս փոփոխությունը համընդհանուր խանդավառություն կառաջացներ, եթե կառավարությունը, հավատարիմ իր սկզբունքներին, այդ «արտոնությունը» չկոմպենսացներ որոշների հաշվին:
Ինչպես հայտնի է, ԱԱՀ-ի հարկատեսակը չի գանձվում կամ որոշակի մեղմացումներով է կիրառվում որոշ ապրանքատեսակների ու ձեռնարկատիրությունների դեպքում:
Պարզվում է՝ կառավարությունը պատրաստվում է «արտոնյալներին» բերել հարկային դաշտ եւ նման կերպ լրացնել իջեցված տոկոսադրույքի արդյունքում բյուջեում առաջանալիք ճեղքը: Խոսակցությունների համաձայն, մասնավորապես, «արտոնյալի» կարգավիճակից կզրկվեն ամսագրերը, դոնորական ընկերությունները, բուհերը եւ այլ կազմակերպություններ: Մեր հայրենի կառավարությունը որոշել է ավելացված արժեքի հարկ գանձել նաեւ բուհերում սովորողների ուսվարձից, ինչը նշանակում է, որ նոր օրենքի գործողության մեջ մտնելուց հետո բուհերում ուսանելու վարձը կաճի ուղիղ 18 տոկոսով, քանի որ բուհերը բնականաբար իրենց բյուջեի հաշվին չեն վճարի այդ գումարները, այլ կգանձեն ուսանողների գրպանից:



ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը մեզ հետ զրույցում ուրախությամբ է արձագանքում ԱԱՀ-ի դրույքաչափն իջեցնելու կառավարության մտադրություններին. «Ցանկացած իջեցում մեզ օգուտ է, հարկային բեռի թեթեւացում»: Իսկ հանրությանը տրվող «շռայլությունը» որոշների քթից հանելու եւ մինչ օրս ԱԱՀ չվճարող սուբյեկտներին հարկային դաշտ բերելու վերաբերյալ նշում. «Դրա ժամանակը չէ, հակառակը, հիմա արտոնություններ տալու ժամանակն է, արտոնությունները հանում են տնտեսական աճի, զարգացման ժամանակ, իսկ հիմա ինչ է… չեմ կարծում, որ այդպիսի բան լինի»:



Ի դեպ, Մելքումյանն «ԱԱՀ-ի մասին» օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու նախագիծ է ներկայացրել կառավարության հաստատմանը, որն ըստ էության այսօր կառավարության նիստում կմերժվի: Նախագծով առաջարկվում է, որ առաջին անհրաժեշտության տեղական արտադրության մի շարք ապրանքներ՝ հացը, միս-մսեղենը, կաթ-կաթնամթերը եւ այլն, ԱԱՀ-ի 20 տոկոսի փոխարեն հարկվեն 15 տոկոս դրույքաչափով:



Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը դեռեւս տեղյակ չէ այդ փոփոխություններից, սակայն ոչինչ չի բացառում.
«Կաստայում խրոնիկական փողի պակասի պարագայում ամեն քայլի՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ, նրանք դիմում են, միայն թե ցանկացած ճանապարհով փող լցնեն բյուջե: Բայց դե, այդ հավաքած փողն ակնհայտ է, թե ինչպես է օգտագործվում, չկա ոչ մի արդյունավետություն, որեւէ մեկը չի մոռացել Իշխան Զաքարյանի հայտնի հայտարարությունը, որ բյուջեի 70 տոկոսը ռիսկային է, բայց հետո, իհարկե, պարզվեց, որ ոչ մի բան էլ ռիսկային չէ»:



Ի դեպ, մեր բյուջեի մուտքերի մոտ 40 տոկոսը կազմում է ԱԱՀ-ից գանձվող գումարները, ինչը նույնպես խոսում է չաշխատող տնտեսության մասին: