Գյումրու քաղաքապետարանում պրոֆեսիոնալների պակաս կա

Գյումրու քաղաքապետարանում պրոֆեսիոնալների պակաս կա

Շուրջ 2 տարի պահանջվեց քաղաքային իշխանությունների համար՝ հասկանալու, որ Գյումրու բրենդն ամենեւին էլ մուշուրբան չէ:
Մնում է, որ մշակույթի նախարարությունը ՀՀ կառավարության վերանայմանը ներկայացնի 2012թ. մարտի մեկի թիվ 241-Ն որոշումը, որտեղ մուշուրբան ճանաչվել է որպես ազգային արժեք: Սրանից բացի, այլ խայտառակություններ էլ կան «Կումայրի» արգելոց տարածքում:



Ռիժկովի ճեմափողոցում գտնվող պատկերասրահի շենքում վաճառվում են կանացի ներքնազգեստներ, այն դեպքում, երբ տաղանդաշատ նկարիչների մի ամբողջ բանակ Գյումրիում չունի ոչ ցուցասրահ, ոչ հավաքատեղի: Քաղաքային իշխանությունների ուշադրությունն եմ հրավիրում սույն խեղկատակության վրա, հորդորելով ուսումնասիրել պատկերասրահի շենքն օտարելու հիմքերը եւ կառույցը գերակա շահ ճանաչելու գործընթաց սկսել:



Ինչ վերաբերում է Խաղաղության օղակի այգու տարածքին, չհաշված հաստաբուն մի քանի ծառերի անխնա կոտորածը, մաքրման եւ բարեկարգման աշխատանքները գնահատելի են:
Սակայն ցավալի է, որ եղեռնի 100-ամյակին նվիրված հուշարձանը տեղադրվելու է նույն այգում, որտեղով անցնում է քաղաքի գլխավոր կոյուղագիծը. նույն կեղտաջրերի վրա կառուցվում է նաեւ հայ կաթողիկե առաջնորդարանին կից եկեղեցի՝ իր անհամաչափ մասշտաբներով, ստվերելով մարգարտահատիկ Ձիթողցյանների հրաշակերտ տունը:
Ցավալի է, որ նման սրբագործված կառույցները հայտնվում են քաղաքի ամենաանմաքուր տեղերում: Այնինչ մեր նախնիները տարիներով փնտրել ու գտել են եկեղեցիներ եւ խաչքարեր տեղադրելու համար էներգետիկ մաքրամաքուր դաշտ ունեցող տարածքներ միայն:



Այն, որ թիվ 9 միջնակարգ դպրոցի հարեւանությամբ հյուրանոց է կառուցվում, այն, որ ծառահատված տարածքներում հայտնվում են արհեստական, պրոթեզավորված ծառեր, նույնպես խոսում է տարածքային ինքնակառավարման մարմիններում ոչ իրավասու անձանց ներկայության մասին:



Հասմիկ ՄԵԼՔՈՆՅԱՆ
Գյումրի