Ռումինիայի վարչապետին ու Սլովենիայի նախագահին Գալիպոլիում ոչ ոք չի տեսել

Ռումինիայի վարչապետին ու Սլովենիայի նախագահին Գալիպոլիում ոչ ոք չի տեսել

Թուրքական լրատվամիջոցներն ուռճացրել են Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին մասնակցող պետությունների նախագահների եւ վարչապետների թիվը առնվազն երկուսով: Նախօրեին թմբկահարվող հայտարարությունը, թե միջոցառումներին մասնակցելու են 17 երկրների նախագահներ եւ 5 երկրների վարչապետներ, իրականությանը չի համապատասխանում: Դեռ առավոտյան թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը հաղորդում էր, որ մասնակիցների թվում են լինելու Սլովենիայի նախագահ Բորուտ Պահորը եւ Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան: Հատկանշական է, որ նյութը գործակալության կայքէջում հրապարակվել է առավոտյան ժամը 10:38-ին եւ խմբագրվել 12:29-ին, որից հետո անգամ եվրոպական երկու երկրների առաջնորդների անունները եղել են նյութում:



Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բուխարեստից, Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան երեկ Կրայովա քաղաքում ընդունել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովին եւ Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչին: Քիչ հավանական է, որ Պոնտան թողել է հյուրերին եւ մեկնել Գալիպոլի, մանավանդ, որ վերջիններիս քննարկման օրակարգում Գալիպոլիի տոնակատարությունների հարցն ընդհանրապես կարելի է բացառել:



Ինչ վերաբերում է Սլովենիայի նախագահ Բորուտ Պահորին, նա ընդհանրապես նախընտրել է օրն անցկացնել մշակութային միջավայրում եւ մտավոր սեփականության խնդիրների քննարկման համար ընդունել է երկրի երաժշտական էլիտայի ներկայացուցիչներին:
Հաշվի առնելով այս հանգամանքը՝ կարելի է եզրակացնել, որ Գալիպոլիի միջոցառումների ներկաների թվի արհեստական ուռճացումը Թուրքիայի համար եղել է ընդամենը ինքնանպատակ: