Ընդհանուր հանդիպում՝ «հատուկ» հյուրերի համար

Ընդհանուր հանդիպում՝ «հատուկ» հյուրերի համար

Ապրիլի 25-ին, «Թումոյում», հայ երաժշտության ներկայի ու ապագայի, դրա շուրջ ծագած խնդիրների մասին զրուցելու էին եկել Տիգրան Մանսուրյանը, Սերժ Թանկյանը, Լիլիթ Պիպոյանը եւ Տիգրան Համասյանը: Զրույցը վարում էր հայ ժամանակակից ակադեմիական երաժշտության ամենատաղանդավոր դեմքերից մեկը՝ Արթուր Ավանեսովը:
«Թումոյում» շատ մարդ էր հավաքվել: «System»-ի երեւանյան ֆանտաստիկ համերգի տպավորություններով փայլող աչքերով երիտասարդություն, որ Սերժ Թանկյանին առանձնակի ոգեւորությամբ դիմավորեց, եւ զրույցի ընթացքում նրան տաք աչքերով էին հետեւում: «Հատուկ» հյուրեր էլ կային, օրինակ, երգիչ Հայկոն, «Վիտամինի» Գարիկը, ով կրքոտ հարցադրում արեց՝ նաեւ նշելով, որ այսպիսի երաժիշտներ պիտի հայ հասարակության մեջ շատ լինեն: Ասաց, որ SOAD-ի համերգի ընթացքում զարմացել է՝ տեսնելով, թե ինչ բարձրաճաշակ բազմություն է հավաքված: «Եթե դուք քչանաք մեր հասարակության մեջ, ձեր տեսակը կքչանա, իմ տեսակն էլ կքչանա, որովհետեւ իմ տեսակի մեջ դուք ձեր մասն ունեք: Ես չգիտեի, որ այդքան մարդ կա, որ նման երաժշտություն սիրում է: Ձեր համերգի ժամանակ մարդիկ իրար կպնելիս փաթաթվում էին»,-ավելացրեց հումորիստը:



Հետո հարց տվեց, թե ինչու, օրինակ, Մանսուրյանի, Պիպոյանի, Թանկյանի, Համասյանի երաժշտությունը մեքենաների մեջ չեն լսում, դրա փոխարեն վատ, ռաբիս երգերին են նախապատվությունը տալիս: Մանսուրյանը պատասխանեց. «Այն ռաբիզը, որ հնչում է մեր շուրջ, դա մեր կյանքն է, ոչ թե արգելել է պետք, այլ մեր կյանքն է պետք փոխել»: Երաժիշտներն ավելի շատ ընդհանուր բաներից էին խոսում, իսկ միմյանց միջեւ երկխոսություն այդպես էլ չստացվեց: Հետաքրքիր կլիներ ավելի շատ լսել երաժշտական տարբեր ոճերի փոխհարաբերությունների ու դրանց ապագա զարգացումների մասին: Բոլորից շատ ու բոլորից երկար խոսում էր մաեստրո Տիգրան Մանսուրյանը՝ հիմնականում ընդհանրական պատմելով հայ երաժշտության, դրա մեջ մեր լեզվի առանձնահատկությունների մասին:



Տիգրան Համասյանին խոսք հասավ մի երկու անգամ: Մասնավորապես, հեռուստատեսությամբ մատուցվող երաժշտության մասին նա ասաց հետեւյալը. «Շատ կարեւոր է, որ ցենզուրա լինի, ռադիոներով ու հեռուստատեսությամբ 90 տոկոսն աղբ են ցույց տալիս, եվրոպական ամենաազատ երկրներում նույնիսկ ցենզուրա կա»: Սերժ Թանկյանը նույնպես այս խնդիրը կարեւոր համարեց եւ ասաց, որ վնասակար բաներ պետք չէ ցուցադրել: Լիլիթ Պիպոյանն էլ հայտնեց, որ ինքը հոգնել է այդ ամենից ու հիմա մերժում է հեռուստաընկերություններից հրավերները՝ մասնակցելու այնպիսի հաղորդումների, որոնք հենց այդ թեմայի մասին են: Եվ հրավիրողներին հորդորում է այդ հարցը տալ հեռուստաընկերությունների ղեկավարներին, թե ինչու են նման անորակ բաներ մատուցում մարդկանց:




Ընթացքում զրույցն ընդհատվում էր մասնակիցների ստեղծագործություններով: Սերժ Թանկյանը ներկայացրեց կիթառի եւ դուդուկի համար գրված նոր գործից մի գեղեցիկ հատված: Տիգրան Մանսուրյանն Ավետիք Իսահակյանի տողերի հիման վրա՝ խմբերգ: Իսկ Տիգրան Համասյանն ու Լիլիթ Պիպոյանը միասին մի համար ներկայացրին:
Ընդհանուր առմամբ, մոտ 3 ժամ տեւած զրույցն այդպես էլ չստացվեց: Վերջում հանդիսատեսի մոտ հոգնածություն էր նկատվում: Երկրորդ մասը հարցուպատասխանն էր: Պարզվեց, որ այն միայն «հատուկ» հյուրերի համար է: Եվ «հատուկ» հյուրերն անվերջ ու անդադար, երկար-բարակ, անհետաքրքիր հարցեր էին ծորացնում: Իսկ «ոչ հատուկ» հյուրերի համար, բոլորի նստարաններին հարց ուղղելու թուղթ ու գրիչ էր դրված, որոնք վերջում փոխանցվեցին վարողին: Սակայն, քանի որ «հատուկ» հյուրերի հարցերն այդպես էլ չէին ավարտվում, եւ քանի որ նրանք իսկապես «հատուկ» էին, ուստի միշտ նրանց էր կարելի հարցեր տալ: Մյուսների հարցերն այդպես էլ մնացին թղթերի վրա:




Տաթեւ ԳՐԻԳՈՐՅԱՆ