Ակադեմիայի ղեկավարության համար գիտությունը բիզնես է

Ակադեմիայի ղեկավարության համար գիտությունը բիզնես է

Հարցազրույց պատմական եւ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հայագետ Արծրունի Սահակյանի հետ



- Պարոն Սահակյան, 40 տարուց ավելի է, ինչ գիտության ոլորտում եք, Դուք առավել, քան որեւէ մեկը, կարող եք ասել, թե որքանով է այսօր շահավետ գիտությամբ զբաղվել մեր երկրում, 20-30 տարի հետո գիտության վաստակն ինչպե՞ս է վերադառնում գիտնականին, դա հետո բերո՞ւմ է նյութական ինչ-որ բարեկեցության։



- Գյուղում իմ ընտանիքի իդեալը եղել է կրթությունը, ես էլ, որպես տպավորվող երեխա, ընկալել ու մղվել եմ դրան։ Գիտությունն ինձ համար թե սովետի օրոք, թե հիմա չի եղել բարեկեցության, նյութական վաստակի աղբյուր։ Եղել է հոգու պահանջ, ու, մեկ է, ես դրանով պետք է զբաղվեի։ Այս իմաստով ես ինքս ինձ պատվիրատու, կատարող ու հաճախ էլ սպառող եմ եղել։ Իմ կյանքի 60 տարիներից 40-ը համարում եմ գիտական կյանք։ Բայց հիմա տեսնում եմ մարդիկ, որոնք կրթությունից դուրս են, ուրիշ հոգսերով են ապրում, բայց զուգահեռ ունեն այսպիսի մի հոբբի՝ գիտությամբ են զբաղվում։ Ձեր ասածը կլինի այն ժամանակ, երբ գիտությունը դառնա բիզնեսի առարկա, ի դեպ, որոշ երկրներում էլ կան բիզնեսից դուրս զուտ գիտական աշխատանքի պահանջ ունեցող մարդիկ, որ չեն վաստակում գիտությունով, բայց կան գործիչներ, ում համար գիտությունը լուրջ բիզնես է։



- Իսկ մեզ մոտ գիտությունը շանսեր ունի՞ բիզնես դառնալու։



- Առայժմ չի եղել ու հիմա էլ չկա։ Կարող է ինչ-որ սաղմնային վիճակում ինչ-որ տեղեր օջախներ են գոյացել, բայց դրանք դեռ հայտնի չեն եւ տոն չեն տալիս ընդհանուր ուղղությանը։ Ինչ վերաբերում է այսօրվա գիտության կացությանը, ասեմ, որ ցանկացած դարաշրջանում անցման փուլերում գիտությունը պահանջված չի լինում։ Նույնիսկ կրթությունը պահանջված չէ, ուր մնաց գիտությունը, որն ամենաբարձր մտածողության զբաղմունքի տեսակն է։ Այսօր մենք չունենք գիտության փիլիսոփայություն, գիտության հոգեբանություն, գիտության պատմություն, ունենք մի քանի գիտությամբ զբաղվողներ, ոմանք իսկականից զբաղվում են հոգու կոչով, ոմանք զբաղվում են ուրիշ բանով զբաղվելու անկարողությունից կամ ընկել են այդ հոսանքի մեջ, մի կերպ գլուխ են պահում։ Գիտությունը չի կարող բաղկացած լինել մաքուր մասնագիտական գործիչներից։ Պիտի գորշ ֆոն ունենանք, որ դրա ֆոնի վրա մի քանի արժեքավոր արտադրանքներ ստանանք։



- Գո՞հ եք գիտությանը տրվող պետական ֆինանսավորումից։ ԳԱԱ-ն այս տարվա գարնանն իր տարեկան զեկույցում տպավորիչ թվաբանություն ներկայացրեց, որից շատերն էին գոհ, բայց գործնականում այդ թվերի արտացոլումը մեր գիտության ոլորտում կարծես չենք տեսնում։



- Եթե քիչ թե շատ գիտությունը բիզնեսի վերածվում է, դա ակադեմիան է, ակադեմիայի մեջ էլ եթե քիչ թե շատ այդ տեղը փնտրենք, ակադեմիայի ղեկավարությունն է։ Այսինքն՝ ակադեմիայի ղեկավարության համար գիտությունը բիզնես է՝ սկսած նախագահից, վերջացրած փոխնախագահներով, բաժանմունքներով, տնօրեններով։ Դու գոհ կլինեիր, եթե այս բիզնեսի մեջ ներգրավված լինեիր, ես չեմ թաքցնում, եթե ես լինեի ակադեմիայի ղեկավարներից մեկը, ու ինձ համար գիտությունը լիներ իսկականից բիզնես, այսինքն՝ բարձր աշխատավարձ, ես ապահովված կլինեի ամեն ինչով, ինձ կմնար թամադայի պես կամ հարսանիքի գեներալի պես այս հանդեսից այն հանդեսը թրեւել։ Սակայն այդպես չի սովորական աշխատողների համար։ Նրանց համար գիտությունը լքված, արհամարհված արհեստ է, եւ իրենք այդ լքվածների դասին են պատկանում, ովքեր հենց իսկական գիտաշխատողներն են։



- Այսինքն՝ ֆինանսը վերին օղակներից ներքեւ չի իջնում։



- Ինչպե՞ս կիջնի, այդ սահմանափակ գումարն իրենք են իրենց մեջ բաշխում կամ իրացնում, իսկ այդ մնացորդները չեն կարող գոհացնել որեւէ գիտաշխատողի։ Եվ գիտնականը հաճախ փնտրում է 2-րդ, 3-րդ, երբեմն նաեւ 4-րդ, այսպես ասած, վարձու աշխատանք։ Երիտասարդն իր կյանքի բոլոր փուլերով անցնելիս` գնալով այդ լուծը ծանրանում է իր վրա, որովհետեւ իր ընտանիքը, երեխաները մեծանում են, պահանջները պրոգրեսիայով աճում են, եւ նա ստիպված գիտությունը պետք է դարձնի ամենաչնչին աշխատավարձի աղբյուր։



- Այն, որ շատ գիտնականներ թողնում-հեռանում են երկրից՝ մատնանշելով նաեւ ֆինանսական խնդիրները, գաղտնիք չէ։ Ինձ հետաքրքիր է, եթե մեր երկրում սոցիալական, ֆինանսական պայմաններ ապահովվեն, դա բավարա՞ր կլինի, որ մարդիկ չարտագաղթեն, մնան իրենց երկրում եւ գիտությամբ զբաղվեն։ Թե՞ կան նաեւ գաղափարական խնդիրներ։



- Երկու խնդիրն էլ առկա է, ունենք եւ սոցիալական խնդիրը, որի համար տվյալ գիտնականի աչքը դրսում է, ունենք եւ գաղափարական, հայեցակարգային խնդիրը, որի դեպքում ինչքան էլ ֆինանսները մեզ ողողեն, միեւնույն է, խնդիրը չենք լուծի, որովհետեւ կա գաղափարական պատճառ։ Հիմա տեսեք՝ այսօր մեր գիտության ղեկավարներն ավելի շատ բնագետներն են՝ ֆիզիկոս, մաթեմատիկոս, ճշգրիտ գիտության մարդիկ, ովքեր ավելի ակտիվ են, ղեկավար օղակներում ավելի մեծ դիրքեր են գրավում, ավելի շուտ են տրվում հասարակական կարիերայի գայթակղությանը։ Սակայն իրենց աշխարհայացքով ավելի սահմանափակ են, ինչո՞ւ, որովհետեւ նրանց պակասում է նախ հումանիտար կրթությունը, ունենալով դրա պակասը` նրանք թերագնահատում են հայագիտությունը եւ, առհասարակ, հումանիտար միտքը։ Ու, գրավելով ղեկավար դիրքեր, նրանք վերաբաշխում են այդ եղած փոքր հատկացումները, ավելի մեծ մասը տալով ճշգրիտ գիտություններին։ Նրանցից ոմանք, ստացած հասույթից գոհ չլինելով, գնում են օտար ափեր, այնտեղ են ինտեգրվում, բարձր վճարվում եւ եթե անգամ դա այստեղ անեին, մեր բնագիտական մտքի նվաճումները, ի վերջո, ծառայում են ամբողջ աշխարհին, բայց մեր հայագիտական մտքի նվաճումներն սպառվում են միայն Հայաստանում, հայագետների նեղ շրջանակում, եւ այս որբացած հայագիտությունը մի տեսակ անմասն է մնում այդ փոքրիկ հատկացումներից, որ անում է պետությունը։ Իրականում բոլոր բնագետները, կենսաբանները, ֆիզիկոսներն ազգային լոզունգներով են հասնում բարձր պաշտոնների։ Նրանց համար հայագիտությունը... միայն լոզունգ ասող մի երկու հոգի լինի, որ ներկայացնի, բայց հայագիտությունը նույնպես ունի միջազգային դեր, հետո ինչ-որ անմիջապես նրանով հետաքրքրվողները՝ օտարները, շատ քիչ են։ Եվ հետո՝ սրան-նրան գնում մատուցում են հայկական մշակույթի արժեքներ՝ սկուտեղի վրա դրված, ասում են․ տես, եթե տհաճ չի քիմքիդ՝ վայելիր, երբ ասում ես՝ ինչի՞ համար եք անում, ասում են, որ իմանան՝ աշխարհում Հայաստան կա։ Դա ամենապարզունակ պատկերացումն է Հայաստանի, նրա միջազգային դերի մասին, բայց այսօր եթե մեր բնագետ ակադեմիկոսին հարցնես, թե որն է այդ առումով ցանկացած միջազգային համբավ ունեցող հայի դերը, նա իր պատասխանով չի տարբերվի, ասենք, օլիմպիական կոմիտեի նախագահ Ծառուկյանի պատկերացումից․ որ մեր դրոշը բարձրանա, ճանաչեն, որ հայ ենք, Հայաստան կա աշխարհում։



- Իսկ ինչո՞ւ է այդքան տխուր։



- Որովհետեւ իրականում մեզ մոտ լոզունգն է գործում, ոչ թե ճշմարիտ, իրական պատվերը կամ պահանջը։ Մեզ մոտ մեր ակադեմիկոսն իրական պատվեր, պահանջ չի ներկայացնում՝ ճանաչելու իրեն իբրեւ մի մեծ հայոց պատմության արդյունք։ Ինքը մի տեսակ հողից ծլած կամ երկնքից ընկած մեկն է պատկերացնում իրեն, մի տեսակ ռամկական, գլուխ պահելու հոգեբանություն ունի։ Մինչեւ հիմա մեր հումանիտար գիտության մեջ ավելի շատ իշխել է սովետի շրջանից մնացած «լիկբեզի» պրոֆեսուրան։ Ով քիչ թե շատ գրագետ է եղել, մի քանի գրքերի, թերթերի անուններ է տվել, հայտնվել է հրապարակի մեջտեղում։ Բայց այսպես չի լինում, իսկական խորը մասնագիտական որակները պակասել են, դրա համար էլ աշխարհում մեր հումանիտար արտադրանքների նկատմամբ շատ թույլ հետաքրքրություն է եղել, մենք փոխանակ ուժեղացնենք մասնագիտական որակները, խորացնենք հայագիտությունը, որ հայագիտության մեջ մարդիկ ոչ միան ինֆորմացիա, այլեւ մեթոդներ փնտրեն, մենք անտեսում ենք, արհամարհում ենք, որովհետեւ խորհրդային շրջանի բանվորագյուղացիական գրագիտության միջից ծնված պրոֆեսորներն են այսօր։



- Շատերն են նշում, որ մեր գիտական պոտենցիալը ծերացած է, ավագները, որոնց ակնկալիքը միայն թոշակն է, իրենց տեղը չեն զիջում երիտասարդներին, սերնդափոխություն այսօր կատարվո՞ւմ է գիտության ոլորտում։



- Ցանկացած ճշմարիտ գիտնականի համար թիվ մեկ հոգսը նոր սերնդի ապահովումն է, իր աշակերտների, դպրոցի շարունակական գործունեությունը։ Հումանիտար գիտությունների մեջ դա շատ ավելի աշխատատար, ծախսատար ընթացք է, ինչո՞ւ, որովհետեւ հումանիտար որեւէ մասնագետ պիտի կյանքի առաջին կեսը՝ մինչեւ 50 տարեկանը, կարդա, կուտակի, հումանիտար գիտության նվիրյալը 50-ից հետո նոր սկսում է ճշմարիտ իրական արտադրանքներ տալ։ Երբեմն լինում է, որ 50-ից հետո կուտակել է, բայց առողջությունը չի հերիքում, ու այդ արժեքը մենք կորցնում ենք, իսկ երբեմն առողջությունը, կարողությունը հերիքում է, բայց հասարակական ուշադրությունը չի հերիքում։ Դրա համար այդ մարդն ինքն իրեն պետք է պատվիրի՝ իրեն իրացնի։ Արհեստներ, բնագավառներ կան, որոնց վարպետները գաղտնիքն իրենց հետ կտանեն, բայց գիտնականն իրեն կկոտորի, որ իր գաղտնիքը հետը չտանի, որ իր իմացածը հանձնի աշակերտին՝ նոր սերնդին։ Հիմա, օրինակ, ես օդ ու ջրի պես կարիք ունեմ աշակերտների, դրա համար մտել եմ համալսարան, որպեսզի ինքս շփվեմ ուսանողների հետ եւ, հետաքրքրություն սերմանելով իմ ուսանողների մեջ, նրանց միջից դուրս հանեմ այդ արժանավոր աշակերտներին։ Բայց, բոլոր դեպքերում, գիտությամբ զբաղվելը հարուստ կյանքի նշան է, աղքատ մարդը, աղքատ երկիրը չի կարող զբաղվել գիտությամբ։ Եթե երկիրը, ժողովուրդն աղքատ է, նրանք աղքատ են նաեւ հոգով եւ զուրկ են մնում մշակութային արժեքների սպառումից։ Հետո՞ ինչ, որ Գրիգոր Նարեկացին այսօր արդեն տիեզերական վարդապետ է, բայց հայը պետք է կարողանա այդ մշակութային երեւույթը վայելի՝ իր հոգեւոր սեղանին բազմեցնի, իսկ դա չի կարող անել, քանի որ աղքատ է, ուսում չի ստանում։ Մեր հարուստներն էլ կրթություն չունեն, հոգեւոր պահանջմունքներ չունեն, կողքից ասել են՝ հիմնադրամներ են ստեղծել, բայց դրանք էլ իրենց ուղեղով են կառավարում, դրա համար խոտան արժեքներ են ստեղծվում նաեւ հիմնադրամների ֆինանսավորմամբ, իսկ ճշմարիտ արժեքները կողքի են մնում։ Բացարձակ քաոս է տիրում ու շարունակվելու է, քանի որ այդ հիմնադրամների շուրջ կերակրվողներ կան։ Սրանք լուրջ պետական հարցեր են, եւ պետությունն օրերից մի օր պետք է զբաղվի օլիգարխների ստեղծած հիմադրամներով, որպեսզի տեսնենք, թե կոնկրետ ինչ նպատակների են ծառայում, այդ նպատակները որքանով են համահունչ պետության մշակութային, գիտության քաղաքականությանը։