Փնտրվում է ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը

Փնտրվում է ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի բնակիչ Գրիգորի Ասատրյանը արդեն քսան օր է քնում-ելնում է խորհրդարանի մուտքի դռան մոտ, իսկ այսօր՝ հունիսի 16-ին նա արդեն հացադուլ է հայտարարել՝ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին գտնել-հանդիպելու պահանջով, Հակոբյանը՝ Թունելի Հակոբը նրանց ընտրատարածքի պատգամավորն է, մարզի մնակիչների հարց լուծողը, նրանց հույսը․«Բոմժ եմ դառել արդեն, սոված-ծարավ, կեղտոտ, անլվա, բայց տուն գնալ էլ չեմ կարող, գնամ՝ ինչ անեմ, Հակոբ Հակոբյանին մինչեւ չտեսնեմ, չեմ գնա»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց հացադուլավորը։ Ծովագյուղցին «զեմլյակից» օգնություն է խնդրում․«Ասեմ գոնե էս մի ամիսն ինձ օգնություն ցուցաբերի, մինչեւ անցնեմ թոշակի, 63 տարեկան եմ, հունիսից թոշակ եմ ստանալու, բայց մինչեւ էդ էլ չեմ կարա ապրեմ, մարտից ազատվել եմ աշխատանքից ու եկամտի ոչ մի աղբյուր չունեմ, հիմա թող մի բանով օգնի, ընտրել ենք չէ՞ իրան, բայց հիմա մի ամիս էս պատերի տակ կանգնած եմ, Ազգային ժողովի մուտքի հեռախոսից հա զանգում եմ, օրը եսիմ քանի անգամ, ամեն անգամ քարտուղարուհին ա, ով ա, ասում ա կամ զբաղված ա, կամ խորհրդակցության, կամ․․․․ինչ է մի ժամ չի ազատվո՞ւմ», ծովագյուղցին ասաց նաեւ, որ կինը վաղուց է մահացել, աղջիկն էլ ամուսնացել-գնացել է, ինքը միայնակ է։