Դիլիջանը՝ Ռուբեն Վարդանյանին, Սյունիքը՝ Սուրիկ Խաչատրյանին

Դիլիջանը՝ Ռուբեն Վարդանյանին, Սյունիքը՝ Սուրիկ Խաչատրյանին

«Անկեղծ ասած՝ զարմացած եմ, որ որեւէ պետության մեջ կարող էր այսպիսի օրենքի նախագիծ լիներ, ու այսպես լուրջ դեմքով ներկայացնեիք-քննարկեիք այն»․ Նիկոլ Փաշինյանն իր ելույթն այսպես սկսեց, երբ Ազգային ժողովում ժամեր շարունակ քննարկվում էր «Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին» օրենքի նախագիծը: «Նախագիծը, ըստ էության, ասում է՝ եկեք Դիլիջան քաղաքում պետական հեղաշրջում իրականացնենք, էն կառավարման համակարգը, որ գոյություն ունի օրենքով, գցենք մի կողմ, ստեղծենք մի մարմին՝ քաղաքապետին ու ավագանուն պատանդի կարգավիճակով տանք էդ մարմնին, որպեսզի էդ մարմինը քաղաքապետին ու ավագանուն մարիոնետի կարգավիճակով օգտագործի, նենց, ոնց ուզում է»։ Փաշինյանի գնահատմամբ, այս օրենքը հակապետական է. «Սա օրենքի նախագիծ է Դիլիջան քաղաքը որպես կալվածք Ռուբեն Վարդանյանին հանձնելու մասին ու կարող ա շարունակվի. Սյունիքը կտանք Սուրիկ Խաչատրյանին, Արտաշատը՝ Հովիկ Աբրահամյանին եւ իր ընտանիքին, Մալաթիա-Սեբաստիան՝ Սամվել Ալեքսանյանին, Աբովյանն էլ կտանք Գագիկ Ծառուկյանին։ Առաջարկում եմ բոլոր քաղաքների անունների տակ գնապիտակներ կպցնենք. Դիլիջանն արժի էսքան, Սյունիքը՝ էսքան, մնում է ՀՀ-ի վրա բանտիկ կպցնեք՝ ասեք. ներդրող կա՞, վերցրեք»։ Նախագիծը ներկայացնող տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանը հակադարձեց, որ չի կարելի մի բան ներկայացնել, որը չկա այս նախագծում: Նրա խոսքով՝ նախագիծը միտված է Դիլիջանի զարգացմանն ու ներդրումների համար բարենպաստ միջավայր ստեղծելուն: Նա նշեց, որ որեւէ որոշում առանց Դիլիջանի քաղաքապետի ու ավագանու մասնակցության չի ընդունվելու: