Ալիեւի եվրախայտառակության ռուսաստանյան «պատուհանը»

Ալիեւի եվրախայտառակության ռուսաստանյան «պատուհանը»

Բաքվի եվրոպական խաղերի փակման հանդիսությանը եվրոպական ոչ մի երկրի պաշտոնական պատվիրակություն չի մասնակցի: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարար Ազադ Ռահիմովը:
Փոխարենը Ռուսաստանի պետդումայի խոսնակ Նարիշկինը հունիսի 26-ին տիկնոջ հետ գործուղվել է Բաքու, թեեւ խաղերի փակման հանդիսությունները նախատեսված են կիրակի: Ակնհայտ է, որ Նարիշկինը երեք օր միայն չի սքանչանալու Ադրբեջանի մայրաքաղաքի «շքեղություններով»:



Իրավիճակն այնպիսին է, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթով հայտնվել են նույն «կուպեում» եւ կամա, թե ակամա համերաշխության փոխադարձ ցույցեր են անում: Որքա՞ն կտեւի դա՝ այս պահին կողմերին, կարծես, այնքան էլ չի հուզում: Նրանք փորձում են ստեղծված կացությունից առավելագույն օգուտ քաղել:
Հայտնի է դարձել, որ «Գազպրոմը» վերսկսում է Ադրբեջան գազի մատակարարումը՝ տարեկան մի քանի միլիարդ խորանարդ մետր ծավալով: Սա բացահայտ քաղաքական որոշում է, որովհետեւ սեփական գազի ձեռքից կրակն ընկած Ադրբեջանը հազիվ թե ռուսաստանյան «կապույտ» վառելիքի կարիքն ունի:



Բաքվի եվրոպական խաղերի բացմանը կայացել է Պուտին-Էրդողան հանդիպումը, որի շուրջ մեկնաբանությունները նախապես հոռետեսական էին: Մի քանի օր անց, մինչդեռ, թուրքական կողմը հայտարարեց, որ Ռուսաստանը Սեւ ծովի թուրքական հատվածում «Թուրքական հոսք» գազատարի կառուցման տեխնիկական հետազոտություններ կատարելու արտոնագիր է ստացել:
Ավելի վաղ «Թուրքական հոսքի» կապակցությամբ լարվածություն էր առաջացել Բաքու- Անկարա հարաբերություններում: Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը նույնիսկ ակնարկել էր, որ կարող է բարրացնել Թուրքիա առաքվող գազի «արտոնյալ գինը»: Բացառված չէ, որ Թուրքիան Ռուսաստանի նախաձեռնությանը զգուշավոր համաձայնություն է տվել պայմանով, որ հեռանկարում ադրբեջանական եւ ռուսաստանյան գազատարներն իր տարածքում կարող են միանալ եւ ընդհանուր խողովակաշարով հասնել Եվրոպայի հարավ:



Ադրբեջանի էներգետիկ նախաձեռնությունները Եվրոպայում նրբորեն շրջափակվում են: Եվրամիության հանձնաժողովը «կոռուպցիոն ռիսկերը բացառելու» հիմնավորմամբ առկախել է Հունաստանի գազաբաշխիչ ցանցերի վերահսկիչ փաթեթը ձեռք բերելու՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության եւ Հունաստանի կառավարության միջեւ նախկինում ձեռք բերված համաձայնությունը:



Իտալիայի հարավային շրջաններում ադրբեջանական ենթադրյալ գազատարի շինարարության դեմ բողոքի զանգվածային ցույցեր են կազմակերպել ֆերմերները, որոնց ձիթապտղի այգիները, ըստ նախագծի, պետք է ոչնչացվեն: Ադրբեջանում կոռուպցիայի եւ տոտալիտարիզմի թեմաներով վերջին շրջանում սուր հրապարակումներ են արվել նաեւ իտալական մամուլում:



Եվրամիությունը մերժել է Ռուսաստանից էներգետիկ կախվածության թուլացման դիմաց Ադրբեջանին միանգամից երկու՝ Լեռնային Ղարաբաղի եւ ներքաղաքական «կայունության պահպանման», այն է՝ Ալիեւի իշխանության հավերժականացման երաշխիքներ տալու՝ Բաքվի նախապայմանները:
«Խաղն» ընթանում է այն հարթությունում, որ Եվրոպային որպես Ռուսաստանից էներգետիկ կախվածության թուլացման աշխարհաքաղաքական նածագծում «հուսալի գործընկեր» Ադրբեջանին ներկայացրել են ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան: Բայց «գործարքի» իմաստը Հարավային Կովկասի կոմունիկացիաների եւ սահմանների լիակատար ապաշրջափակման բրիտանա- ամերիկյան ծրագիրն էր:



Ալիեւը մերժեց այն կամ նրան օգնեցին, որպեսզի Հարավային Կովկասի բրիտանա-ամերիկյան «պրոտեկտորատը» չիրականանա: Այդ պահից Ադրբեջանում մարդու իրավունքների թեման մտավ եվրոպական արտաքին քաղաքականության օրակարգ: Բարձրակետը Բաքվի եվրոպական խաղերի համաեվրոպական քաղաքական բոյկոտն էր:
Ադրբեջանի եվրախայտառակությունն արդեն միջազգային քաղաքականության փաստ է: Մարզական լեզվով ասած՝ Բաքվի վարչախումբը նոկաուտի է ենթարկվել: Այն աստիճանի, որ Ադրբեջանը հրաժարվել է 2017թ. Եվրոպայի ֆուտբոլի գավաթի մրցապայքարի մի քանի խաղ Բաքվի օլիմպիական անվանված մարզադաշտում անցկացնելու նախնական հայտից:



Ասում են՝ սպորտը քաղաքականություն չէ: Գուցե այդպես է, գուցե՝ ոչ: Բայց քաղաքականությունը հաստատ մոլախաղ չէ, որի սիրահար Իլհամ Ալիեւը բարձր խաղադրույք դնելով՝ փորձում էր «վախեցնել» միանգամից եւ ԱՄՆ-ին, եւ Ռուսաստանին, եւ Եվրամիությանը:
Արդյունքում նա մնացել է Ռուսաստանի գթասրտության հույսին: Թեեւ Ադրբեջանի պետական անկախության մասին օրենքում, որ սահմանադրության հիմքն է, հատուկ ընդգծված է, որ Ռուսաստանը «օկուպանտ երկիր է, 1918 թ. ապրիլի 28-ին անեքսիայի է ենթարկել անկախ Ադրբեջանի տարածքը եւ տապալել օրինական իշխանությունը»:



Վահրամ Աթանեսյան