Պարոն Հայրիկյա՛ն, լավ, հեչ...

Պարոն Հայրիկյա՛ն, լավ, հեչ...

Խորհրդային նշանավոր այլախոհ, Խորհրդային Միության ժողովրդավարական շարժումների հիմնադիր եւ ղեկավար, ի վերջո՝ գրող, երգահան, իհարկե՝ միակ եւ անկրկնելի Պարույր Հայրիկյան։ Եթե մեջտեղից հանենք Բաղրամյան պողոտայի վերջին իրադարձությունները, երբ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ժամանեց Եվրամիության դրոշն ուսին, գումարենք էպոսագետ Վարդան Սեդրակյանի կազմակերպած մահափորձն ընդդեմ Հայրիկյանի, ռուսական գործակալներին հայտնաբերելու նուրբ հոտառությունը, ապա համաձայնեք, որ Պարույր Հայրիկյանը դեռ խորհրդային տարիներից մեր ամենաէպատաժային քաղաքական «գործիչներից» մեկն է։ Այսօր ԱԻՄ առաջնորդին է հյուրընկալում «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» օնլայն հաղորդաշարը։ Ֆեյսբուքյան օգտատերերը նախօրոք հարցեր են գրում, որոնք ուղիղ եթերում ուղղվում են հյուրին։ Այդ հարցերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Պարույր Հայրիկյանի բաղրամյանական «արկածները», մեղմ ասած, գազազեցրել են մի խումբ մարդկանց։ «Պարոն Հայրիկյան, ինչո՞վ կպայմանավորեք /կբացատրեք վերջին օրերին սլավոնական արտաքինով երիտասարդների աճը ՀՀ-ում», «Պարոն Հայրիկյան, Եվրոպայի դրոշը Բաղրամյան բերելու համար Պուտինն ինչքա՞ն էր խոստացել, եւ արդյոք նա վճարե՞ց ամբողջ խոստացած գումարը, հո Ձեզ չի՞ գցել», «Պարոն Հայրիկյան, ինչպե՞ս պատահեց, որ սլավոնական արտաքինով անձինք վերջում դարձան տիպիկ հայ կաֆելչիկներ։ Նրանք պարիկո՞վ էին», «Պարոն Հայրիկյան, դեղձի կամպոտի 3 կգ-անոց բանկին ինչքա՞ն պեսոկ լցնենք», «Պարոն Հայրիկյան, ճի՞շտ ա, որ Դուք Արցախյան պատերազմին չեք մասնակցել, որովհետեւ երկու կողմերն էլ կռվել են ռուսական արտադրության զենքերով», «Պարոն Հայրիկյան, լավ, հեչ...»․ եւ այսպես, 10 րոպեն մեկ ֆեյսբուքյան օգտատերերը թարմացնում էին «հումորը»։ Նույնիսկ առաջարկներ եղան չեղյալ համարել ասուլիսը։ Ի դեպ, ԱԻՄ առաջնորդը Ֆեյսբուքում բավականին ակտիվ օգտատեր է, կարծում ենք, բացի բժշկական հոդվածներով կիսվելուց, Պարույր Հայրիկյանը ժամանակ կգտնի աչքի տակով անցկացնելու այն «հարցերը», որոնք ուղղվելու են իրեն։