Первым делом, первым делом, самолёты. - Ну а девушки?! - А девушки потом

Первым делом, первым делом, самолёты.
- Ну а девушки?! - А девушки потом

Երբ Հայաստանի նման կիսաֆեոդալական երկրում ուզում են ինչ-որ մեկից ապագա նախագահ սարքել, որոշակի թվով լրատվամիջոցներ են կենտրոնացնում նրա շուրջ, որոնք, այնուհետև, բանուգործը թողած, սկսում են տարփողել սույն անձի բոլոր շարժումները: Ու երբ կողքից դիտում ես այդ երևույթը, տեսնում, որ տվյալ անձը իրականում ոչնչով զբաղված չէ, բացի իր առօրյա պարտականությունների կատարումից, հասկանում ես, որ շատ սովորական այդ չինովնիկից բան են ուզում ստանալ:



Մի առիթով գրել էինք, որ չի կարելի այդ պատասխանատու աշխատանքը կատարել այնքան տգեղ, որ եթե մի փոքր ակնածանք էլ կա տվյալ պաշտոնյայի հանդեպ, այն էլ հօդս ցնդի:



Ահավասիկ, հերթական, այս էլ որերորդ անգամ գրել ու տարածել են, որ Պ նախարար Սեյրան Օհանյանը խորհրդակցություն է անցկացրել իր ենթակաների հետ: Խորհրդակցությանն էլ մասնակցել են գրեթե բոլորը՝ բացի հավաքարարներից: Թե ինչու ՊՆ հավաքարարներին չեն հրավիրել բանակում կարգապահության հարցերի քննարկմանը, չենք հասկանում: Ի վերջո կարգապահությունը մեր բանակում սկսվում է «պլացը» ավլելուց և զուգարան լվալուց, չէ՞:



Այնպես չէ, որ գյուղնախարարը, ԿԳ նախարարը, Մշակույթի նախարարը իրենց ենթակաների հետ խորհրդակցություն չեն անցկացնում: Բայց, արի ու տես, որ Սեյրան Օհանյանի բոլոր հանդիպումներն են հայտնվում լրահոսում, այդ թվում և իր ենթակաների հետ խորհրդակցությունները:



ՊՆ-ից հայտարարել են, որ ի թիվս այլոց, «Խորհրդակցությանը հրավիրված էին նաև զինվորական դատախազ Արտավազդ Հարությունյանը, քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Հայկ Գրիգորյանը։



Քննարկվել են ազգային բանակում կարգապահության առկա իրավիճակը, ինչպես նաև հանցակազմ պարունակող երևույթների և արարքների նվազեցման ուղղված միջոցառումները»։



Եթե այս բոլոր մասնակիցներին իրար կողք շարենք, կտեսնենք, որ նրանք նույն մարդիկ են, ում շնորհիվ այս տարիների ընթացքում Հայոց բանակում կարգապահությունը իջել է, մեղմ ասած, մեր իմացած մակարդակին: Հիմա այս նույն մարդիկ, նարդի խաղալու փոխարեն, քննարկում են բանակում կարգապահությունը բարձրացնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Կներեք, բայց չենք հավատում: Այսինքն, այդ մարդիկ պարզապես ի զորու չեն փոխելու իրենց իսկ հաստատած կարգուկանոնը: Սրա մասին է խոսքը: Իսկ ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանին այս խորհրդակցության ֆոնին բարձրացնելու հարցին, ապա գնահատականը միանշանակ «վատ» է: Պետք է մոլորյալ լինել՝ մտածելու համար, որ բանակի և հասարակության հաշվին միլիարդատեր դարձած զինվորական չինովնիկները այսպիսի խորհրդակցություններից հետո կդառնան դիսցիպլինայի հայրեր: Իսկ եթե Սեյրան Օհանյանն այդ հասարակ բանը չի հասկանում, ապա ինչպե՞ս պետք է հասկանա բարդագույն հասարակական ու քաղաքական երևույթները, որոնց հետ ամեն օր առնչվում է երկրի նախագահը:



Ի դեպ՝ շատ բան պետք չէ բանակում երկաթյա կարգապահություն հաստատելու համար: Պարզապես պետք է մոռանալ PR-վելու մասին և զբաղվել կարգապահություն հաստատելով:



Այն էլ ասենք, որ, բոլորովին կարիք չկա հերթական (շարքային) խորհրդակցությանը կարևորություն տալու նպատակով գրել ի լուր աշխարհի, որ այդ խորհրդակցությանը մասնակցել է Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Քիչ է մնում Մովսես Հակոբյանի ծննդավայրը, ծննդյան թիվը, ընտանիքի կազմն ու տրամադրությունն էլ գրեք: Որքան հայտնի է, պատերազմող երկրներն իրենց գեներալներին այդպես, մինչև վերջ չեն բացահայտում:



Մի խոսքով՝ ՊՆ-ի արածն այս դեպքում ոչ թե ռազմական գործ է, այլ սովորական, մի քիչ էլ նախարարի համար վտանգավոր PR-շչինա:



Էդիկ Անդրեասյան