Եթե իրենց հինգ առաջարկներից նույնիսկ մեկն էլ չընդունվի, ՕԵԿ-ը դեմ կլինի բարեփոխումներին

Եթե իրենց հինգ առաջարկներից նույնիսկ մեկն էլ չընդունվի, ՕԵԿ-ը դեմ կլինի բարեփոխումներին

«Օրինաց երկիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այսիր Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ սահմանադրական բարեփոխումների տեքստը դեռ իրենց չի ներկայացվել, ու չի կարող ասել իրենց դիրքորոշման մասին այդ գործընթացի վերաբերյալ։ Նա նշեց, որ իրենք հինգ առաջարկներ են ներկայացրել, սակայն դեռ պատասխանը չեն ստացել՝ ընդունվե՞լ են դրանք, թե՞ ոչ։



«Եթե մեր հինգ առաջարկներն ընդունվեն ամբողջությամբ, մենք կքննարկենք, թե ինչ դիրքորոշում ենք հայտնում»,-ասաց նա։



Մեր հարցին՝ իրենց առաջարկների մեջ կա՞ կառավարման մոդելի փոփոխություն, պարոն մարգարյանն ասաց, որ իրենց հինգ առաջարկների մեջ է մտնում այն, որ եթե խորհրդարանը պետք է ընտրի նախագահին, ուրեմն բոլոր լիազորությունները պետք է հավասարաչափ բաշխվեն նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի միջև, բացի այդ՝ նախագահը պետք է ընտրվի բացառապես խորհրդարանի կողմից՝ ոչ քիչ, քան ¾ ձայներով։



Նրանք նաև կողմ են 100 տոկոս համամասնական ընտրակարգին, և պնդում են, որ պետք է բացառապես համամասնական ընտրակարգ լինի։



Ըստ Մարգարյանի՝ իրենց հետ միասին նույն դիրքորշումն ունի նաև վերջերս ստեղծված «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միովորումը։
Հարցին, եթե իրենց ներկայացրած այդ հինգ առաջարկներից գոնե մեկը ընդունված չլինի, իրենց դիրքորոշումն ինչպիսի՞ն կլինի, ՕԵԿ-ական պատգամավորն ասաց, որ դեմ կլինեն․ «Մեզ համար անընդունելի կլինեն էդ փոփոխությունները, որովհետև դրանք սկզբունքային հինգ առաջարկներ են»,-ասաց նա։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ