«Գաֆեսճեանի» անտեր թողած շինարարությունն ու անպատասխանատու վարքը

«Գաֆեսճեանի» անտեր թողած շինարարությունն ու անպատասխանատու վարքը

Մոտ 10 տարի է, ինչ Կասկադի վերեւի մասում կիսատ մնացած շինարարություն է։ Փոս կա փորված, հիմքերը գցված են, նույնիսկ կռունկ կա կանգնած, սակայն շինարարություն չի գնում։
Այս հարցով Երեւանի քաղաքապետարանին ուղղված մեր հարցմանն ի պատասխան՝ Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետի աշխատակազմից տեղեկացրին, որ Կասկադի վերին հատվածում գտնվող անավարտ շինարարական հրապարակը պատկանում է «Գաֆեսճեան թանգարան» հիմնադրամին:



2005-2006 թթ․-ին նոր թանգարանի կառուցապատման նպատակով հիմք փորելուց հետո շինարարական աշխատանքները դադարեցվել են առայսօր: Նրանք նաեւ նշել են, որ Երեւանի քաղաքապետարանի կողմից Երեւան քաղաքում մի շարք անավարտ շինարարական օբյեկտների կառուցապատողներին, այդ թվում՝ «Գաֆեսճեան թանգարան» հիմնադրամին, համապատասխան ծանուցումներ էին ուղարկվել շինարարական աշխատանքների վերսկսման հնարավորության եւ ժամկետների մասին տեղեկատվություն տրամադրելու համար, սակայն վերջիններիս կողմից հստակ տեղեկություն չի տրվել:
Ի դեպ, «Գաֆեսճեան թանգարանից» մենք քանի օր է՝ չենք կարողանում մեզ հուզող հարցերի պատասխանն ստանալ։ Նրանք մամուլի պատասխանատու չունեն, ունեն PR գծով մի աշխատակից, ում հետ հաջողվեց խոսել մի քանի փորձերից հետո։ Վերջինս ասաց, որ ինքը չի կարող պատասխանել մեր հարցերին եւ իրավասու էլ չէ, ու առաջարկեց նամակ գրել․ «Մենք չենք կարող որեւէ մեկնաբանություն տալ Ձեզ, մեյլ գրեք ինձ, ես կփոխանցեմ Ձեր հարցերը տնօրինությանը»։



Իսկ հնարավոր չէ՞ տնօրինությունից որեւէ մեկի կոնտակտ տրամադրել կամ փոխանցել իրենց՝ մեր հարցերն անձամբ իրենց ուղղենք, հետաքրքրվեցինք մենք։ Կամ գուցե գտնվի այնպիսի կոմպետենտ անձ, ում հետ հնարավոր լինի հանդիպել ու զրուցել։ Պարզվեց՝ ոչ։
«Չէ, դե դա իմ միջոցով ա արվում, դրա համար ես մեդիայի կոորդինատոր եմ։ Ես պետք ա ուղղեմ Ձեր հարցերը տնօրինությանը, իրենք որոշեն՝ ով է կոմպետենտ կամ ով կարող է պատասխանել կամ չի պատասխանելու։ Ընդամենը այդքանը»,- ասաց «Գաֆեսճեանի» աշխատակցուհին։
Փաստորեն, չի բացառվում, որ իրենց վերաբերող հարցերին նույնիսկ չպատասխանեն։ «Հիանալի» անպատասխանատու մոտեցում թե՛ քաղաքապետարանի ու մայրաքաղաքի, թե երեւանցիների ու լրատվամիջոցների նկատմամբ։



 


Վահե ՄԱԿԱՐՅԱՆ